Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալների հարուստ պաշարով վերադարձավ Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունից՝ նվաճելով 1 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե մեդալ։
125 կգ քաշային կարգում փայլեց և աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի դյուցազուն Լյովա Գևորգյանը։ Հայ մարզկը վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Այդին Ահմադեովին և 2րոպե 34 վայրկյան տևած գոտեմարտում 11:0 հաշվով ջախջախեց նրան:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում այս հաղթանակի կարևորության և առաջիկա ծրագրերի մասին։
-Շնորհավորում ենք Եվրոպայում առաջինը ճանաչվելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մրցաշարին պատրաստվել եմ շատ լուրջ տրամադրված, քանի որ առաջին անգամ էի մասնակցելու երիտասարդական ԵԱ-ին, բացի այդ փոխվել էր քաշային կարգս, պետք է հարմարվեի և վարժվեի այդ նոր ավելացած կիլոգրամներիս։ Նախքան մրցաշարը, ունեցա 3 ուսումնամարզական հավաք՝ Ծաղկաձորում, Ուկրանիայում և Օլիմպավանում։ Օրական մարզվում էի 2-3 անգամ։Գերմանիա մեկնեցի հաղթական տրամադրված, պետք էր այս հաղթանակը և վերջ։
-Մեկը մյուսից տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք՝ մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտալով․ եզրափակչում պարզապես փայլեցիք։ Որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք։
-Իմ կարծիքով բոլոր գոտեմարտերս էլ հեշտ անցան և կարճ տևեցին, ոչ մի մրցակցի միավոր չտվեցի, բացի Ռուսաստանը ներկայացնող մարզիկից։ Ինձ համար ոչ պակաս կարևոր էր նաև ռուս մրցակցիս հանդեպ տարած հաղթանակը, քանի որ նա աշխարհի առաջնության հաղթողն էր, իսկ ադրբեջանցու հանդեպ տարած հաղթանակս իմ պարտքն էր զոհված զինվոր եղբայրներիս, հայրենիքիս և ժողովրդիս առջև, որը ես կատարեցի։
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս հաղթանակն ինձ տվեց մեծ սպորտում մյուս նպատակներիս հասնելու փորձ և վճռականություն։ Երբ հաղթանակած վերադառնում ես հայրենիք, տեսնում ես հարազատներիդ, ժողովրդիդ ուրախությունն ու հպարտությունը, քեզ մոտ ավելիին հասնելու ձգտումը մեծանում է։ Նույնը ես եմ զգում․ ես ուզում եմ հասնել ավելիին, դա իմ երազանքն է, որը նպատակ եմ դարձրել։
-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը հատկապես այս դժվար ժամանակաշրջանում։
-Յուրաքանչյուր մարզիկ մեծ պատասխանատվություն է զգում, երբ միջազգային մրցաշարերի ժամանակ գորգ է դուրս գալիս։ Գորգ մտնելիս մտքումդ միայն մի միտք է․ «Դրոշս ամենավերևում պետք է լինի, հիմնս պետք է հնչի ու վերջ»։ Նաև, միևնույն ժամանակ, գիտես, որ հարազատներդ ու ժողովուրդդ ամբողջ աշխարհից քեզ դիտում են ուղիղ եթերով, դա ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը։
Երբ ամենավերևում տեսնում եմ դրոշս, այդ ժամանակ զգում եմ, որ պարտքս կատարել եմ, նորից հաղթանակած ու գլուխս բարձր եմ ոտք դնելու հայրենիք։
-Ձեր հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունեցին, այն իսկապես շատ անհրաժեշտ էր, հայրենիքում էլ՝ ուրախությամբ դիմավորեցն։ Այս ամենը ոգևորու՞մ է։
- Վերդարձել ենք շատ ուշ ժամի, երբ բոլորը քնած էին, բայց հարազատներս, ընկերներս, մարզիչներս եկել էին դիմավորելու։ Օդանավակայանում ջերմ դիմավորեցին մեզ, ավանդական հաղթանակը խորհրդանշող դափնեպսակներով։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Պատրաստվում եմ օգոստոսին կայանալիք երիտասարդական աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Ռուսաստանում, նախքան մրցաշարը ունեմ 2 ուսումնամարզական հավաք։ Աստված առաջ, հաղթական եմ տրամադրված։