Չինաստանի պանդաների պաշտպանության կենտրոնին կից ազգային արգելոցում հուլիսի 17-ին երկու մեծ պանդա երկու զույգ երկվորյակներ են լույս աշխարհ բերել:
Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, Չժենչժեն անունով պանդան ձագերից մեկին ծննդաբերել է 18:44-ին, երկրորդին` 19:15-ին: Նշվում է, որ երկրորդը արու է և կշռում է 120,7 գրամ:
Հիշեցնենք, որ Չժենչժենը ծնվել է 2007-ին` Սան Դիեգոյի կենդանաբանական այգում և Չինաստան է վերադարձվել 2010 թվականին: 2015-ին պանդան երկվորյակներ է լույս աշխարհ բերել:
Մյուս մեծ պանդան` Սուշան անունով, իր երկվորյակներից առաջինին լույս աշխարհ է բերել նույն օրը 18:52-ին, երկրորդին` 19:34-ին: Երկրորդն էգ է և կշռում է 165,9 գրամ: Սուշանը լույս աշխարհ է եկել 2011 թվականին: 2016-ին մեկ ձագ է ունեցել:
Նորածին երկրվորյակներից յուրաքանչյուրի առաջնեկին կերակրում են մայրերը, իսկ երկրորդներին հոգ են տանում արգելոցի աշխատակիցները: Ներկա պահին բոլորն իրենց լավ են զգում: