f

Անկախ

Կանգնած ենք նոր փուլի՝ գրեթե նոր պետության նախաշեմին, ո՞վ կապ ունի Հայաստանի հետ․ Վահե Հովհաննիսյան


Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձեւավորումն անխուսափելի է, եւ որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«• Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արեւմտյան «մեդրեսեներում» ձեւավորված  դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող  դատաիրավական այլանդակություններին։

• Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող եւ մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը եւ «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։ Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։

• Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սեւ լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։

• Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։

• Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։

• Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։

• Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք եւ տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։ Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի եւ աղետի մեջ։

Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը եւ կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, եւ պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց եւ հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։

Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.

• Եկեղեցին, բազմաթիվ հոգեւորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ եւ համբերատար աշխատում են մարդկանց հետ։

• Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչեւ բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարեւորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։

• Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները եւ ապահովում երկրի կենսունակությունը։

• Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։

• Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։

Ո՞րն է հետեւությունը։

Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական եւ ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր եւ երկրի մասին։

Ո՞րն է հեռանկարը

Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն եւ խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական եւ ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր եւ այլոց մասին։

Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձեւավորումն անխուսափելի է, եւ որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Ակնհայտ է, որ Հայաստանին պետք է լինելու նոր սահմանադրություն, որը կդնի պետության նոր էջի խաղի կանոնները, ակնհայտ է, որ այս  պրոցեսում ձեւավորվելու է հանրային գործիչների նոր շերտ եւ նոր ձեւաչափեր, որոնք պետք է փոխարինեն թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը, եւ նոր պատկերացումներ բերեն պետության, քաղաքականության եւ հասարակական հարաբերությունների մասին։

Հայաստանը զարգացման ուրիշ ճանապարհ չունի։ Մյուսը՝ Հայաստանի չլինելն է»։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին