f

Անկախ

Ամեն մարդ ինքն է իր երջանկության ճարտարապետը. Հոգով հավերժ երիտասարդ՝ Ռազմիկ Օհանջանյանը


Երբ հետադարձ հայացք եմ գցում ապրածս տարիներին, մտածում եմ՝ որքան շատ հիշողություններ ունեմ, որքան բան եմ տեսել, սակայն ակնարկիս հերոսին հանդիպելուց հետո, ով արդեն հասել է 90-ի շեմին, հասկացա, որ ապրածս կյանքի հորիզոնները կորցնում են իրենց հսկայական նշանակությունը 90 տարվա անսահմանության դեմ:

Ռազմիկ պապը՝ Ռազմիկ Հուսիկի Օհանջանյանը, գրեթե մեկդարյա կյանք է ապրել, որի ամեն մի ակնթարթը լի է եղել վայրիվերումներով, հաղթանակներով ու կորուստներով, լաց ու ծիծաղով, անթիվ ու անհամար անուներով, դեմքերով, որոնք կամ խորը արմատներ են գցել հոգու ամենագաղտնի ու տաքուկ անկյուներում, կամ պարզապես անցել են՝ քամու թևին նստած աշնան սառած տերևի նման:

Մայրական կողմի արմատներով պապը Արևմտյան Հայաստանի Խառակոնիս գյուղից է: Նրա աչքերում էլ կա այն ցավի նշույլներից, որ կարելի է տեսնել եղեռն ապրածների սերունդների աչքերում: Ռազմիկ Օհանջանյանի մայրը 1915 թվականի ջարդերից մազապուրծ եղած և Արևելյան Հայաստան հասած մարդկանց թվում է եղել:

Երբ հարցնում եմ, թե ջարդ, կոտորած, ավեր ու արյուն տեսած մայրը ի՞նչ է պատմել անցյալի օրերից, Ռազմիկ պապը լուռ թախիծով մոր ամենատխուր պատմություններից մեկն է հիշում։

«Պապս՝ Տեր Սահակը, եղել է Խառակոնիս գյուղի քահանան: Երբ սկսվել են ջարդերը, նա հավաքել է իր ողջ ընտանիքը՝ կնոջն ու երեք զավակներին և գյուղի մյուս բնակիչների հետ շարժվել դեպի Արևելյան Հայաստան: Ճանապարհին հանկարծ նկատել է, որ կինն ու մանկահասակ որդին, որ մոր գրկում էր, չկան։ Մորս՝Անահիտի հետ, ով այդ ժամանակ 12 տարեկան աղջիկ էր, որոշում են փնտրել տատիս, սակայն, անցած ճանապարհով հետ գնալով, նրա անշնչացած մարմինն են գտնում, իսկ մանկահասակ երեխան գրկում չի լինում։ Ու՞ր կորավ այդ երեխան, հա՞յի, թե՞ թուրքի ձեռք ընկավ, ոչ ոք այդպես էլ չիմացավ։ Մայրս ու պապս իրենց ձեռքերով են հողը փորել ու հենց այդտեղ էլ թաղել տատիս»։

Ռազմիկ պապի պատմությունը լսելով՝ ես ամբողջ մարմնով սարսռում եմ ու քարանում, իսկ պապը լռում է ու թաց աչքերով նայում հեռուն, նայում է անցյալի փոշոտ ու մութ ճանապարհներին։ Կարծես Եղեռն տեսած մոր պատմությունների ամեն մի բառը դաջվել է զրուցակցիս սրտում։

Կարճ լռությունից հետո ամուր բնավորությամբ Ռազմիկ պապը վերագտնում է հանգստությունն ու պատմում, թե ինչպես է Տեր Սահակի ընտանիքը հասել Արևելյան Հայաստան, հաստատվել Երևանից քիչ հեռու գտնվող Գյամբրեզ՝ ներկայիս Կամարիս գյուղում:

«Պապս դարձել է Կամարիս գյուղի եկեղեցու քահանան, հետո եկեղեցական խոռ է ստեղծել, որտեղ էլ բախտի բերմամբ երգել է նաև հայրս՝ Հուսիկը: Նա աղքատ ընտանիքից էր: 1-2 տարի հետո պապս հիվանդանում է ու ընդամենը 15 տարեկան աղջկան՝ Անահիտին ամուսնացնում Հուսիկի հետ, որ իր մահից հետո անտեր չմնա: Այդպես էլ ձևավորվել է մեր ընտանիքը»:

Ռազմիկ պապը հպարտությամբ է նշում, որ թեև հայրը աղքատ ընտանիքից է եղել, բայց կարողացել է պայքարել ու հասնել մինչև Ռայսովետի նախագահի տեղակալի պաշտոնին:

Ընտանիքում չորս երեխաներից ամենափոքրը հենց ինքն է եղել: Հիշում է, որ երբ հայրը 1942 թվականի փետրվարին մեկնել է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելու, ինքը սպիտակ հացը վաճառել ու դրա փոխարեն ավելի շատ սև հաց է գնել, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատևել մինչև հոր վերադարձը:

Սակայն այդ վերադարձը այդպես էլ տեղի չունեցավ: 1943 թվականի հունվարի 13-ին ծանր վիրավորվում ու հենց դաշտային հոսպիտալում էլ մահանում է Հուսիկ Օհանջանյանը՝ ընտանիքին թողնելով աղավաղված ձեռագրով գրված մի նամակ, որի մեջ ամփոփել էր ամուսնու ու հոր իր ողջ սերը:

Ռազմիկ Օհանջանյան

Մանկության ու պատանեկության դաժան օրերը չեն կարողանում կոտրել Ռազմիկ Հուսիկովիչին: Հոր պայքարող բնավորությունը ժառանգած պատանին կարողանում է ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարա-ճարտարապետական ֆակուլտետը, սովորում է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցում, ԽՍՀՄ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայում: Ռազմիկ պապը ավելի քան 20 տարի Մոսկվայում և արտասահմանում զբաղեցրել է դիվանագիտական պատասխանատու պաշտոններ, այնուհետև դասախոսական աշխատանքով զբաղվել Երևանի Պետական համալսարանում և այլ բուհերում: Հասցրել է բազմաթիվ գրքեր հեղինակել:

Հարց է առաջանում, իսկ այսքան զբաղված լինելով, Ռազմիկ պապը ե՞րբ է հասցրել սիրահարվել: Պարզվում է դրա համար հատուկ ժամանակ պետք չէ: Ինչպես շատերի դեպքում, Ռազմիկ պապին էլ է սերը՝ Էլլա անունով, հանկարծակի այցելել ու նրա սրտում հաստատվել հավիտյան: Երբ հարցնում եմ, եթե հնարավորություն ունենար, կյանքի ո՞ր պահը կցանկանար կրկնել, նա մի պահ մտածում է, ապա հստակ պատասխան տալիս:

Ռազմիկ Օհանջանյան

«Շատ առիթներ կցանկանայի, որ կրկնվեին իմ կյանքում: Կուզեի, որ կրկնվեր այն պահը, երբ ես առաջին անգամ հանդիպեցի իմ գեղեցկուհի ապագա կնոջը: Առաջին իսկ պահին, երբ ես տեսա այդ օրիորդին, պարզապես ցնցվեցի, խելագարվեցի»:

Այդ ցնցումն ու սերը երբեք էլ չեն մարել Ռազմիկ պապի սրտում, ու ինչպես նշում է նա, արդեն երկար տարիներ ինքն ապրում է սիրահարված իր Էլլային: Նրանք միասին են կիսել կյանքի բոլոր ուրախություններն ու դժվարությունները, բայց պապը կնոջ ու ընտանիքի մասին իր հիշողություններում հասնում է մի կետի, որտեղ ձայնը սկսում է թրթռալ, ու ես էլի նրա ծերացած աչքերում արցունքներ եմ նկատում:

«Որդիս՝ Սերգեյը, 27 տարեկանում մահացավ: Նրա անսպասելի մահը կոտրեց ինձ ու կնոջս: Ես արդեն 35 տարի է դիմանում եմ այդ ցավին, բայց Էլլան դիմացավ ընդամենը 20 տարի, մահացավ ու ցավի հետ ինձ մենակ թողեց»:

Ռազմիկ պապը այժմ կնոջ ու որդու սերը հավասարապես բաժանում է մյուս որդու, թոռների ու միակ ծոռան միջև: Այն սենյակում, որտեղ Ռազմիկ պապը սիրում է նստել ու ռադիոընդունիչով դասական երաժշտություն լսել, դրված են իր որդիների, թոռների, հարազատների նկարները: Գուցե՞ մենակ մնալիս պապը հաճախ զրուցում է նրանց հետ ու վերհիշում անցյալի երջանիկ օրերը:

Նա իր կյանքի մի քանի տարիները նվիրել է որդու՝ Սերգեյի գրքերը հրատարակելուն: Հպարտաությամբ է խոստովանում, որ որդին լավ արձակագիր է եղել: Որքա˜ն սեր ու թախիծ կա Ռազմիկ պապի արտաբերած ամեն մի հնչյունում, երբ ինձ պատմում է որդու մասին և ցույց տալիս նրա նկարները: Գուցե չկարողանամ նկարագրել այդ թախիծը: Այն պատկերացնելու համար կրկին պետք է Ռազմիկ պապի աչքերի խորքը նայել. այնտեղ միշտ ապրում է Սերգեյը:

Ռազմիկ Օհանջանյան

Թոռան անունը ևս Սերգեյ են դրել. «Հավերժության խորհրդանիշ է»,- ասում է պապը,- «Թոռներս ինձ երկրորդ կյանք տվեցին ու ստիպեցին չհանձնվել»:

Զրույցի ընթացքում հետաքրքրվում եմ, թե հորից կամ պապից չի՞ ժառանգել երգելու տաղանդը. չէ՞ որ պապը քահանա է եղել, հայրը երգել է մանկական խոռում, ու երկուսն էլ լավ ձայն են ունեցել: Հարցնում եմ ու սպասում, որ իմ առաջ նստած 90-ամյա պապը ժխտական պատասխան կտա, բայց նույն վայրկյանին քարանում եմ զարմանքից. նա սկսում է երգել Սայաթ Նովա: Լսում եմ այդ մեղեդին ու հասկանում, որ տարիները չեն կարողացել ազդել նրա խրոխտ ու ազդեցիկ ձայնի վրա: Սայաթ Նովայի «Քանի վուր ջանիմ» խաղը Ռազմիկ պապի կատարմամբ ինձ մի պահ կտրում է իրականությունից, երգի ամեն մի հնչյունը օդը լցնում է հետաքրքիր խորհրդավորությամբ:

Պապն ավարտում է երգելը: Ես մի պահ նորից կորցնում եմ խոսելուս կարողությունը, հուզմունքը սեղմում է կոկորդս, իսկ նա խնդրում է խիստ չդատեմ՝ չէ՞ որ արդեն 90 տարեկան է:

Պատմում է, որ երբ Եգիպտոսում Սովետական միության հյուպատոսն է եղել, մի անգամ դեսպանատանը հավաքույթի ժամանակ բոլորին զարմացրել է իր այս թաքնված տաղանդով:

«Հոկտեմբերյան հեղափոխության օրն էինք նշում դեսպանատանը, երբ հանդիսավարը հայտարարեց, որ այժմ երգելու է Ռազմիկ Օհանջանյանը: Բոլորը սկսեցին ծիծաղել, քանի որ ինձ որպես լուրջ մարդու գիտեին, իսկ երբ սկսեցի երգել, պապանձվել էին հիացմունքից»:

Երբ հարցնում եմ՝ բացի ինձնից ու Կահիրեի դեսպանատան աշխատակիցներից, էլ ու՞մ է զարմացրել ու հիացրել երգելով, Ռազմիկ պապի փոխարեն զարմուհին է պատասխանում, որ ամբողջ զրույցի ընթացքում լուռ հետևում էր մեզ ու ժպտում. չէ՞ որ բոլոր պատմությունները պապի մասին անգիր գիտի, գուցե պապից էլ լավ: Զարմուհին պատասխանում է, որ Ռազմիկ պապը երգում է իրենց տուն եկած հյուրերի համար, երգում է իր ծննդյան տոներին:

«Պապ մի քանի օրից ծննդյանդ 90-ամյակն է, կերգե՞ս այդ օրը»,-հարցնում եմ ես

«Չէ»,-պատասխանում է պապը՝ մի պահ ինձ զարմացնելով,-«90-ն ի՞նչ տարիք է, որ երգեմ: 100 ամյակիս եմ երգելու»:

Հարցնում եմ, թե հիմա օրվա ընթացքում ինչով է զբաղվում: Նա ժպտում է ու ասում, որ առավոտից մինչ երեկո իր բոլոր գործողությունները կոնկրետ ժամեր ունեն: Ռազմիկ Օհանջանյանը հստակ գիտի, թե քանիսին է արթնանում, քանիսին սկսում իր առավոտյան նախավարժանքը, հետո նախաճաշ, հանգիստ…

«Իմ ռադիոընդունիչը 9 ալիք ունի, ես հետևում եմ նորություններին, երաժշտություն լսում, հետո բակում զբոսնում, հեռախոսով խոսում ընկերներիս հետ…»

Պապը դադարում է պատմել: Ընկերներից շատերն արդեն հեռացել են կյանքից ու այսօր քչերը կան, ում կարող է զանգել ու հարցնել՝ ինչպես են գործերը:

Հետո հասկանում եմ, որ չնայած զրուցակիցս օրվա մեծ մասը մենակ է մնում (Ռազմիկ պապի որդու ընտանիքը ապրում է արտերկրում, նա ապրում է զարմուհու հետ), բայց հիշողությունները հաստատ չեն թողնում, որ ձանձրանա:

Մի քանի գրքերի հեղինակ Ռազմիկ պապից հետաքրքրվում եմ, թե որն է իր երկարակեցության գաղտնիքն ու ստանում եմ հստակ պատասխան:

«Մարդ պետք է ճիշտ ապրի, հոգով լինի ազնիվ, քիչ ստի, ամեն ինչի մեջ լինի չափավոր: Ամեն մարդ պետք է հասկանա, որ յուրաքանչյուրի երջանկության ճարտարապետը հենց ինքն է»:

Մասնագիտությամբ շինարար-ճարտարապետ Ռազմիկ պապն ունի նաև երջանկության իր յուրօրինակ սահմանումը. «Երջանկությունը խաղաղ երկինքն ու առողջ ընտանիքն է»,-ասում է ու հորդորում, որ լավ հիշեմ:

Հաստատ կհիշեմ ու կհիշեմ ոչ միայն պապի այս խոսքը, այլ նրա զարմանալի ու հետաքրքիր կյանքից շատ ու շատ դրվագներ, որոնք ներկայացնելու համար օրեր ու գուցե տարիներ են պետք:

Ռազմիկ Օհանջանյան Ակնարկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին