Փաշինյանին ու փաշինյանականներին նրանց տերերի տված հիմնական հանձնարարությունը հետևյալն է. աճեցնել, դաստիարակել ու բազմացնել չդիմադրող ու չպայքարող հայի՝ թրքահպատակ «ռայայի» արդեն բավականին մոռացված տեսակը, որը զուրկ է ազգային արժանապատվությունից, օտարահպատակությունը դիտում է որպես միակ ու լավագույն գոյաձև, իսկ հայրենիքը, ազատությունն ու անկախությունը՝ անլուրջ և երևութական կատեգորիաներ։
Այդ իսկ նպատակներով կրիտիկական իրավիճակում Փաշինյանը փորձում է ներշնչման միջոցով մարդկանց արհեստականորեն քնեցնել ու միաժամանակ հիմարացնել։ Այս դժնդակ օրերին՝ Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի ծավալվող ագրեսիայի պայմաններում Փաշինյանը շարունակում է ցնդաբանել «տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի» և իր այդ փուչ «ռազմավարական գիծն» է՛լ ավելի առաջ մղելու անհրաժեշտության մասին։ Նա բարբաջում է նաև Թուրքիայից իբր եկող որոշակի դրական հրապարակային ազդակների և դրանց «դրական ազդակով պատասխանելու» իր մտադրությունների մասին (https://news.am/arm/news/660090.html)։
Սա սովորական հիպնոս է, որը, սակայն, ունի հակապետական ու հակազգային հանցավոր նպատակներ։ Ո՞վ, ո՞ր ուժն է կարողանալու հասարակության կամքն ազատագրել այս ճնշված ու հիպնոսացված վիճակից։
Հ.Գ. Ցավոք, արդեն պարզ է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում կամ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ դիմել համարժեք օրինական հակազդող քայլերի, թեև տիրապետում է մեծ ռեսուրսների։ Ինչպես շատ հանգիստ խղճով կանխագուշակեց Ռոբերտ Քոչարյանը, իր (ի՞ր) գնահատմամբ, դեռ մեկուկես տարի էլ նիկոլենք են իշխելու։ Ա՛յ հետո (հավանաբար, երբ արդեն հայկական պետականությունը կործանված կլինի), կգա արդեն պետական ղեկին «ըննդիմության» տիրելու ժամանակը։ Հեյ վա՜խ, սպարապե՛տ...