f

Անկախ

Կրթությունը՝ իրականությունից կտրված և առանց ռազմավարության


Հերթական ուսումնական տարին ենք սկսում առանց կրթության ռազմավարության՝ չիմանալով, թե ինչ ուղղությամբ և ուր է ընթանում մեր կրթական համակարգը։ Չկա նաև կրթական օրակարգ, որը հիմնված կլինի համավարակի և պատերազմի դասերի, նոր իրողության պահանջների վրա։ Ավելին, ուսուցիչների գործն էլ ավելի է բարդացել․ ԱԺ-ում ընթացող «առանց կանոնների մարտերի», հանրային և պետական  մակարդակում համատարած հայհոյանքի, խոսքի ու գործի հակասության պայմաններում նրանք աշակերտներին պետք է համոզեն, որ կրթությունը կարևոր է, որ հաջողության հասնելու համար պետք է ունենալ լավ կրթություն։

 «Անկախը» զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որոնք են ուսումնական տարվա մեծագույն մարտահրավերները և ինչպես է համավարակն անդրադարձել կրթության որակի վրա։

Եվ ուսուցչի, և աշակերտի բեռը մեծանում է

Ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի առկա սկզբունքով։  Դասարանները, որոնք ունեն 20-ից ավել աշակերտ, կկիսվեն, հետևաբար դասերն էլ կկազմակերպվեն օրումեջ սկզբունքով։

Կրթության փորձագետի խոսքով՝ եռօրյա ուսումնական շաբաթն ունի և դրական, և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ կիսված դասարանների պարագայում աշակերտների թվաքանակը փոքր է, և ուսուցիչը հասցնում է բոլորին անհատական մոտեցում ցուցաբերել, ուշադրություն հատկացնել։ Իսկ բացասական կողմերը մի քանիսն են։ Նախ, փոքրաթիվ աշակերտներով դասարանները սոցիալականացման առումով են խնդիրներ ստեղծում։ Եթե նախկինում աշակերտը շփվում էր, օրինակ, 25 դասընկերների հետ, ուսուցչից բացի սովորում նաև նրանցից, ապա այս պարագայում շփման շրջանակը սահմանափակվում է 12-ով։ «Դեպքեր գիտեմ, երբ երեխաներն սկսել են  ավելի վատ սովորել, որովհետև իրենց դասարանը կիսվում է,  և հիմա հնարավորություն չունեն շփվելու իրենց մյուս դասընկերների հետ»,- ասում է Խաչատրյանը։

Նա նշում է, որ դասարանները կիսելու սկզբունքը դժվարացնում է նաև ուսուցչի աշխատանքը։ Նախ, ուսուցիչը ստիպված է լինում մեկ օր ավել աշխատել՝ 6-օրյա ռեժիմով։ Բացի այդ, ստիպված է լինում խտացնել ծրագիրը և պահանջվող վերջնարդյունքն ապահովել կրկնակի քիչ ժամանակահատվածում։ «Ենթադրենք, դասընթացի համար նախատեսված է 34 ժամ։ Այս պարագայում ուսուցիչը 17 դասաժամ է անցկացնում աշակերտներից յուրաքանչյուրի հետ՝ փորձելով ապահովել նույն այն արդյունքը, որը նախկինում կրկնակի ավել ժամաքանակով էր ապահովում»,- ասում է նա։

«Սա դժվարություն է և ուսուցչի,  և աշակերտի համար»,- ասում է նա։

Կունենանք անգրագիտության ավելի բարձր ցուցանիշ

Կրթության փորձագետի կարծիքով՝ համավարակային շրջանի կրթության բացասական հետևանքները դեռ կզգանք ապագայում, քանի որ այս ամենն իր հետքն է թողել կրթության որակի վրա։ «Այս իրավիճակը հատկապես բացասաբար է ազդել կրտսեր դպրոցականների վրա։Նրանց մոտ կարող է արձանագրվել անգրագիտության ավելի բարձր տոկոս, քան նախկինում էր արձանագրվում»,- ասում է նա։

Խաչատրյանը շեշտում է՝ բացասական հետևանքներն անխուսափելի են, քանի որ  բաց թողնվածը փոխհատուցելու ծրագրեր չեն իրականացվում։ «Դա կարելի էր անել երկարօրյաների կամ ամառային դպրոցների միջոցով։ Կարող էին ընդգրկվել կրտսեր դպրոցականները կամ երեխաների որոշ խմբեր։ Լրացուցիչ պարապմունքներից երեխան պետք է ստանար այն, ինչը դպրոցից չէր ստացել համավարակի հետևանքով»,- ասում է Խաչատրյանը։ Նրա համոզմամբ՝ որոշ ընտանիքներ իրենց երեխաներին լրացուցիչ պարապմունքների կուղարկեն, իրենք կօգնեն դասապատրաստման հարցում՝ այդպիսով լրացնելով դպրոցական կրթության բացը։ Սակայն աշակերտների մի ստվար զանգված ամբողջությամբ կախված է դպրոցական կրթությունից։ «Բացը լրացնելու համար այդ երեխաները ոչ ինքնուրույն կսովորեն, ոչ էլ կկարողանան ընտանիքից աջակցություն ստանալ։ Արդյունքում ունենալու են ավելի մեծ հետընթաց, քան նախկինում էր,- ասում է նա։ -Գլոբալ առումով էլ բազմիցս հայտարարվել է, որ  կորոնավիրուսը բացասաբար է  ազդում հատկապես աղքատ ընտանիքների երեխաների վրա, և այս խոցելի խումբը պետք է փոխհատուցող աջակցություն ստանա, ինչը չի արվում»։

Հարցին, թե ինչու չի արվում, Խաչատրյանը պատասխանում է, որ ենթադրաբար ֆինանսական խնդիրների պատճառով․ ուսուցիչներին պետք է վճարել հավելյալ աշխատանքի համար։

Նոր իրավիճակին համապատասխան կրթական օրակարգ չունենք

Օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը  շեշտում է, որ դպրոցներն անցել են համավարակի և պատերազմի բովով։ Չնայած այս հայտարարությանը, նոր իրավիճակին համապատասխան կրթական օրակարգ ձևավորված չէ։

«Կառավարության նոր ծրագրի կրթության հատվածում  որևէ բառ չկա ոչ պատերազմի, ոչ համավարակի մասին։ Այսինքն, այնպիսի տպավորություն է, որ այս ծրագիրը գրված է սովորական վիճակում գտնվող մի երկրի համար։ Որևէ առանձնահատուկ մոտեցում չկա՝ պայմանավորված  պատերազմով կամ համավարակով։ Նման բան չկա  նաև ընթացիկ գործողություններում։ Չեմ հանդիպել որևէ նյութ, որ ուսուցիչներին որպես մեթոդական օգնություն կծառայի, թե ինչպես երեխաների հետ խոսեն՝ հաշվի առնելով տրավմաները»,- ասում է նա։ Կրթության փորձագետը հարց է բարձրացնում՝ օրինակ, հայոց պատմության դասաժամերին ինչպե՞ս պետք է ներկայացվի արցախյան ազատամարտը և հաջորդող պատմությունը «Գրքում մի բան է գրված, ներկայում ունենք այլ իրավիճակ։ Այս թեմաներից խուսափել հնարավոր չէ։ Եվ այս պահի դրությամբ դրանք թողնված են ուսուցչի հայեցողությանը, և որևէ մեկը չգիտի, թե ուսուցիչն ինչպես է արձագանքում դասագրքերի և իրականության անհամապատասխանությանը։ Մինչդեռ այստեղ պետք է համակարգային մոտեցում»։

Խաչատրյանը շեշտում է՝ համավարակը և պատերազմը դասեր են, որոնք պետք չէ անտեսել։ «Եթե  շարունակենք դասագրքում գրվածն անգիր անելով առաջ գնալ, իբր բան չի  եղել, դա  աշակերտների մոտ էլ ավելի թերահավատ մոտեցում կառաջացնի կրթության նկատմամբ, նրանք կմտածեն, որ կրթությունը թղթի վրա գրված բան է, իսկ կյանքը մի այլ բան»։

Գնում ենք՝ չիմանալով, թե ուր

Խաչատրյանի կարծիքով՝ մեր կրթական համակարգի մեծագույն խնդիրը շարունակում է  լինել ռազմավարության բացակայությունը։ «Մեր կրթության համակարգը ևս մեկ ուսումնական տարի սկսում է առանց ռազմավարության, նորից մեզ համար անհասկանալի է մնում, թե  ինչ ուղղությամբ է գնում մեր կրթական համակարգը,- ասում է նա։-Կրթության ոլորտում փորձում ենք խոսել ծառերի մասին՝ չափորոշիչներ, վերապատրաստումներ, բայց անտառը չկա»։

Նա շեշտոմ է՝ եթե մենք լինեինք Շվեդիայի կամ Նորվեգիայի նման կայացած պետություն կայացած համակարգերով, գուցե իսկապես մեզ ոչ էլ պետք լիներ ռազմավարություն․ «Բայց Հայաստանի նման երկրին դա պետք է, քանի որ մենք չունենք նորմալ համակարգեր, և պարզ չէ, թե մենք ուր ենք գնում, մարդիկ չեն հասկանում, թե համակարգն ինչ ուղղությամբ է ընթանում»։

Հարցին, թե ինչու չի ընդունվում այդ փաստաթուղթը, Խաչատրյանը պատասխանում է՝  ռազմավարություն ունենալու համար  պետք է լինի մարդկանց մի խումբ, որը կայուն ռազմավարական պատկերացումներ կունենա համակարգի մասին, ինչը մենք չունենք։

« Մեր կրթական համակարգը  նման է մի կառույցի, որի տանող սյուները չկան։ Տանիքի հատվածը նախարարության ղեկավարությունն է, որը պարբերաբար փոխվում է, և կան ներքևում գտնվողներ՝ դպրոցներ, բուհեր, քոլեջներ, մանկապարտեզներ։ Մեզ պետք է մարդկանց մի խումբ՝ տանող սյուներ, որոնք ներքևն ու վերևը կկապեն միմյանց։ Բայց քանի որ այդ սյուները չկան, վերևներում  գրված թղթերը դառնում են ընդամենը շարադրանք՝ որևէ ազդեցություն չունենալով, իսկ իրական կյանքն այլ հունով է ընթանում»,- ասում է նա։

Կրթությունը շարունակում է մնալ արժեզրկված

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ մեծագույն խնդիր է նաև  այն, որ Հայաստանում կրթությունը շարունակում է մնալ արժեզրկված․ «Մեծ թվող երեխաներ, ուսանողներ սեպտեմբերի մեկին իրենց ուսումնական հաստատություն են գնալու՝ համոզված, որ սովորելը սուտ է, որ հաջողության կարելի է  հասնել նաև առանց սովորելու։ Հայաստանի ուսուցիչներն այսօր շատ դժվար խնդրի առաջ են կանգնած։ Իրենք ոչ միայն իրենց առարկան պետք է  սովորեցնեն, այլ նաև կարողանան կոտրել այդ կարծրատիպերը»։

Կրթության փորձագետի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար պետք են ոչ թե վերապատրաստումներ, այլ երկրի միջավայրը պետք է ներդաշնակեցվի կրթությանը։

«Երբ կրթության ոլորտում մի բան ես ասում, իսկ երկրում  մեկ այլ բան է տեղի ունենում, երբ դասարանում խոսում ես կրթվածությունից, քաղաքավարությունից, իսկ Ազգային ժողովի պատգամավորները  բոլորի աչքի առաջ իրար ծեծում են, երբ դպրոցի պատերից դուրս այսպիսի բաներ են տեղի ունենում, ուսուցչի գործը դպրոցի պատերից ներս դժվարանում է,- ասում է Խաչատրյանը։-Եթե ուզում ես  լավ կրթություն ունենալ,  ապա երկրում լավ միջավայր և լավ օրինակներ պետք է ունենաս»։

Բարեփոխումները բավարար արդյունք չեն ապահովում, քանի որ ունենք երկու զուգահեռ իրականություն

Ամփոփելով կրթական համակարգի խնդիրները և դրանց պատճառները՝ Խաչատրյանն ասում է․ «Մեր բարեփոխումներն ընթանում են մի գծով, իսկ իրականությունը զուգահեռ գծով, մենք  ունենք երկու զուգահեռ իրականություն՝  գիրք ենք փոխում, ծրագիր ենք մշակում, վերապատրաստումներ ենք անում, դա մի ուղղությունն է, բայց կա  մեկ այլ գիծ, որով ռեալ կյանքն է ընթանում։  Եթե այս երկու գծերն իրար  չեն հանդիպում, ոչինչ չի փոխվում, սա է խնդիրը» ։

Սերոբ Խաչատրյան կրթության որակ դպրոց կորոնովիրուսի վնասները խմբագրի ընտրանի

Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Ավելին
Ավելին