f

Անկախ

Արտյոմը գնում էր եղբոր վրեժը լուծելու. ճանապարհին ինքն էլ զոհվեց


Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց երկու եղբայրների՝ Ռոբերտ և Արտյոմ Հովհաննիսյանների կյանքը: Ռոբերտն ընդամենը 21 տարեկան էր, Արտյոմը՝ 20: Տղաներն Արթիկից էին: Երկուսն էլ զինվորական ծառայության մեջ էին, ծառայում էին Ասկերանում և 2 ամսից պիտի զորացրվեին, երբ պատերազմը սկսվեց: Ռոբերտը ծառայության էր գնացել «Ես եմ» ծրագրով և ծառայել էր գրեթե 3 տարի:

«Սեպտեմբերի 26-ին խոսեցինք, էնքան ուրախ-զվարթ էին,-հիշում է զոհված հերոսների մայրը՝ Նարինե Գրիգորյանը,-երբ առավոտյան իմացա՝ պատերազմ է սկսվել, արագ զանգեցի, չպատասխանեցին: Նրանց արդեն տարել էին Աղդամ, իսկ հետո Ռոբերտին՝ որպես ավելի փորձառու զինծառայող, տարել էին Ջաբրայիլ՝ առաջնագիծ»:

Մայրն ասում է, որ Ռոբերտը շատ ակտիվ էր և միշտ աչքի էր ընկել իր ակտիվությամբ, 7-8 զենքի է տիրապետել, ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել:

«Երբ պատերազմի հաջորդ օրը կարողացա հետները կապ հաստատել, նրանց ձայնի մեջ ոչ մի վախ չկար, ուրախ էին, ոգևորված, ինձ ասում էին՝ բան չկա, հանկարծ չմտածես»:

Հոկտեմբերի 10-ին Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր էին: Ռոբերտն էլ մարտերի կիզակետում էր: Այդ օրը նկատում է, թե ոնց է թշնամին մի քանի հարյուր հոգանոց զորախմբով առաջ գալիս դեպի իրենց դիրքեր: Գլուխը խրամատից հանում է և բարձր ձայնով գոռում, որ ընկերները տեղեկանան: Թշնամու դիպուկահարը նրան անմիջապես նկատում է ու կրակում: Ռոբերտն ընկնում է: Երբ բժիշկը շտապում է նրան օգնության, բժշկին էլ են խփում: Շուտով թշնամին հասնում է դիրքեր ու գրավում: Ջրականն անցնում է թշնամու վերահսկողության տակ, իսկ տղաների դիերը մնում են այնտեղ:

Երբ եղբայրը՝ Արտյոմը, իմանում է, որ Ռոբերտը զոհվել է, Ասկերանից անմիջապես դուրս է գալիս և փոխանակ տուն գնալու, հարազատներին եղբոր մահվան լուրը հաղորդելու, հոկտեմբերի 12-ին դեպի Հադրութ ուղևորվող 200 հոգանոց զորախմբի հետ ճանապարհ է ընկնում Հադրութ Ռոբերտի վրեժը լուծելու, նաև այն հույսով, որ կկարողանա եղբոր դին դուրս բերել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից:

«Արտյոմի հետ խոսեցի,  ինձ ասաց, որ գնում է Ռոբերտի մոտ,-պատմում է մայրը,-ասացի՝ ախր էնտեղ շատ վտանգավոր է, ծանր մարտեր են, մի գնա, ասաց՝ չէ, պիտի գնամ: Բայց նույնիսկ ձայնի տոնից չզգացի, որ եղբոր հետ ինչ-որ բան է եղել, փորձում էր ուրախ տոնով խոսել»:

Ճանապարհին թշնամին պայթեցնում է Հադրութ գնացող հայկական զորախումբը, բոլորը զոհվում են: Զոհվում է նաև Արտյոմը՝ եղբոր վրեժը չլուծելով, նրա դին դուրս չբերելով, եղբոր զոհվելու լուրն այդպես էլ մորից գաղտնի պահելով:

«Երկու օր հետո Արտյոմիս դիակը բերեցին: Իսկ Ռոբերտից որևէ լուր չունեի, սկսեցինք փնտրել նրան»:  

Ռոբերտին փնտրում են օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, բայց ապարդյուն: Մի օր էլ մայրը համացանցով մի նամակ է ստանում: Ադրբեջանցի էր գրողը: Ասում է, թե որդին գերության մեջ է, Ադրբեջանի բանտում է գտնվում: «Ասաց՝ 5000 դոլար ուղարկի, տղուդ կնկարեմ, վիդեոն կուղարկեմ, կտեսնես: Կասկածում էի, որ ճիշտ է ասում: Հետո սկսեց վիդեոներ ուղարկել. ինչ-որ մութ սենյակ էր, ու իբր ինքը հարց էր տալիս, Ռոբերտն էլ պատասխանում էր, բայց ոչ տղայիս դեմքն էր երևում, ոչ էլ ձայնն էր նման»:

Հարազատները հասկանում են, որ տեսանյութերը կեղծ են, չնայած հոգու խորքում մայրը հույս էր փայփայում, որ որդին ողջ է, գերության մեջ, և շուտով նրանից լուր կունենա:

Մի օր էլ Ազիզ Մուրադով անունով մեկն է մորը նամակ գրում: Այս անգամ հարազատները դիմում են Ազգային անվտանգության ծառայություն, քանի որ տղամարդը տարօրինակ և անբարո առաջարկներ էր անում: Օրեր անց հեռուստացույցով տեսնում են, որ ԱԱԾ-ն բռնել է Ազիզ Մուրադով կեղծանունով անձին, որը հայ էր, բայց հանդես էր գալիս որպես ադրբեջանցի՝ զոհված տղաների հարազատներին տեղեկություններ հաղորդելու կեղծ խոստումով:

Որոնումների երկար ու տանջալից ամիսների ընթացքում Ռոբերտի ընկերներն են ի հայտ գալիս և որոշակի տեղեկություններ են հաղորդում նրա մասին՝ պատմելով, որ տեսել են, թե ինչպես է զոհվել:

Հունվար ամսին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից Ռոբերտի մասունքները հայտնաբերվում են, իսկ փետրվարի 11-ին ԴՆԹ-ով տվյալները հաստատվում են: «Ես էդպես էլ Ռոբերտիս չտեսա: Ընկերներն են տեսել, ասացին՝ մի քանի ոսկոր են գտել…»:

Երկու որդիների կորստից հետո տիկին Նարինեի միակ լուսավոր կետն այսօր փոքր որդին է՝ Գագիկը, որն ընդամենը 5 տարեկան է:

«Ռոբերտը 17 տարեկան էր, երբ Գագիկը ծնվեց: Շատ կապված էին իրար հետ, իրենք էին փոքրին խնամում: Գագիկը Ռոբերտին պապա էր ասում: Հիմա էլ ամեն օր զանգում է եղբայրների հեռախոսներին, ասում է՝ մամա, խի՞ են անհասանելի, կարողա՞ համարները փոխել են: Միշտ սպասում է նրանց: Չնայած մեկ-մեկ էլ ասում է՝ Աստված պապիի մոտ են»:

Տիկին Նարինեն Ռոբերտին ու Արտյոմին միայնակ է մեծացրել. փոքր էին, երբ ամուսնալուծվեց: Ամուսինն ամուսնացավ, ինքը որդիների հետ միայնակ մնաց: Տարիներ հետո ինքն էլ ամուսնացավ, ու երբ ծնվեց փոքր որդին, երեքին միասին մեծացրեց:

Պետության կողմից զոհված որդիների համար տրվող գումարի կեսը փոխանցվել է տղաների հորը, մյուս կեսով տիկին Նարինեն Երևանում՝ Նորքի հանրակացարաններից մեկում, մի փոքրիկ բնակարան է գնել, որպեսզի փոքր որդին հետագայում կացարան ունենա: Պետությունը, սակայն, չի փոխանցել Ռոբերտի՝ «Ես եմ» ծրագրով նախատեսված 5 միլիոն դրամը: «Սկզբում ՊՆ-ն ընդհանրապես հրաժարվեց տալ, ասացին՝ Ձեր տղան զոհվել է, նրան չի հասնում: Հետո դիմեցինք ՄԻՊ-ին, էնտեղ ասացին, որ այդ գումարը պետությունը պարտավոր է վճարել, քանի որ պայմանագրում չկա որևէ կետ, որ զոհվելու դեպքում գումարը չի վճարվում: Հիմա էլ ՊՆ-ից ասում են, թե բյուջեում փող չկա, կլինի՝ կտանք»:

Մոր համար սկզբունքի հարց է այդ գումարը ստանալը, քանի որ որդին հատուկ այդ ծրագիրն էր ընտրել, 2 տարվա փոխարեն ծառայել էր 3 տարի, որպեսզի վերջում այդ 5 միլիոն դրամով ու հիփոթեքով բնակարան գներ:

«Դա նրա քրտինքն էր, իմ որդին այդ գումարը վաստակել է, իր կյանքն էլ զոհել, պետությունը պարտավոր է այդ գումարը տալ: Եթե իմ որդին սովորական ծառայությունն ընտրեր ու ծառայեր 2 տարի, պատերազմից մեկ տարի առաջ զորացրված կլիներ»:

Ռոբերտը սիրած աղջիկ ուներ, արցախցի էր: Որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո սիրած աղջկան վերցնելու է, գա Հայաստան, ամուսնանան: Բայց մայրն ընդամենը մարմնի մի քանի մասունք ստացավ որդուց ու նրա երկու զինվորական գլխարկները:

Տիկին Նարինեն որդիներին հուղարկավորել է նրանց ծննդավայրում՝ Արթիկում: Աշխատանքի բերումով ինքն այսօր ապրում է Երևանում և իր ցավն ամոքելու, որդիների հետ մենակ մնալու համար հաճախ է այցելում Եռաբլուր: Ասում է՝ հիմա իր հարազատները Եռաբլուրում սգացող որդեկորույս մայրերն ու քույրերն են, նրանց հետ է միայն հոգին խաղաղվում ու սփոփվում: «Մյուսները բոլորն էլ իրենց կյանքով շարունակում են ապրել: Ինչ եղավ, մեր երեխեքին ու մեզ եղավ»,-հոգոց է հանում նա:

Թուրքերի հետ բարեկամություն անել ցանկացողներին տիկին Նարինեն հիշեցնում է՝ իրենց որդիների արյունը ուրացողը Աստծուց է իր դատաստանը գտնելու:

«Եթե իմ երեխեքն էլ տուն եկած լինեին, ես էլի թուրքին չէի ների ու նրա հետ բարեկամություն չէի անի: Բա մյու՞ս երեխեքը: Ո՞նց կարող ենք մոռանալ էտ երեխեքի թափած արյունը, Եռաբլուրը: Թուրքի հետ մենակ սրբություն չունեցողը կարող է բարեկամություն անել»,-ամփոփում է որդեկորույս մայրը:


 

 

 

 

Ռոբերտ Հովհաննիսյան Արտյոմ Հովհաննիսյան զոհված զինվորներ հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին