f

Անկախ

Սերժը զոհվեց 20-ամյակից 2 օր անց՝ մահից առաջ փրկելով ընկերոջ կյանքը


Տիկին Արմինեն ամեն օր այցելում է որդուն՝ Եռաբլուր: Նստում է նրա շիրիմի մոտ, երկու բաժակ սուրճ դնում, մեկն՝ իրեն, մյուսը՝ որդուն, ու զրուցում են: Որդու ներկայությունն իր կյանքում ամեն վայրկյան է զգում, վստահ է՝ նա էլ իրեն է տեսնում, լսում ու զգում:

Հիմա, երբ Եռաբլուրը բետոնապատվում է, այնպիսի զգացողություն ունի, կարծես տղաները բետոնի տակ խեղդվում են: Չնայած իրենց ասել են, որ հենց շիրիմի վրա բետոն չի լցվում, կողքի հատվածներում են անում, որ հողը շուտ չնստի, բայց մեկ է, բետոնապատվող Եռաբլուրը ծանր ապրումներ է թողնում:

Սերժ Հակոբքեխվյանը ծառայում էր Արցախում: Ծառայության ավարտին մնացել էր 107 օր, երբ պատերազմը սկսվում է: Սերժանտ էր, դիրքի և ջոկի ավագ, հրաշալի տիրապետում էր իր զենքին՝ «պեկա»-ին: Բանակում արդեն որոշել էր` զինվորական է դառնալու։ Սակայն 20-ամյակը բոլորելուց ընդամենը երկու օր հետո՝ հոկտեմբերի 1-ին, չարաբաստիկ պատերազմը խլում է նրա կյանքը:

«Սեպտեմբերի 29-ին Սերժի ծնունդն էր: Երեխես ծննդյան օրը պատերազմի դաշտում էր, բայց մենք որոշեցինք ընտանիքով նստել սեղան, իրեն էլ զանգեցինք, շնորհավորեցինք, ասացի՝ ցավդ տանեմ, հենց ամեն ինչ խաղաղվի, գումար կուղարկեմ, ծնունդդ լավ կնշեք: Հետո հաց էինք ուտում, խորովածը կծեցի, ատամս կոտրվեց: Էնքան վատ կանխազգացում ունեցա, ասացի՝ ինչ-որ վատ բան է լինելու»,-հիշում է մայրը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Սերժը զանգում է հարազատներին: Վերջին զանգն էր: Մոր սիրտն այդ օրը ինչ-որ չարագուշակ բան էր զգում. երևի դա էր պատճառը, որ երբ որդու ձայնը լսում է, սկսում է անկախ իրենից բարձրաձայն կանչել:

«Ասեց՝ մա՛մ, խի՞ ես գոռում, ասեցի՝ Սերժ, ուզում եմ ձայնդ լսել, ձայնդ ինձ կյանք է տալիս: Ասեց՝ դե զանգել եմ, որ կյանք ստանաս»:

Ավելի ուշ Սերժը զանգում է հորը, եղբորը՝ Արտյոմին, ասում, որ վիճակը շատ լուրջ է, չգիտի՝ հետ կգա՞, թե ոչ: Եղբորն ասում է. «Մեր զորամասը չկա: Տնեցիներին ուշադիր եղիր ու էնպես արա, որ մաման լուրերը չկարդա կամ ոչ մեկից ոչ մի բան չիմանա»: Երեկոյան նորից զանգում է եղբորն ու շատ ավելի մտահոգ ձայնով ասում. «Հենց հիմա տուն գնա, մորս էլ լավ կպահես»: Եղբայրը հասկանում է, որ սա արդեն վերջն է:

Հոկտեմբերի 1-ին Հադրութում թեժ մարտեր էին: Սերժն իր ջոկատով այնտեղ էր: Հարազատները առավոտից նրա զանգին էին սպասում:

«Ժամը 3-4-ի կողմերն էր: Շատ վատ էի: Ցավից տնքում էի, բայց մարմնիս ոչ մի տեղը չէր ցավում: Ասես հոգիս էր ցավում, հոգու ցավ էր: Փաստորեն, հենց այդ ժամանակ որդիս հոգին Աստծուն էր տալիս, իսկ մենք դեռ ոչինչ չգիտեինք»:

Մայրն այդ օրը գնում է եկեղեցի, Աստծուն խնդրում, որ իր որդուն ու մյուս զինվորներին պահապան լինի: Վերադառնում է տուն, կրկին սպասում որդու զանգին: Այդ ժամանակ տիկին Արմինեի քույրն իրենց տանն էր, երբ հանկարծ մի նամակ է ստանում Սերժի զինակից ընկերոջ բարեկամուհուց, որը գրել էր. «Մխոն, Ռիժոն, Պոնչը, Քեխոն չկան, զոհվել են…»: Քրոջը ոչինչ չի ասում, վեր է կենում, գնում:

Քեխոն Սերժն էր, նրան բանակում Քեխո էին ասում՝ Հակոբքեխվյան ազգանվան կրճատ ձևով: 7 ընկերներ էին, շատ մտերիմ: Նրանից 6-ը զոհվում են միասին, բայց զոհվելուց առաջ փրկում են իրենց ընկերոջ՝ Աբիկի կյանքը: Պատմում են, որ դիրքեր բարձրանալիս Սերժն ու ընկերները տեսնում են, որ Աբիկին դիակների մեջ են դրել, որ տանեն, ու նկատում են, որ Աբիկը ողջ է, ուղղակի չի կարողանում խոսել: Շտապ ետ են դառնում, ընկերոջը դուրս բերում դիակների միջից, տեղափոխում շտապօգնության մեքենա, հետո իրենք բարձրանում դիրքեր ու զոհվում: Աբիկի կյանքը փրկվում է:

«Այդ օրը Սերժից ոչ մի լուր չունեցա, հասկացա, որ մի բան այն չէ: Հնարավոր չէր, որ նա գոնե չգրեր: Հաջորդ օրը՝ ամսի 2-ին, զանգեցի եղբորս, ասացի՝ գնացեք հիվանդանոցներում փնտրեք Սերժիս, երևի վիրավոր է: Այնինչ, քույրս ու եղբայրներս արդեն երեխուս դիահերձարաններում էին փնտրում»:

Երբ հարազատներն ի վերջո մորը հայտնում են որդու զոհվելու լուրը, նա նետվում է դեպի պատուհանը, որ վերջ տա կյանքին: Մյուս որդին՝ Արտյոմը, մոր հետևից կանչում է. «Մամ, եթե ես էլ հետևիցդ գամ, էլի՞ կանես»: Դա սթափեցնում է մորը:

«Ուղիղ մեկ տարի, 2 ամիս երեխուս չէի տեսել: Երբ բերեցին, տեսա, թե ո˜նց էր մեծացել: Շատ էր նիհարել, բայց արդեն հասուն տղամարդ էր դարձել: Է˜հ, ով է տեսել՝ 18 տարեկան տղուդ տաս, 20 տարեկանում սառը բերեն, դնեն դեմդ»,-հոգոց է հանում մայրը:

Լուսանկարի հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Տիկին Արմինեն հիմա միայն սև է հագնում: Եթե երբևէ որոշի հագուստի գույնը փոխել, ապա միակ գույնը, որի հետ երբեք չի հաշտվի, կարմիրն է: Դա նրան հիշեցնում է որդու արյունոտ դրամապանակը, որ պատահաբար գտել էր նրա իրերի միջից:

«Երեխուս իրերը բերել էին, մի փոքր տոպրակ կար մեջը: Բացեցի, մեկ էլ տեսնեմ՝ Սերժիս դրամապանակն է, թաց արյունը դեռ վրան ու արյան սարսափելի հոտով: Վերցրեցի, ձեռքերս արյունոտվեցին: Չեք պատկերացնի, թե ինձ հետ ինչ կատարվեց: Դրամապանակի մեջ նաև 5000 դրամանոց կար, որ ես էի իրեն ուղարկել: Չէր հասցրել ծախսել: Էդպես արնաթաթախ հետ եկավ ինձ…»,-ասում է մայրն ու ցավից ձայնը դողում է:

Տիկին Արմինեն փորձում է ուժեղ լինել, չի սիրում իր ցավն ուրիշների մոտ ցույց տալ, բայց երբեմն օրգանիզմը դավաճանում է: Վերջերս վատ էր, գլխուղեղի քաղցկեղ էին կասկածում: Երբ գնում են հիվանդանոց հետազոտելու, նարկոզի անհրաժեշտություն է առաջանում:

«Նարկոզից առաջ բժիշկներն ասացին՝ լավ բաների մասին մտածիր, պատկերացրու՝ Փարիզ ես գնում: Ասացի՝ ես միայն մի տեղ եմ ուզում գնալ՝ որդուս մոտ»:

Երբ աչքերը փակվում են, որդուն է տեսնում: Ընդ որում, այն հագուստով էր, որ մայրը նրա համար գնել էր, բայց Սերժն այդպես էլ չէր հասցրել հագնել: «Եկավ, նստեց կողքիս, մի ձեռքով ձեռքս բռնեց, մյուսը դրեց ճակատիս ու ասաց՝ մա՛մ, ամեն ինչ լավա լինելու, ի˜նչ կլինի, մի՛ արա սենց բաներ»: Ու արթնացա: Այն, ինչ տեսել ու զգացել էի, դա երազ չէր, դա իսկապես որդիս էր, որ եկավ ու ինձ ուժ տվեց»:

Բարեբախտաբար, տիկին Արմինեի ուռուցքի կասկածը հերքվում է: Խնդիրներն ուժեղ սթրեսից էին, բայց բուժելի:

Օրեր առաջ, երբ այցելել էին Եռաբլուր, Սերժի շիրմաքարին սիրո նամակ էր դրված: Սերժը սիրած աղջիկ ուներ, հետո նաև իմացան, որ շատերն են Սերժին սիրահարված եղել: Սերժը լուսավոր էր, բարի, հոգատար, անսահման մարդկային, իսկ նրա ժպիտը կյանք էր պարգևում: «Երազում էի հարսի ու թոռների մասին, բայց փոխարենը անանուն հարսնացուներ ունեցա»,-ասում է մայրը:

Տիկին Արմինեն մի մատանի ունի, որ որոշել էր որդու ապագա կնոջը նվիրել: Հիմա պահել է: Երբ մյուս որդին՝ Արտյոմը, ամուսնանա ու Սերժ անունով որդի ունենա, այդ մատանին կնվիրի նրա կնոջը:

Զինվորի մոր հայացքը հաճախ երկնքին է հառած: Ասում է՝ Սերժն այնտեղից իր հետ նշաններով խոսում է. մեկ երկնքում ամպե սիրտ է իր համար նկարում, մեկ աստղի պես շողշողում է, մեկ լույս է դառնում ու ջերմացնում:

«Մի օր առավոտ ծեգին ականջիս Սերժի ձայնը լսվեց: Ասում էր՝ մա՛մ, մա՛մ, բարև, մա՛մ: Աչքերս բացեցի ու երկնքից մի ուժեղ լույս ընկավ սենյակ, տարօրինակ ուժեղ: Որդիս էր…»:

Լուսանկարի հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Տարիներ առաջ, երբ Սերժը դեռ փոքր էր, մի օր մայրը պատուհանից երկնքին էր նայում: Որդին հարցնում է. «Մա՛մ, ի՞նչ ես անում»: «Աստղերին եմ նայում»,-պատասխանում է: «Իսկ ի՞նչ են աստղերը»,-հարցնում է: «Աստղերը մարդիկ են: Երբ մահանում են, դառնում են աստղ, գնում երկինք: Ա՛յ, եթե ես հանկարծ մահանամ, դու կգաս ու պատուհանից վերև կնայես և ինձ կտեսնես, ես միշտ քո գլխավերևում կլինեմ»,-ասում է մայրը:

Ինչ իմանար, որ անմեղ զրույցից տարիներ անց որդին է իր համար երկնային աստղ դառնալու…

 

 

Սերժ Հակոբքեխվյան հերոսներ 44-օրյա պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին