f

Անկախ

Նահանջում էինք համոզմունքով, որ ինչ-որ պահի նորից առաջ պիտի գնանք և հետ բերենք կորցրածը


Գնահատում եմ ապրածս ամեն օրը, գնահատում եմ այն ամենն, ինչ ունեմ, գնահատում եմ անգամ դժվարությունները, որոնց դեմ եմ առնում առօրյայում։ Եվ, իհարկե, չեմ նեղվում մանր-մունր խնդիրներից, ասում է 20-ամյա Էրիկ Կարապետյանը, որը վերջերս է զորացրվել բանակից։

44-օրյա պատերազմի մասնակիցն ասում է, որ պատերազմից հետո բոլորովին այլ աչքով է նայում կյանքին։ Եվ մտածողության տարբերությունը հատկապես զգալի է պատերազմ չտեսած  հասակակիցների հետ շփումներում․ նրանք իր աչքին կարևորն անկարևորից չտարբերող, մանր խնդիրներից մեծ ողբերգություն սարքող պատանիներ  են թվում։

Պատերազմը նաև պատճառ է դարձել, որ դուդուկահար երիտասարդը երաժշտությունը թողնի որպես հոբբի և ընտրի նոր մասնագիտություն՝ ծրագրավորում։ Ասում է՝ անօդաչուների դեմ ավտոմատներով մղած պայքարի արդյունքում է հասկացել, թե որքան կարևոր է ծրագրավորողի և ինժեների դերը։ Ուստի ձգտում է յուրացնել ծրագրավորողի մասնագիտությունն ու իր գիտելիքները և հմտությունները ծառայեցնել նաև հայրենիքի հզորացմանը։

Լուսանկարում Էրիկը աջից երրորդն է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ծնված ու մեծացած Էրիկը ծառայել է Արցախում՝ Մատաղիսում։ Պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակում ջոկի հրամանատար էր։

«Առավոտյան ժամ էր։ Իմ ջոկի հետ ծխարանում էինք։ Պայթյուն լսվեց։ Մտածեցինք պատահար է։ Բայց երկրորդ պայթյունը լսվեց․ մեր սպաների շենքերի ուղղությամբ արկ ընկավ։ Հասկացանք, որ կռիվ է սկսվել։ Մեզ նախապես ասել էին, որ հնարավոր է՝ սկսվի»,- հիշում է Էրիկը։ Նա պատմում է, որ հաջորդիվ տագնապ ազդանշանով առաջնագիծ են մեկնել, մեկ շաբաթ մարտնչել են Թալիշի ուղղությամբ գրոհող թշնամու դեմ։

«Պահ եղավ, որ հազիվ փրկվեցինք գերի ընկնելուց։  Մի պահ շրջափակման մեջ էինք, մտածում էինք, որ վերջ, էլ ողջ դուրս չենք պրծնի։ Բայց մեծ դժվարությամբ կարողացանք ճեղքել շրջափակումը։ Լինում էին պահեր, որ համոզված էինք՝ լուսային ազդանշանից հետո էլ չենք լինի»,- ասում է նա։

20-ամյա երիտասարդը նշում է՝ պատերազմի դաշտում ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, դեպքերն այնքան սրնթաց են զարգանում, որ մտածելու ժամանակ չես ունենում։ Իսկ մտածելուց էլ վախենում ես ոչ թե կյանքիդ համար, այլ անհանգստանում, թե մահդ ինչպես կտանեն ծնողներդ և հատկապես մայրդ։

Էրիկը պատմում է՝ երբ նահանջի հրաման են ստացել, չեն ցանկացել ենթարկվել հրամանին, բայց շուտով հասկացել են՝ ավտոմատներով արկերի ու ԱԹՍ-ների դեմ հնարավոր չէ պայքարել։ Ասում է՝ նահանջում էին համոզմունքով, որ ինչ-որ պահի նորից առաջ պիտի գնան և հետ բերեն կորցրածը։

«Մենք սկզբում համոզված էինք, որ կհաղթենք։ Մինչև վերջ էլ այդպես էր։ Ադրբեջանն առաջ էր գալիս Թուրքիայի և վարձկանների օգնությամբ։ Մտածում էինք, որ ինչ-որ պահի նրանց մենակ կթողնեն, և մենք կկարողանանք հետ բերել մեր կորցրածը։ Մտածում էինք, որ կամ էլ ռուսները մեզ կօգնեն, երկինքը կփակեն, և մենք հակահարձակման կանցնենք»,- ասում է նա։

Հարցին, թե փաստորեն պատերազմը սպասելի էր և տեղյակ էին, Էրիկն ասում է, որ հնարավոր պատերազմին դեռ հուլիս-օգոստոս ամիսներին էին սպասում․ ուժեղացված մարտական հերթապահություն էին իրականացնում դիրքերում։ Սակայն, երբ սպասված ժամանակահատվածում պատերազմ չսկսվեց, վերադարձան առօրյա ծառայության։ «Սեպտեմբերի 20-ից հետո Թալիշի և Մատաղիսի բնակչությունը տարհանված էր, սահմանագծով թշնամին զինտեխնիկա էր դիրքավորել, զինվորներով մտածում էինք, որ բախումներ կլինեն, բայց հրաձգությամբ կսահմանափակվեն»,- ասում է նա՝ հավելելով, որ մեկնարկի օրվա ու ժամի մասին տեղյակ չէին։

Բայց վրա հասած պատերազմը ոչ հրաձգությամբ սահմանափակվեց, ոչ էլ հրաձգային զինատեսակներով հնարավոր էր հաջողության հասնել։

Հրաձգային զորամասում ծառայած երիտասարդն ասում է՝ զինծառայողներով մտածում էին, որ մեր բանակը պատրաստ է պատերազմին, չգիտեին, որ երկինքը ծածկելու խնդիր ունենք, որ հնարավոր պատերազմի ժամանակ թշնամու մարդուժը դեմ-դիմաց չի լինելու,  որ տեխնոլոգիաների ու տեխնիկայի պայքար է լինելու։

Պատերազմի ընթացքում Էրիկը կարճ ժամանակահատվածով եղել է Շուշիում, Թաղավարդում, Կարմիր Շուկայում, Մարտունիում։ Բայց նրան այլ առաքելություն էր սպասվում․ որպես ուսումնական ջոկի հրամանատար նրան տեղափոխում են Ալաշան, որտեղ էլ սկսում է մարտական պատրաստության  բերել կամավորներին ու զորակոչված պահեստազորայիններին։

Ասում է, որ հայրենիքին օգնության հասածների մեծ մասը ժամանակին ծառայել էր ու ընդհանուր առմամբ տիրապետում էր մարտի դաշտում վարքի կանոններին, զենքի կիրառությանը, սակայն կային նաև մարդիկ, որոնք նոր-նոր պետք է այդ ամենը սովորեին։ Էրիկը նշում է, որ կամավորների ու պահեստազորայինների գիտելիքները սահմանափակվում էին իրենց ծառայության ժամանակահատվածով։ «Ճիշտ է, մեր զենքերը հիմնականում հին էին, բայց նոր զենքեր էլ ունեինք, որոնց արդեն չէին տիրապետում»,- ասում է նա։

Հարցին, թե դժվար չէր իրենից մեծերին սովորեցնելն ու կառավարելը, պատասխանում է, որ հաշվի էր առնում նրանց տարիքը և այլ մոտեցում էր ցուցաբերում, քան իր ծառայակիցներին։ «Նրանց ոչ թե ասում էի, որ վարժանք անեն, այլ հավաքում էի, տեսական մասը բացատրում, գործնականը տեսնում էին իմ ծառայակիցների օրինակով, անհրաժեշտության դեպքում իրենք էլ էին փորձում»,- ասում է նա։

Ասում է, որ երեկոյան ժամերին հավաքվում էին կամավորների շուրջ ու նրանց հետ քննարկում, թե ինչպես պաշտպանել հայրենիքը, ինչպես կարելի է բեկում մտցնել պատերազմի ընթացքում և այլն։  Խոստովանում է՝ տարիքով մեծերի ներկայությունը գոտեպնդող ազդեցություն ուներ երիտասարդ զինծառայողների համար․ հասկանում էին, որ մենակ չեն մինչև ատամները զինված թշնամու դեմ։

Պատերազմական օրերից նաև ջերմ հուշեր ունի։ Ասում է, որ մեծ ոգևորությամբ էին  բացում թիկունքից ուղարկված ծանրոցները և կարդում նամակները․ կային և հուզիչ, և ոգևորող, և հումորային նամակներ․ այդ ամենը պայքարելու ուժ էր տալիս։

Այժմ Էրիկը փորձում է հարմարվել քաղաքացիական կյանքին, սակայն չի կորցնում կապը ծառայակիցների հետ, անհանգստանում է դեռևս ծառայության մեջ գտնվողների համար և հաստատում՝ եթե հայրենիքն իր կարիքն ունենա, անպայման նորից առաջնագծում կլինի և ոչինչ չի խնայի հայրենիքի պաշտպանության համար։ Իսկ մինչ այդ հավատում է՝ մի օր հետ ենք բերելու հայրենիքի կորսված հատվածները։

44-օրյա պատերազմ զինվոր Հայրենիք Արցախ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին