РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի կնքման եկամտաբերությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Պուտինի խոսքերով՝ ներկա պահին Եվրոպայի ազատ շուկայում 1000 խորանարդ մետր գազի գինը 650 դոլար է: Սա հետեւանք է Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմի որոշումների:
«Մեր մոտեցումն այլ է, մենք ունենք նաև շուկայական գներ, բայց այս գինը կապված է նավթի գնի հետ, ոչ ոք դա չի կարգավորում, շուկան է կարգավորում, բայց տատանումներն ավելի մեղմ են», - ընդգծել է Պուտինը:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր Եվրոպայում համաձայն են կնքել գազի մատակարարման պայմանագրեր Ռուսաստանի հետ, «կարող են միայն ձեռքերը շփել և ուրախանալ», քանի որ «Գազպրոմը» հանածո վառելիք է վաճառում Գերմանիային՝ հազար խորանարդ մետրի դիմաց 220 դոլար գնով:
Պուտինը նաև նշել է, որ Բելառուսի համար 1000 խմ-ի գինը կազմում է 128,5 դոլար:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել էին Միութենական պետության շրջանակներում բոլոր 28 ծրագրերը:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ սեպտեմբերի 10 -ին Մինսկում այս ծրագրերը կքննարկվեն երկու երկրների կառավարությունների մակարդակով, որից հետո դրանք կներկայացվեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին. Այն նախատեսվում է անցկացնել մինչև այս տարվա վերջ: