f

Անկախ

Ալիև-Փաշինյան տեսանյութերով մենամարտը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում


Քառասունչորսօրյա պատերազմի առաջին տարելիցից ընդամենը օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բախվեցին, այս անգամ անարյուն առճակատմամբ, տեսանյութերով` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորքում:

Իմ կարծիքով, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը սխալ թույլ տվեցին՝ անձամբ չհայտնվելով ՄԱԿ-ի հանդիպմանը: Խնդիրը սոսկ ելույթը չէ, որ նրանք ունեցան տեսանյութով, այլ նրանց բացակայությունը աշխարհի տարբեր ծայրերից մոտ 200 ղեկավարների կարևոր միջազգային հավաքից: Սա կարևոր հնարավորություն էր, հատկապես Հայաստանի վարչապետի համար, մասնավոր և հանրային միջավայրում շփվելու այդ ղեկավարներից շատերի հետ՝ նրանց փոխանցելու Հայաստանի բողոքները և հրապարակելու անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դաժան խախտումները:

Բարեբախտաբար, Փաշինյանը ՄԱԿ էր ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը մի քանի կարևոր հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարարի, Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի:

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված չէին իրենց պետությունների ղեկավարների մակարդակով, Թուրքիան խելամտորեն ներկայացնում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որոնք օգտվելով առիթից հանդիպումներ ուենցան տասնյակ պետությունների ղեկավարների հետ և բացեցին ՄԱԿ-ի կենտրոնատեղիի դիմաց գտնվող թուրքական կենտրոնի նոր բարձրահարկ շենքը, որին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Էրդողանի միակ անհաջողությունը՝ նախագահ Բայդենի մերժումն էր նրա հետ հանդիպելուց ՄԱԿ-ում։

Անդրադառնալով ելույթներին՝ սեպտեմբերի 23-ին Ալիևը հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ելույթ ունենալով 38 րոպե տևողությամբ տեսանյութով, անգլերենով։ Փաշինյանի տեսանյութը շատ ավելի կարճ էր՝ 12 րոպեից էլ պակաս: Ալիևի երկարաշունչ ելույթը պարտադիր չէր, որ լավն էր։ Նա, հավանաբար,  չափազանց  ձանձրացրեց Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հյուրերին, որոնք ամեն օր անընդմեջ ելույթներ էին լսում: Թեև Ալիևի համար խելամիտ էր անգլերեն խոսելը, սակայն Փաշինյանը, չնայած անգլերենի իմացությանը, նախընտրեց խոսել հայերենով, ինչը նշանակում է, որ ներկաները պետք է նրա խոսքի թարգմանությունը լսեին ականջակալների միջոցով, ինչը հաղորդակցության լավագույն միջոց չէր։ Այնուամենայնիվ, Փաշինյանն իր ելույթը կարդալու համար խելամտորեն օգտագործեց հեռահուշարարը, ինչը շատ ավելի հետաքրքիր դարձրեց դիտումը` ի տարբերություն Ալիևի, որն ամբողջ ժամանակ վար էր նայում, մինչ իր առջև դրված թղթից կարդալը: Սա դրդեց մի ոչ հայագգի անձնավորության հեգնանքով մեկնաբանություն գրելու YouTube-ում Ալիևի ելույթի տեսագրության տակ. «Ի՞նչ եղավ  Ալիևի նավթադոլարներին: Մի՞թե նա կարողություն չուներ մի հեռահուշարար գնելու»:

Իր երկարաշունչ ելույթում Ալիևը տասնյակ ստեր ասաց.

1) Դա Հայաստանն էր, ոչ թե Ադրբեջանը, որ սկսեց անցյալ տարվա սեպտեմբերյան պատերազմը: Ալիևը, հավանաբար, մոռացել էր, որ նախկինում հպարտությամբ խոստովանել էր, որ նա է սկսել պատերազմը: Նա նաև մեղադրեց Հայաստանին 2020 թ․ հուլիսին Ադրբեջանի վրա հարձակում սկսելու մեջ: Հայաստանը ոչ մի պատճառ չուներ պատերազմ սկսելու ոչ 2020 թվականի հուլիսին, ոչ էլ սեպտեմբերին:

2) Ալիևը հիշատակեց 12-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գանջավիին որպես «ադրբեջանցի մեծ բանաստեղծ»: Գանջավին իրականում պարսիկ է, ոչ թե ադրբեջանցի (տես Վիքիպեդիայի բազմաթիվ աղբյուրներ): 12-րդ դարում Ադրբեջանը նույնիսկ գոյություն չուներ: Գանջավին ծնվել է Գյանջայում (հայերեն Գանձակ), որն այդ ժամանակ «խիտ բնակեցված էր իրանցիներով և փոքր թվով քրիստոնյաներով», ըստ հայ պատմաբան Կիրակոս Գանձակեցու (1200-1271 թթ․):

3) Ալիևը կեղծորեն Ադրբեջանին բնութագրեց «որպես մեր երկրում ապրող տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչների հանդուրժողականության և խաղաղ համակեցության օրինակ»: Ընդհակառակը, Ադրբեջանը շատ անհանդուրժող ու բռնի երկիր է: Նրա պատմությունը լի է հայերի բազմաթիվ կոտորածներով: Այնուամենայնիվ, Ալիևն   անամոթաբար մեղադրեց Հայաստանին «ցեղասպանություն, էթնիկ զտումներ և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ․․․»։

4) Ալիևը նաև մեղադրեց Հայաստանին «միջազգային իրավունքի, ներառյալ Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտման» մեջ: Սա Ադրբեջանի սեփական խախտումների ու հանցագործությունների ճշգրիտ նկարագրությունն է: Նա կեղծ պնդում էր, որ Հայաստանը «սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր» է օգտագործել և հարձակվել խաղաղ բնակիչների վրա: Եվս մեկ անգամ Ալիևը նկարագրում էր Ադրբեջանի կողմից սեփական պատերազմական հանցագործությունները հայ խաղաղ բնակիչների, հիվանդանոցների և եկեղեցիների դեմ:

5) Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը հավաքագրել է «վարձկաններ և օտարերկրյա մարտիկներ արտերկրից»: Ինչպես հայտնի է, դա հենց այն է, ինչ արել է Ադրբեջանը:

6) Ալիևը ստեց նաև այն մասին, որ հայերը մասնակցել են «քաղաքների ու գյուղերի ամբողջական ոչնչացմանը, ներառյալ ադրբեջանական ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը»: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է:

7) Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը «դատական ​​գործընթացներ է սկսել [օտարերկրյա ընկերությունների] դեմ՝ նախկինում գրավված հողերում մեր բնական պաշարների անօրինական շահագործման համար»: Հուսանք, որ այս ընկերությունները կհակազդեն հայցեր ներկայացնելով Ադրբեջանի դեմ՝ իրենց ունեցվածքը բռնագրավելու համար:

8) Անուղղակիորեն ընդունելով, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի տարածքների նկատմամբ, Ալիևը հոխորտում էր, որ «երկիրն այնքան է թուլացել, որ նույնիսկ չի կարող ինքնուրույն պաշտպանել իր սահմանները»:

9) Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու մասին 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին հետևելու փոխարեն Ալիևը պահանջեց, որ Հայաստանը «մեզ տրամադրի բոլոր ազատագրված տարածքների ականների ճշգրիտ քարտեզները»: Նոյեմբերի 9-ի համաձայնագրում նման պահանջի մասին որևէ հիշատակում չկա:

10) Այս բոլոր ստերն ու շատ ուրիշներն ասելուց հետո, որոնք չափազանց շատ են հիշատակելու համար, Ալիևը դեռ համարձակություն ունի Հայաստանին հորդորել ստորագրել «խաղաղության պայմանագիր...․ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա»: Այսպիսով, նա ձգտում է Արցախից Հայաստանի լիակատար հրաժարմանը:

Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ սեպտեմբերի 24-ին։ Նա սկսեց՝ հայտարարելով, որ «2020 թվականի աշնանը, Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց  հարձակման․․․․ [որը] ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման»։

Փաշինյանը շարունակեց ընդգծել Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը՝ ապարդյուն հուսալով, որ միջազգային հանրությունը տպավորված կլինի և դրական քայլեր կձեռնարկի երկիրն Ադրբեջանի հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանի վարչապետը հայտարարեց նաև իր երկրի՝ հարևանների հետ խաղաղության պատրաստ լինելու մասին` կրկին հույս ունենալով ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցության համար: Կարծես թե նա չի գիտակցում, որ աշխարհը թքած ունի նման նրբությունների վրա: Միակ բանը, որ աշխարհը հարգում է՝ ուժն է:

Հաջորդիվ Փաշինյանը դատապարտեց Ադրբեջանին՝ Բաքվում հայ ռազմագերիներին պատանդ պահելու համար և խոսեց ադրբեջանական տեսանյութերի մասին, որոնք ցույց են տալիս «այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները»։

Փաշինյանը նշեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «փոխադրության կապերի վերաբացման» մասին: Նա միամտորեն ավելացրեց, որ «եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեման շատ ավելի մեծ շրջանակներ կունենա»: 

Վարչապետը մեկ անգամ ևս առաջարկեց՝ «վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Ցավոք, այս գործընթացը փակուղի է մտել, քանի որ Ալիևը պնդում է, որ լուծել է Արցախի հարցը ուժով և կարիք չունի մասնակցել որևէ այլ բանակցությունների այդ նյութի մասին:

Փաշինյանը «ցավով» նշեց, որ Ադրբեջանի ուժերը հատել են Հայաստանի սահմանները 2021 թվականի մայիսի 12-ին և հրաժարվել են հեռանալ: Նա առաջարկեց, որ երկու երկրները ետ քաշվեն «խորհրդային ժամանակների սահմանից» և հրավիրեն «միջազգային դիտորդների» սահմանին տեղակայելու համար: Անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է ետ քաշվի իր սեփական սահմաններից․․․

Դժբախտաբար, գեղեցիկ բառերը մեծ նշանակություն չունեն ռեալպոլիտիկում: Աշխարհը հավատում է միայն ուժին: Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են ուժեղ դիրքերից, Հայաստանը ստիպված է ենթարկվել իր ավելի հզոր ու դաժան թշնամիների պարտադրանքին:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան ՄԱԿ Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին