f

Անկախ

Երջանկություն՝ 44-օրյա պատերազմից այն կողմ


2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր: Համլետն այդ օրը պիտի Արտաշատ գնար մասնակցելու գինու փառատոնի: Առավոտ ծեգին արթնանում է, ճանապարհ ընկնում, բայց հանկարծ շտապ հետ է դառնում:

«Մեկ էլ տեսնեմ՝ վերադարձել է ու ոգևորված երգելով՝ արագ-արագ սափրվում է: Ասացի՝ Համլե՞տ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ հետ դարձար: Ասաց՝ պատերազմ է, Ստեփանակերտը ռմբակոծում են, ես գնում եմ»,-պատմում է մայրը՝ Գոհար Կիրակոսյանը:

Համելտը երգելով է գնում պատերազմ, որովհետև եկել էր ժամը գիտելիքներն ու փորձը hայրենիքի պաշտպանության գործում կիրառելու։ Մայրն ասում է՝ նրա ընկերներից շատերն այդպես ոգևորված գնացին ռազմի դաշտ՝ ասելով․ «Վերջապես իսկական գործ կանենք»։

Համլետ Հովհաննիսյանը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում։ Համլետը հետախույզ էր, պայմանագրային զինծառայող:

Ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 2012 թվականին, մեկնել էր ծառայության Արցախ՝ «Եղնիկներ»: Զինվորական ծառայությունը հիմնովին փոխել էր նրա պատկերացումներն ու ներաշխարհը: Ունենալով բազմակողմանի գիտելիքներ ու բազմազան հետաքրքրություններ, միաժամանակ հայրենիքի նկատմամբ ունենալով պաշտամունքի հասնող սեր ու նվիրվածություն՝ Համլետը զգում էր, որ այնուամենայնիվ իրեն ձգում է պաշտպանական ոլորտը, հատկապես հետախուզությունը:

Չնայած ծնողների փորձերին՝ հետ պահել նրան այդ ճանապարհից, Համլետն ընտրում է հետախույզի ուղին։ Որոշումն անշրջելի է դառնում 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, որին մասնակցում է կամավոր։

Մայրը հիշում է՝ այդ օրը, լուրն իմանալուն պես, Համլետը, տնեցիներին ոչինչ չասելով, ընկերոջ հետ շտապում է Արցախ, ոտքով հասնում «Եղնիկներ»՝ իր զորամաս, և մասնակցում պատերազմին։ Վերադառնում է ապրիլի 16-ին, երբ վստահ էր, որ պատերազմը գոնե ժամանակավորապես դադարել է։

Վերադառնալուց հետո ծառայության է անցնում ՊՆ հատուկ նշանակության զորքերում՝ որպես հետախույզ:

Մայրն ասում է՝ Համլետը հարթաթաթ էր, մի փոքր էլ կարճատեսություն ուներ, ու երբ պետք է մեկներ պարտադիր զինվորական ծառայության, կարող էին այդ հիմքերով նրան ազատել, բայց ծնողներին խիստ զգուշացնում է՝ չանե՛ք նման բան, մեկ է՝ կամավոր եմ մեկնելու:

«Իսկ երբ պետք է ընդունվեր հատուկ նշանակության զորքեր պայմանագրային զինծառայության, հարթաթաթության ու կարճատեսությունն համար ասել էին՝ չենք կարող ընդունել: Հասել էր ՊՆ համապատասխան գերատեսչության ղեկավարի մոտ, համոզել, որ իրեն վերցնեն ծառայության: Ընդ որում, ընտրել էր ամենաբարդը՝ մարտական հետախուզությունը։ 2017 թվականից նա դրանով էր ապրում»:

Համլետն էությամբ չափազանց հանգիստ ու հավասարակշռված մարդ էր, խոհեմ, գաղտնապահ ու վստահելի, հրաշալի գիտեր նաև Հայաստանի ու Արցախի ամեն անկյունը, գիտեր հայոց պատմությունը, մշակույթը, և հենց դա էր նրա ոգեշնչման աղբյուրը:

2019 թվականին 4 ամսով խաղաղապահ առաքելության էր մասնակցել Սիրիայում, վերադարձել էր մեդալներով։

Մայրը խոստովանում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ որդին մարտի դաշտում էր, ինքն անհանգիստ չի եղել, քանի որ վստահ էր՝ Համլետի ոչինչ չի պատահի, նա իր խոհեմությամբ, զգոնությամբ ու հնարամտությամբ բոլոր խնդիրներից ելք կգտնի։ Բայց այս պատերազմն ուրիշ պատերազմ էր, այստեղ բոլոր ելքերը փակ էին։

Հոկտեմբերի 18-ին հետախույզները հատուկ գործողություն պետք է իրականացնեին Ջրականում՝ փորձելով շրջափակման մեջ հայտնած զինվորներին դուրս բերել։ Հրամանատարները, ներկայացնելով իրավիճակը, ասում են, որ գործողությունը խիստ վտանգավոր է, և չվերադառնալու հավանականությունը մեծ է, ուստի մասնակցությունը պետք է լինի կամավոր։ 100 հոգանոց խմբից 9 հոգի է համաձայնում մասնակցել հատուկ գործողությանը։ Համլետն այդ իննի մեջ էր։

Հետախույզները գիշերով դուրս են գալիս, ճանապարհ ընկնում։ Թուրքական բայրաքթարը նրանց թիրախավորում է ու հետապնդում։ Ճանապարհին տղաներին տեղափոխող «պիկապը» հայտնվում է բայրաքթարի հարվածի տակ։ Հետաքրքիրն այն է, որ բայրաքթարը խփում է մեքենային, բայց չի պայթում։ Տղաներից չորսը,  որոնց մեջ նաև Համլետը, զոհվում են հարվածի ալիքից։

Զոհվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 27-ին, Համլետը 26 տարեկան կդառնար։

 

Շուշանի Համլետը․․․

Համլետի կիսատ կյանքն անավարտ թողեց նաև մի գեղեցիկ սեր, որ ծնվել էր ազգային պարերի շնորհիվ, և որտեղ Համլետը գտել էր Շուշանին։

Երկուսն էլ ազգային պարերի սիրահար էին, ու հենց դա էլ մի գեղեցիկ օր նրանց ճանապարհները հատեց ճակատագրական խաչմերուկում։ Յուրահատուկ արտաքինով, խուճուճ-մուճուճ, փոքրամարմին ու գեղեցկադեմ Շուշանը հենց առաջին հայացքից գրավեց Համլետին։ Բայց հեշտ չեղավ նրան սիրտը նվաճել։  

«Ես ուսանող էի, ԵՊՀ-ում էի սովորում՝ բանասիրականում։ Շատ ընթերցասեր եմ, և ինչքան Համլետն ինձ տեսնում էր, ես միշտ գրքերը գրկած ման էի գալիս: Ու ամեն անգամ, երբ շփման եզր էր փորձում գտնել, խոսում էր իմ գրքերից, ես էլ խուսափում էի, տոն չէի տալիս»:

Հետո պարզվում է՝ Համլետն էլ է գրքասեր։ Շուշանի համար դա արդեն իսկ մեծ առավելություն էր։ Բայց, ի տարբերություն իրեն, Համլետն այդքան գիրք չէր կարդացել։ Փոխարենը կարդացել էր գրքեր, որոնք Շուշանը մինչ օրս էլ չի կարողանում ավարտին հասցնել, քանի որ բարդ են, դժվարըմբռնելի։

«Միշտ ինձ ասում էր՝ կարևոր չի, թե քանի գիրք ես կարդում, կարևոր է, թե ի՛նչ ես կարդում»:

Երբ արդեն ընկերություն էին անում, Շուշանը «Բուկինիստ» գրախանութում էր աշխատում։ Հիշում է՝ մի օր Համլետը եկավ և «Ֆաուստը» կամ «Վարպետն ու Մարգարիտան» խնդրեց։

«Զարմացա, գիտեի, որ չի գնելու, երկուսն էլ ունի, կարդացել է ու շատ է սիրում։ Հանկարծ բացեց ամենավերջին էջն ու ժպտալով՝ սկսեց մատիտով ինչ-որ բան գրել։ Ասացի՝ չի կարելի, գրախանութի գիրք է։ Բայց Համլետի համար «չի կարելիներ» չկային։ Ավարտեց գրելը, փակեց գիրքը, դրեց իր տեղն ու արգելեց, որ կարդամ։ Հետո, իհարկե, բացեցի և կարդացի։ Հիշում եմ միայն վերջին տողը՝ «Անհայտ ընթերցողից խորհուրդ իր ընթերցող բարեկամին»։ Այսպես Համլետը մի յուրօրինակ խաղ սկսեց իր անհայտ բարեկամ ընթերցողների հետ։ Իր ամենասիրելի գրքերի ամենավերջին էջում գրառում էր անում՝ չիմանալով՝ գիրքը ով կգնի, ով կկարդա մատիտով զգույշ գրված իր խորհուրդները»։

Վերջերս Շուշանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել՝ խնդրելով, որ եթե որևէ մեկը «Բուկինիստից» գիրք է գնել և վերջին էջում նկատել է գրառում, թող կապվի իր հետ։ Ուզում է գտնել ու հավաքել Համլետի թողած այդ յուրահատուկ մասունքները։

Համլետն ու Շուշանը 4-5 տարվա ընթացքում հասցրել էին բացահայտել ոչ միայն իրար, այլև ողջ Հայաստանն ու Արցախը։ Նրանք նույն կերպ էին սիրում hայրենիքը, նույն կերպ էին տեսնում հայրենի բնաշխարհի գույներն ու գեղեցկությունը, նույն կերպ ընկալում ազգային մշակույթը։ Նրանք նույն կերպ էին զգում մոլորակի ռիթմը։

«Համլետը մարդկանց հասկանալու, նրանց հոգու խորքը թափանցելու բացառիկ տաղանդ ուներ։ Նա բոլորին հասկանում էր, գիտեր, թե դու ինչ ես ուզում։ Մենք իրար միշտ ոգեշնչում էինք, թևեր էինք տալիս»։

Արդեն որոշել էին ընտանիք կազմել։ Շուշանն ասում է՝ երբեք չէին մտածում արագ ընտանիք կազմելու մասին, մտածում էին ամուր ընտանիք կազմելու մասին: Եվ 2020 թվականին հասունացել էր ամուր ընտանիք կազմելու պահը։

Բայց․․․ 

«Պատերազմի ժամանակ երբեմն զանգում էր։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան էլ զանգեց: Մի քանի րոպե խոսեցինք: Այդ օրը մի տեսակ ինքն իր նման չէր, անհանգստություն կար խոսքում, ու ես առաջին անգամ տագնապ զգացի։ Դա նրա վերջին զանգն էր»,-հիշում է Շուշանը:

***

Վերջին մեկ տարվա ընթացքում Շուշանը հաճախ էր մտածում՝ ինչո՞ւ էր Համլետը հենց իրեն ընտրել։ Հիմա այդ հարցի պատասխանը կամաց-կամաց գտնում է: Այդպես նաև նրան է ավելի լավ ճանաչում ու հասկանում:

«Համլետն ինձ տվել է ամենակարևորը՝ ինքս ինձ բացահայտելու ու ճանաչելու հնարավորություն: Ինքն իմ հայելին է։ Ես իրենով ինձ գտա: Հիմա հատկապես, երբ նա չկա, ես ամեն օր իմ մեջ մի նոր բան եմ գտնում ու հիշում, որ նա ասում էր՝ դա կա քո մեջ, բայց ես չէի տեսնում, չէի հավատում։ Հիմա հասկանում եմ, թե ինչու էր ինքը դա ասում: Նա ինձ ավելի լավ էր ճանաչում, քան ես ինքս ինձ: Ու նրա շնորհիվ ես սկսում եմ ինձ ավելի ու ավելի լավ ճանաչել և դրանով նորովի բացահայտել նաև նրան»։  

 

Համլետ Հովհաննիսյան հերոսներ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին