f

Անկախ

Գողթանիկ․ արյուն-քրտինքով շենացված բնակավայրը, որ տվեցինք թշնամուն


«Գյուղապետ, հնարավո՞ր է վաղը մեր գյուղը նորից մեզ հանձնվի»,- Արցախի Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանին ՀՀ տարածքում հաստատված, բայց այդպես էլ հայրենի  գյուղի կորստի հետ չհամակերպված բնակիչները հաճախ են նման հարց հղում։ 

 Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Քաշաթաղի հյուսիսային հատվածում՝ Բերձորից 30 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը, ի թիվս այլ բնակավայրերի, հանձնվել է Ադրբեջանին, իսկ բնակիչները հաստատվել են ՀՀ տարածքում։ 

«Բնակիչները հիմնականում վերադարձել են իրենց ծննադավայրերը՝ հույսով, որ քիչ թե շատ ծանոթ միջավայր է, հեշտ կհարմարվեն։ Մարդիկ կան, որ հյուրանոցներում են ժամանակավորապես ապրում, մի խումբ էլ կա, որ վարձով է ապրում։ Մեծամասնությունը չեն աշխատում, չեն հարմարվում նոր պայմաններին։ Ոչ թե չեն ուզում աշխատել, այլ չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանք գտնել»,- ասում է 2013-ից Գողթանիկի համայնքապետ Հակոբ Պողոսյանը, որը ևս իր ընտանիքի հետ վարձով է ապրում։

Պողոսյանը շեշտում է՝ թե հանրության, թե իշխանությունների վերաբերմունքը տարհանված բնակչությանը հանդեպ հոգեբանական ճնշում է, որը թույլ չի տալիս հարմարվել նոր պայմաններին և կյանքը զրոյից կառուցել։ 

«Այդ վերաբերմունքով կարծես  ասում են՝ դուք անիմաստ  այդ 30 տարին այնտեղ փչացրիք, հանուն ոչ մի բանի, ո՞վ էր ձեզ խնդրել»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկել տարհանված բնակիչների արտագաղթի դեմն առնելու համար։

«Նկատում եմ, այդ կայծը կա, եթե դրա դեմը չառնենք, դա անխուսափելի է լինելու։ Եթե մարդն իր երկրում անտեսված եղավ, կասի՝ ավելի լավ է գնամ օտար տեղ, այնտեղ գոնե կիմանամ, թե ինչու եմ անտեսված»,- ասում է Պողոսյանը։

 Գողթանիկը գողտրիկ հայրենիք էր

Պողոսյանների ընտանիքը Աշտարակից Արցախի Գողթանիկ համայնք է տեղափոխվել 1997-ին։ 

«Թե ինչու ենք Գողթանիկ տեղափոխվել, կդժվարանամ պատասխանել, այն ժամանակ ընդամենը 12 տարեկան էի»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով, որ իր հայրը մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին, այնուհետև մասնակցել է Հադրութում բնակարանների վերականգնմանը։ Ըստ ամենայնի, այդ ժամանակ էլ որոշել է, որ ինքն իր  ընտանիքով ևս պետք է բնակեցնի  Արցախը։ 

«14 երեխա էինք՝ 6 տղա, 8 աղջիկ։ 15-րդը ծնվեց Արցախում և անունը Արցախ դրեցինք։ Այնտեղ ապրեցինք, մեծացանք, առանձնացանք, ամեն մեկս մեր բնակարանները կառուցեցինք, ամեն տղա ուներ իր տնտեսությունը, բիզնեսը։ Ճիշտ է, սկզբնական տարիներին բարդ էր։ Բայց հետո կյանքը շատ լավ էր»,- ասում է Պողոսյանը։

Խոսելով սկզբնական տարիների դժվարություններից՝ Պողոսյանը պատմում է, որ 1997-99թթ․ անգամ մեկ ավտոմեքենա չկար գյուղում։ Մարդիկ ստիպված էին 30 կմ ճանապարհ ոտքով անցնել, որ Բերձորից սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ գնեն ու էլի ոտքով գյուղ վերադառնան։  «Դաժան օրեր էին։ Շատ բնակիչներ  չդիմացան  այդ դժվարություններին և նորից վերադարձան  ՀՀ-ում  իրենց ծննդավայր»,- ասում է նա՝ հավելելով, որ սկզբնական տարիներին վերաբնակները ոչ թե առաջ գնալու, այլ գոյատևելու պայքար են մղել։

«Մենք դատարկաձեռն ենք գնացել այնտեղ։ Պետությունը որպես աջակցություն խոստացել էր, որ մեծ թվով անասուններ կհատկացնի և կկարողանանք անասնապահությամբ զբաղվել։ Բայց պետության կողմից այդ աջակցությունը թերի եղավ կամ գրեթե չեղավ։ Եվ այդ տարիներին մեծ պարտքեր էին  կուտակվել։ Հայրս որոշեց  Աշտարակի  բնակարանը վաճառել, որ պարտքերը թեթևացնի և մնացած գումարով անասուններ գնենք  և անասնապահության ընտանեկան բիզնես հիմնենք։ Այն ժամանակ բնակարանները էժան էին, 2-3 հազար դոլար էին։ Վաճառեց, պարտքերը մարեց, մնացած գումարով կարողացանք  5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ձեռք բերել։ Ու այդպես հիմնեցինք մեր տնտեսությունը»,- ասում է Պողոսյանը և նշում, որ պատերազմից առաջ ծնողներով և եղբայրներով միասին ունեին 126 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ 

«Դժվար էր դրան հասնել։ Մենք հասել էինք  այն կետին, որ համ այգի ունեինք,  համ տնտեսություններ ունեինք, անգամ աշխատողի կարիք էինք զգում։ Արդեն խանութի ծրագիր ունեինք, երբ  պատերազմը վրա հասավ»,- ասում է Պողոսյանը։ Նա պատմամում է, որ պատերազմի լուրը ստացել են Վայքի մոտակայքում, երբ եղբոր հետ նոր խանութի ապրանքը գնել էին ու արդեն տուն էին վերադառնում։

«Համայնքում մի խանութ կար, ուզում էինք փոքր համայնքների կենտրոնում ևս մեկ խանութ բացել, հարմար տեղ էր, գյուղն էլ  շատ արագ զարգանում էր վերջին տարիներին»,- ասում է նա։

Խոսելով պատերազմից առաջ գյուղի ունեցած ցուցանիշների մասին՝ Պողոսյանն ասում է, որ  ունեին դպրոց 34 աշակերտով, գրեթե ավարտին էր հասել հանդիսությունների սրահի կառուցումը, նոր-նոր էին շահագործման հանձնել խաղահրապարակը, գյուղի փողոցներն ունեին գիշերային լուսավորություն։ 24 տնտեսություն ունեցող գյուղում ունեին 250 գլուխ խոշոր եղջերավոր և 120 գլուխ մանր եղջերավոր անասուն, 320 թռչուն, 18 ձի և այդպես շարունակ։ 

Գյուղում բոլորն ունեին ավտոմեքենաներ, ոմանք անգամ մի քանիսը, բոլորն ունեին զարգացող տնտեսություն և անգամ օգնական աշխատուժի կարիք էին զգում։ 

«ՀՀ գյուղերի համեմատությամբ միջինից բարձր կենսամակարդակ ուներ մեր գյուղը։ 

Ոչ մի բանի պակաս չունեինք, ինքնաբավ բնակավայր էր։ Երևանից որ  մարդիկ էին գալիս, զարմանում էին,թե ինչպես եք կարողացել նման համայնք ստեղծել»,- ասում է Պողոսյանը։

Իսկ գյուղի հաջողությունների պատճառը, նրա համոզմամբ, այդ հողը սիրելու մեջ էր։ «Ինձ անգամ թվում էր, որ այնտեղ եմ ծնվել»,- ասում է նա։ 

 Մարդիկ դեմ էին անգամ ժամանակավոր տարհանմանը

Հակոբ Պողոսյանը պատմում է՝ հոկտեմբերի սկզբին, երբ գյուղի մոտակայքում ռումբեր են ընկնում, բնակիչներին տարհանելու որոշում է կայացվում։ Բայց պարզվում է՝ մարդկանց թեկուզ ժամանակավոր տարհանելը բարդ գործ է՝ ոչ ոք չէր ուզում հեռանալ, անգամ երեխաներն ու թոշակառուները։

«10-15 օր տևեց տարհանումը, բարդ էր, բնակչությունը չէր ուզում հեռանալ․ իրենց ամուսինները և զավակները պատերազմի դաշտում էին։ Մի բնակիչ ասաց՝ Հակոբ ջան, ինձ չեմ ների, եթե ես ՀՀ տարածքում լինեմ, իմ ամուսնուն ու տղային մի բան պատահի։ Պիտի այստեղ լինեմ ու ինչ-որ բանով էլ օգնեմ»,- հիշում է նա։ 

Իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո մի քանի օր անորոշ վիճակում են եղել․ չէին կարողանում հավատալ տեղի ունեցածին։ «Սխալ կարծիք կա, որ մենք մեկ ամիս ժամանակ ենք ունեցել գյուղից հեռանալու համար։ Բայց այդպես չէ։  Ամսի 9-ին, երբ դադարեց պատերազմը, գրեթե 4-5 օր անորոշ վիճակում ենք եղել, մենք չէինք հավատում, որ այդ պայմանագրով հյուսիսային թևը ևս պետք է հանձնվեր։ Ճիշտ է, ասեկոսներ կային, բայց պաշտոնական տեղեկություն չկար։ Նոյեմբերի 14-15-ին մեզ տեղեկացրեցին, որ պետք է հեռանանք։ Բայց այդ ժամանակ համայնքի տղամարդկանց մեծամասնությունը դեռ զորամասերին կցված էր․ մարտական դիրքերում էին։ Իսկ  ովքեր ծառայության մեջ են եղել, իրենք ընդհանրապես չեն եկել»,- Պատմում է Պողոսյանը՝ հավելելով, որ ստիպված են եղել ծառայության մեջ գտնվողների գույքի տարհանումը ևս իրականացնել։

«Չեք պատկերացնի՝ այդ ժամանակ ինչ իրարանցում կատարվեց։ Աշխատում էինք, որ  ռազմաճակատում գտնվողների ունեցվածքը չգողանան։  Տղամարդկանցով համախմբված կազմակերպում էինք այդ ունեցվածքի պահպանումը։ Երկրորդը՝ անասուններին տարհանելու խնդիր առաջացավ։ Քշելով հնարավոր չէր, որովհետև ճանապարհին գետեր, անտառներ  պետք է անցնեինք։ Մի երկու փորձ արեցինք քշելով ՀՀ տարածք հասցնելու, չստացվեց, անասուններն  անտառով մեկ ցրվեցին և ունեցանք լուրջ կորուստներ՝ մոտ 30 գլուխ։ Մտածեցի, որ եթե չենք կարող տարհանել, գոնե  վաճառենք տեղում։ Խնդրեցինք ՀՀ բնակիչներին, ովքեր անասուններ են ուզում, գան, թեկուզ էժան, գնեն։ Եթե բեռնատարներ վարձեինք, ո՞ւր էինք տանելու, եթե մենք չունեինք տուն ապրելու համար, բա անասուններին ո՞ւր էինք տանելու, մանավանդ դեմը ձմեռ էր։ Ուստի որոշեցինք տեղում վաճառել, թեկուզ էժան գնով։ Իրագործեցինք․  50 -100 հազարով կովերը վաճառցինք  (հորթի շուկայական արժեքն է այդքան-հեղ․), հորթերին էլ թափեցինք  կամ նվիրեցինքլ։ Ու մենք շնորհակալ էինք այդ մարդուց, որ օգնեց մեզ,  բայց մեր ունեցվածքը թափեցինք ջուրը»,- պատմում է նա։

Կորսված հայրենիքը կվերադարձնենք, եթե․․․

Արցախի մեծ մասը հանձնելուց հետո պարբերաբար իշխանական մակարդակով ազդակներ են հղվում հանրությանը, թե այդ հողերը վաղուց էին հանձնված և այնտեղ ներդրումներ չեն իրականացվել։ Պողոսյանն ասում է․ «Նունիսկ իմ ծիծաղն է գալիս, որ  նման բան են ասում։ Բա եթե այդպիսի բան կար, ինչո՞ւ էին մեզ ասում՝  դա ձեր հայրենիքն է։ Եթե մենք նման ինֆորմացիա  ունենայինք, ինչո՞ւ էինք այնտեղ գերեզմանոց ունենում, ինչո՞ւ էինք դպրոցներ կառուցում, ինչու էինք մանկապարտեզի մասին մտածում, ինչո՞ւ էինք խաղահրապարակ և հանդիսության սրահ կառուցում։ Ինչո՞ւ էինք այգիներ հիմում։ Այնտեղ կաշխատեինք, գումարը կբերեինք ՀՀ տարածքում այդ ամենը կանեինք։Մենք մեր հողի մեջ էինք։ Մարդիկ մինչև հիմա էլ չեն համակերպվում նոյեմբերի 9-ի համաձայմագրի հետ»։

Նա վստահ է՝  կգա այդ ժամանակը, որ Քաշաթաղը նորից հայկական կլինի։ «Դրա համար ժողովրդի և իշխանության մտածելակերպը պետք է փոխել։ Ղարաբաղցի-հայաստանցի և այլ նման բաժանումները  մեզ խանգարում են, որ համախմբվենք, սիրենք, պաշտպանենք ու զարգացնենք մեր երկիրը»,- ասում է նա։

Պողոսյանը ցավով է արձանագրում բացասական վերաբերմունքը արցախցիների հանդեպ․ «Դա ամենացավոտ հարցն  է, որ մեր բնակչությանը տանջում է։ Մենք մի փոքր առավելություն ունենք, որ մեր ակցենտի մեջ չկա Արցախի բարբառ, և դա մեր ինքնությունը թաքցնում է։ Ես աշտարակցի չեմ, ես արցախցի եմ։ Ես դրանից ինձ լավ եմ զգում։ Որ իմանում են, այդ բացասական վերաբերմունքը զգում եմ։ Եթե ես զգում եմ, բնիկ արցախցին հաստատ կզգա։ Իմ երեխաներն էլ են բնիկ արցախցի։  50 թե 100 տարի էլ անցնի, դա իմ հողն է մնալու, և ոչ մեկ ոչ մի ստորագրությամբ չի կարողանալու ինձ համոզել, որ դա իմը չէր»,- ասում է նա։

Պողոսյանը հարց է բարձրացնում․ ինչու իշխանության ներկայացուցչին հայհոյելը օրենքով պատժվում է, բայց հայրենկացին, օրինակ՝ արցախցուն հայհոյելը, նրա  վրա անտեղի ցեխ շպրտելը՝ ոչ։ 

«Մարդիկ կան, ասում են՝ այ թուրքեր, գնացեք ձեր հողը։ Ի՞նչ է,  դա ձերը չէ՞ր, խաղաղ ժամանակ որ գալիս էիք, Թուրքիա՞ էիք գալիս”,- հարցնում է Պողոսյանը։

Ամփոփելով՝ Պողոսյանն ասում է, որ համագյուղացիներին պարբերաբար կոչ է անում հարմարվել նոր իրավիճակին և զրոյից սկսել, որ գոնե երեխաներին մի արդյունքի հասցնեն։ Բայց անգամ ինքը չի կարողանում իր խորհրդին հետևել։ 

«Ծանր է, շատ ծանր վերք է այս բնակչության վրա։ Հնարավոր չէ ասել մոռացիր և մոռանան»,- ասում է նա՝ հավելելով, որ որքան ձգձգվում է տեղահանվածների խնդիրների լուծումը, այնքան խնդիրները բազմապատիկ ավելանում են, նոր պայմաններին հարմարվելն էլ՝ բարդանում։

 

Լուսանկարները՝ Գողթանիկ համայնքի ֆեյսբուքյան էջից
 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ Գողթանիկ գյուղ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին