f

Անկախ

Նոյեմբերի մեկից դատարանը դառնում է ավելի անհասանելի քաղաքացու համար


Նոյեմբերի մեկից դատարան դիմելը կթանկանա․ ուժի մեջ են մտնում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները, որով բազմապատիկ անգամներ ավելանում է դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը, ինչպես նաև պետական տուրքի դաշտ են բերվում մի շարք գործեր, որոնք նախկինում ազատված էին այդ վճարներից։

Օրինակ, վճարովի կայանատեղին առնչվող տուգանքները դատական կարգով բողոքարկելու համար վարորդն այսուհետ ստիպված կլինի տուգանքի չափով գումար ծախսել․ 4000 դրամ պետական տուրք և հազար դրամ դատարան դիմելու այլ ծախսեր։ 

«Անկասկած է, որ այս փոփոխությունն ավելի կդժվարացնի քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրականացումը։ Սա,  ըստ էության, մեկ քայլ նահանջ է պետության կողմից քաղաքացիների  դատական պաշտպանության իրավունքի ապահովման գործում»,- ասում է փաստաբան Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ սա տրամաբանական շարունակությունն է 2020թ․ հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունների, որով ՃՈ գործերով բողոքարկումների համար սահմանվեց պետական տուրք։ 

Հակոբյանը նշում է, որ օրենսդրական փոփոխությունը հատկապես ազդելու է վարորդների շահերի պաշտպանության վրա։ «Պետությունը ստեղծում է բիզնես ռիսկ, մի յուրօրինակ իրավիճակ, երբ մարդը 5 հազարանոց տուգանքը բողոքարկելու համար նույնքան ծախս կանի և պարտվելու դեպքում ընդհանուր 10 հազար դրամի վնաս կկրի  կամ էլ կհամակերպվի և կմուծի այդ հինգ հազար դրամը»,- ասում է նա։

Փաստաբանը շեշտում է՝ պետական տուրքի կիրառմամբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ փոքրաչափ տուգանքները բողոքարկելը այլևս նպատակահարմար չի լինի։

«Հաշվի առնելով մեր պետական մարմինների գործելաոճը, որին ծանոթ եմ երկար տասնամյակներ, վստահ կարող եմ պնդել, որ այս տեսքով պետական տուրքը կիրառվելուց հետո, երբ բողոքարկումը կբարդանա, նաև պետական մարմինների կողմից կիրառվող  արգելակներն ինչ-որ առումով կհանվեն, և իրենք կսկսեն ավելի համարձակ և ավելի լայնածավալ կիրառել տուգանքը»,- ասում է նա։

Հակոբյանը շեշտում է՝ պետական մարմինը հարյուր տոկոսով պետք է վստահ լինի օրինախախտման վերաբերյալ, նոր միայն տուգանք կիրառի։ Հայաստանյան պրակտիկայում, սակայն, մինչ այս տուգանք կիրառելու սանդղակը մոտ 80 տոկոս վստահությունն է եղել։ «Հիմա, երբ բողոքարկումը կբարդանա, այդ ֆիլտրն ավելի կիջնի, այսինքն առավել  վիճահարույց իրավիճակներում տուգանքի որոշում կկայացնեն, որովհետև մարդն, ըստ էության,  ելք չունի, քան այդ 5 հազար դրամ տուգանքը մուծելը»,- ասում է նա։

Հակոբյանն ասում է՝ պրենսդրական փոփոխությունը նախաձեռնելիս հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այսպիսով դատարանները կբեռնաթափվեն։ Փաստաբանն ընդունում է՝ վարչական դատարանի գործերի առյուծի բաժինը կայանատեղիների, այն է՝ կարմիր գծերի տուգանքների բողոքարկումներին է ընկնում։ 

«Դատարանները բեռնաթափելու ձգտումը դրական է։ Բայց բացասական է, որ դա արվում է ոչ թե տուգանքների գործընթացը բարեփոխելով, առկա խնդիրները կարգավորելով, այլ արհեստական խոչընդոտներ ստեղծելով, որ քաղաքացիները չկարողանան դիմել դատարան»,- ասում է նա։ 

Փաստաբանը օրենսդրական փոփոխությունը պատկերավոր այսպես է ներկայացնում․ «Ստացվում է՝ երեխաները բակում վիճում են, մենք ոչ թե հարթում ենք վեճը, այլ ասում ենք՝ չգաս ծնողի մոտ։ Արդյունքում ծնողը հանգիստ իր համար սուրճ է խմում, իսկ  վեճը մնում է չլուծված»։

Նրա համոզմամբ՝ պետությունը դատարանների ծանրաբեռնվածության խնդրին սխալ կողմով է լուծում տալիս․ «Չէ՞ որ մեր գերնպատակը  դատարանները թեթևացնելը չէ, դրա հաշվին քաղաքացու դատական կարգով պաշտպանության իրավունքը չպետք է տուժի»։ 

Փաստաբանն ասում է՝ 2020-ից,  երբ ՃՈ տուգանքների դատական կարգով բողոքարկման համար սկսեցին տուրքեր կիրառել, էլի նույն պատկերը ստացվեց․ վարորդների մեծամասնությունը «ձեռքը թափ տալով» մուծում է տուգանքը և անցնում առաջ։

«Այսպիսով հասարակության իրավական մթնոլորտն  ավելի վատթարացնում ենք․  ունենում ենք մի հասարակություն, որտեղ մարդիկ ներքուստ համոզված են, որ չկա դատական պաշտպանության իրավունք, չկա ոտնահարված շահերի  պաշտպանության իրավունք, այս միտումն  է ավելի խորանում։ Դատարանը դառնում է ավելի անհասանելի քաղաքացու համար»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հասանելիությունը ֆինանսական առումով ներկայում էլ է խնդրահարույց, ապագայում՝ տուրքերի դրույքաչափերի փոփոխությունից հետո առավել ևս․ երբ պետական մարմինը բողոքարկում է առաջին ատյանի վճիռը և վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանում հաղթում է, անգամ ներկայիս դրույքաչափերով քաղաքացին խոշոր ծախսերի առջև է կանգնում։ 

Հարցին՝ արդյոք վարորդների բողոքը մեծամասամբ հիմնավոր է, ինչպիսին է դատական գործերի ելքերի վիճակագրությունը, Հակոբյանն ասում է, որ, օրինակ,  կարմիր գծերի հարցում 10 բողոքից 6-7-ը դատարանը լուծում է քաղաքացու օգտին։ Բայց, այդուհանդերձ, չկա միասնական դատական պրակտիկա, որը նոյեմբերի մեկից հետո  քաղաքացուն հնարավորություն կտա հասկանալ՝ արժե  արդոք ժամանակ և գումար ծախսել ու դատարան դիմել, թե հաղթանակի շանսերը փոքր են և ավելի լավ է տուգանքը մուծի։ 

«Անկախ այն բանից՝  տուգանքը հիմնավոր է, թե ոչ, կա դատական պրակտիկայի խնդիրը։ Մենք ունենք մոտ 20 դատավոր վարչական դատարանում։ Բոլոր դատավորների  մոտեցումները շատ տարբեր են, միասնական դատական պրակտիկա  չունենք։ Մենք չունենք իրավիճակ, երբ մարդը կարող է դիմել իրավաբանին, նա էլ ուսումնասիրի և ասի՝ այս գործով  կպարտվենք, այս մյուս գործով՝ կշահենք։ Նույն երևույթի վերաբերյալ 20 դատավորից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»,- ասում է նա։

«Անորոշ  իրավական վիճակ է, միայն կարմիր գծերի հետ կապված 10  վիճելի մոտեցում կա։Մինչդեռ կան նաև  գործի օբյեկտիվ հանգամանքներ, օրինակ՝ մի դատավորը համարում է, որ կարմիր գիծը մաշված է և չի կարող պարտավորություններ առաջացնել քաղաքացու համար, մյուսը համարում է, որ մաշված չէ։ Մարդու ընկալման հարց է։ Էլի կանխատեսելի չէ իրավիճակը»,- ասում է Հակոբյանը՝ նշելով, որ քաղաքացին այս ամենի մասին իրազեկվելուց հետո մեծամասամբ նախընտրում է իր փոքր տուգանքը մուծել։

Հակոբյանը վստահ է՝ նոյեմբերի մեկից հետո դատարան մուտքագրվող գործերի թիվը կտրուկ կնվազի, ինչն էլ կբերի դատարանների ծանրաբեռնվածության անկման։ Այլ հարց է, թե ինչի հաշվին դա տեղի կունենա և ինչ հետևանքների կհանգեցնի։

«Ունենք այն, ինչ ունենք»,- ասում է նա։ 

 


 

իրավունք Դատարան խմբագրի ընտրանի Մհեր Հակոբյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին