f

Անկախ

«Հերթը մերնա, մեզ էլ են տանում մսաղաց»․ Էրիկը զոհվում է 19-ամյակից մեկ օր անց


Նոյեմբերի 2-ին Էրիկ Աբրահամյանը կդառնար 20 տարեկան։ Մայրը որդուն խոստացել էր շքեղ 20-ամյակ տոնել։ Ցավոք, որդին ապրեց 19 տարի և ոչ մի օր ավել՝ զոհվելով 19-ամյակի հենց հաջորդ օրը, պատերազմի դաշտում։ Բայց մայրը խոստումը պահելու է՝ որդու 20-ամյակը տոն է լինելու, նրա հիշատակի տոնը։

Նոյեմբերի 2-ին Էրիկի ծննդավայրում՝ Արմավիրում, կհավաքվեն հարազատները, մտերիմ ընկերները, բարեկամները, զինակից ընկերները, ուսուցիչներն ու դասընկերները, համակուրսեցիներն ու բոլոր նրանք, որոնց կյանքում հետք է թողել լուսավոր ու կենսախինդ Էրիկը։ Այդ օրը կհնչի ազգային երգ-երաժշտություն, հայրենասիրական ոգի կլինի, կհիշեն Էրիկի մանկությունն ու պատանեկությունը, զինվորական ծառայությունը, այդ օրն Էրիկի անմահության տոնը կլինի։ Իսկ նոյեմբերի 3-ին՝ նրա զոհվելու օրը, կլինի լռության օր։ Մայրն ուզում է այդ օրը որդու հետ միայնակ մնալ․․․

«2020 թ հունվարի 14-ին Էրիկս գնաց բանակ։ Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ էր։ Ճանապարհելու, բանակի քեֆի վիդեոները նայում ենք, ժպիտն ու ուրախությունը չի պակասում ամբողջ օրվա ընթացքում։ Էնքան պարեց էտ օրը, երևի իր ամբողջ կյանքի տեղը պարեց»,-հիշում է մայրը՝ տիկին Հայկուհին։

Էրիկը ծառայության է անցնում Արցախի Մարտունի 3 զորամասում։ Փետրվարի 11-ին երդմնակալության արարողութունն էր։ Դեռ կարանտին չկար, ծնողները կարողանում են գնալ Արցախ ու  երեք օր անցկացնել իրենց որդու հետ։ Չգիտեին, որ դա նրանց վերջին հանդիպումն է, որից հետո այլևս երբեք չպիտի տեսնեին նրան։

Էրիկը հրետանավոր էր։ Դեռ փոքրուց կրակել գիտեր, հրաշալի էր կրակում, նաև որսորդությամբ էր զբաղվում։ Մայրը հիշում է՝ երբ փոքր էր, տանը մի մեծ զինվորական համազգեստ կար, հագնում էր, ծալում, իր հագով դարձնում ու հպարտ ման գալիս։

«Մինչև հիմա պահել եմ այդ համազգեստը։ Ընդհանրապես իր հետ կապված ամեն ինչն եմ պահել։ Հիմա ինձ հարց եմ տալիս՝ խի՞ եմ հենց իրենը պահել, էդգարինը՝ ոչ, խի՞ եմ իրեն այդքան շատ նկարել, իրեն հատուկ վերաբերվել։ Կարծես նախազգում էի` ինչ է լինելու»։

Սեպտեմբերի 27։ Մայրը հիշում է՝ այդ օրն արթնացավ և սովորականի պես հեռախոսը վերցրեց, սկսեց լուրերը նայել ու հանկարծ քարացավ․ Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր։ Անմիջապես զանգեց որդուն։ Անհասանելի էր։ Նրանց արդեն դիրքեր էին բարձրացրել։ Երեկոյան, սակայն, Էրիկը զանգեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, լավ եղեք, կզանգեմ։

«Այդպես 36 օր ամեն օր զանգեց, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, լավ եղեք, կզանգեմ։ Ուրիշ ոչ մի բան պատերազմի մասին չէր ասում։ Մենակ մի օր շատ ոգևորված էր, ասեց՝ մա՛մ, սրանց ընենց ենք ցխել, ավիրել ենք»։

Մի անգամ էլ մոր զանգն է փրկում Էրիկի կյանքը։ Հոկտեմբերի 1-ին Էրիկը խրամատում էր, երբ մայրը զանգում է։ Հեռախոսը վերցնում է, առանձնանում, որ հետը խոսի։ Երբ մի փոքր հեռանում է, անօդաչուն հարվածում է հենց այն տեղը, որտեղ մի քանի րոպե առաջ կանգնած էր Էրիկը։ Նա փրկվում է, բայց զինակից երկու ընկերները զոհվում են, շատերն էլ՝ վիրավորվում։

Վերջին անգամ Էրիկը հարազատներին զանգում է իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 2-ի առավոտյան։

«Երեկոյան նրա ընկերները տորթով եկան մեր տուն Էրիկի ծնունդը շնորհավորելու։ Զանգեց, խոսեցիք։ Ասեց՝ մա՛մ, էսօր էնքան մարդ է ինձ զանգել, բոլորի հետ խոսել եմ։ Նույնիսկ էնպիսի մարդիկ էին զանգել, որ չէր սպասել։ Հետո ասեց՝ գնում եմ պառկեմ, մի փոքր հանգստանամ, որ գիշերը հերթապահության եմ։ Ամբողջ գիշեր արթուն էր մնում և կամերաներով լարված հետևում շփման գծին»։

Մինչ Էրիկն ուզում է գնալ հանգստանալու, հրամանատարական կազմից գալիս են, ասում, որ իբր իրենց ավելի ապահով վայր են տեղափոխում՝ առաջագծից դեպի երրորդ գիծ։ Երբ տղաները սկսում են հավաքվել, Էրիկը, որ առանց հումորի կյանք չուներ, ընկերներին կես կատակ, կես լուրջ ասում է․ «Ոնց էլ հավատում եք, որ մեզ ապահով տեղ են տանում։ Հերթը մերնա, մեզ էլ են տանում մսաղաց»։ Եվ գաղտնի երկու նռնակ է վերցնում հետը։ Մեկը տալիս է ընկերոջը, մյուսը պահում իր մոտ։ Նռնակները կպչուն ժամավենով թաքուն կապում են իրենց թևերին ու ճանապարհ ընկնում։

Տղաներին տանում են Մարտունի 2-ի ու Մարտունի 3-ի միջև ընկած մի բաց դաշտ, որտեղ նույնիսկ թուփ չկար թաքնվելու համար։ Ողջ գիշեր զինվորներն իրենց սվին-դանակներով հողը փորում են, որ գոնե պառկեն մեջը, մի քիչ քողարկվեն։ «Արման, պատկերացնում ե՞ս, մենք մեր ձեռքով մեր գերեզմանն ենք փորում,-ծիծաղելով ասում է ընկերոջը։

Նոյեմբերի 3-ն էր, առավոտյան ժամը 6-ից թշնամին հրետակոծությունը սկսում է։ Ընկերը զանգում է հարազատներին, հետո հեռախոսը տալիս է, որ Էրիկն էլ իր հարազատներին զանգի, բայց նա հրաժարվում է։ Մտածում է՝ մայրը կլսի կրակոցների ձայները, կհասկանա, որ իրենց ուրիշ տեղ են տեղափոխել, անհանգիստ կլինի։ Ու չի զանգում։

Կրակը շարունակվում է 5-6 ժամ։ Տեղեկություն են ստանում, որ թշնամին հարձակվում է, որ գրավի Մարտունի քաղաքը։ Տղաները սկսում են պաշտպանություն իրականացնել։ Այդ ընթացքում վիրավորվում է հրամանատարը՝ Գևորգ Գասպարյանը։ Վերջինս զանգում է, որ իրեն փոխարինող հրամանատար ուղարկեն։ Չեն ուղարկում։ Մեկուկես ժամ այդպես վիրավոր կռվում է, և երբ գալիս են նրան հիվանդանոց տեղափոխելու, այս անգամ արդեն մահացու վիրավորում է ստանում դիպուկահարի կրակոցից։

«Շատ սրտացավ, շատ խելացի, լավ հրամանատար է եղել, երկու անչափահաս երեխաների հայր։ Եթե այդ հրամանատարը չզոհվեր, մեր երեխեքն էդպես անտերության չէին մատնվի, և շատ հնարավոր է, որ իմ որդին էլ փրկվեր»։

Հրամանատարի զոհվելուց հետո Էրիկն իր վրա է վերցնում իրենց խմբի գործողությունների կառավարումը։ Հավանաբար հենց այդ ակտիվության պատճառով էլ անմիջապես հայտնվում է թշնամու թիրախում։ Որոշ ժամանակ անց ականանետից ոտքի շրջանում վիրավորվում է։ Վնասվածքը ծանր էր, ուժեղ արնահոսում էր։ Մի ձեռքով պինդ բռնում է ոտքը, խնդրում է, որ ծխախոտ տան։ Արդեն զգում էր մահվան հոտը։ Ընկերոջն ասում է․ «Մաման ուժեղ է, կդիմանա, բայց պապան ո՞նց է դիմանալու․․․»։

Ընկերները փորձում են նրան օգնել և քաշելով դուրս հանել բաց դաշտից, բայց Էրիկը պնդում է, որ իրեն թողնեն, գնան վիրավորների համար օգնություն կանչելու և իրենք էլ չվիրավորվեն։

«Ընկերները գնում են զորամաս, հրամանատարական կազմից մի Գեղամ կա, իրեն ասում են, որ դաշտում վիրավոր զինվորներ կան, շտապ հասնել է պետք, բայց էտ Գեղամ կոչեցյալը ոչ մեկի չի ուղարկում երեխեքի հետևից»,-ասում է մայրը։

Ավելի ուշ վիրավորներին դաշտից հանում են, բայց Էրիկը նրանց մեջ չէր։ Ինչո՞ւ, մինչ օրս այս հարցը տանջում է հարազատներին։ Էրիկին գտնում են 3 օր անց՝ զոհված։

«Ինչի՞ իմ երեխուն չեն հանել այդ օրը։ Միգուցե Էրիկս վիրավոր սողալով գնացել, մտել է ինչ-որ տեղ, ու չեն տեսել իրեն։ Բայց էտ բաց դաշտում ու՞ր պիտի մտներ։ Չգիտեմ, դատաբժշկի խոսքով՝ մահը վրա է հասել վիրավորումից մոտ 20 րոպե հետո։ Բայց թևն էլ է կոտրված եղել։ Հնարավոր է՝ հետո են սնայպերով խփել, ոչինչ չգիտենք։ Միայն էն գիտենք, որ մեր երեխեն 3 օր ընկած է եղել դաշտում։ Ու իմ ցավն էն է, որ թուրքն էդ տարածք այդպես էլ չի հասել, բայց իմ վիրավոր երեխուն չեն կարողացել դուրս բերել»։

Հարազատներն Էրիկին ամենուր փնտրելուց հետո 15-րդ օրը գտնում են Հերացու դիահերձարանի առջև կայանած «ֆուռից»։ Դին նույնիսկ դիահերձարան չէին տեղափոխել, հավանաբար այդ ժամանակ դիասառնարաններում տեղ չկար։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո այն դիրքը, որն Էրիկը 36 օր անքուն գիշերներ անցկացնելով պահել էր, հանձնում են թշնամուն։ «Եթե ողջ լիներ, չգիտեմ, թե ինչ կկատարվեր հետը»,-ասում է մայրը։

Էրիկը հանգչում է Արմավիրի պանթեոնում։ Մայրն ասում է՝ շատ էր սիրում իր ծննդավայրը՝ Արմավիրը։ Երբ որդիները դպրոցական էին, որոշում են տեղափոխվել Երևան, բայց շատ կարճ ժամանակ անց նորից վերադառնում են Արմավիր, քանի որ Էրիկն ու եղբայրը՝ Էդգարը, այդպես էլ չեն հարմարվում Երևանին։

«Ինչպես կյանքում երբեք չհեռացավ իր սիրելի քաղաքից, էդպես էլ հիմա ամուր գրկեց իր քաղաքի հողը, որ ոչ մի տեղ չհեռանա»,-ասում է մայրը։

Էրիկին Արմավիրում հիշում են որպես ակտիվ, անվախ, ընկերասեր, բոլորին հասնող տղա։ Իսկ ընկերների համար կատարյալ թև ու թիկունք էր։ Էրիկը դեռ մանկուց էր բոլորի ուշադրությունը գրավում իր ճարպկությամբ ու ակտիվությամբ։ Սպորտը նրա տարերքն էր։ 5 տարեկանից տարբեր սպորտաձևերի էր հաճախում՝ բռնցքամարտ, ֆուտբոլ, լող, ըմբշամարտ և այլն։

Մայրն ասում է՝ ամեն սպորտաձևից մի վնասվածք հասցրել էր ստանալ։ Ընդհանրապես վախ չուներ, ինչ հարց լիներ, Էրիկը կանգնած էր առաջին գծում, դրա համար մոր սիրտը միշտ անհանգիստ էր, որ հանկարծ գլխին մի փորձանք չբերի։ Իսկ էրիկը մորն ասում էր․ «Մա՛մ, լինելու բանը կլինի, պետք չի ոչ մի բանից վախենալ․․․»։

***

Էրիկի մայրն ամեն օր մի քանի ժամ որդու շիրիմի մոտ է անցկացնում։ Գնում է, զրուցում նրա հետ, նայում աչքերին, զգում, թե որդին իրեն ինչ ուղի է ցույց տալիս, նրա ժպիտից կենսական էնեգիա է ստանում ու վերադառնում տուն, որ կարողանա ապրել, մինչև․․․հանդիպում։

 

 

 

Էրիկ Աբրահամյան 44-օրյա պատերազմ հերոսներ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին