Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Pfizer ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ իր մշակած դեղամիջոցը կարող է կորոնավիրուսով վարակվելուց հետո 89%-ով նվազեցնել հոսպիտալացման կամ մահվան վտանգը: Գրում է Gazzeta.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված և հիվանդության ծանր ընթացքի վտանգի տակ հայտնված 1,2 հազար մարդ։ Կամավորների մի մասին տրվել է պլացեբո դեղապատիճ։ Պարզվել է, որ իսկական դեղամիջոցն օգտագործողների մոտ հոսպիտալացման վտանգը զգալիորեն ավելի քիչ հավանական է: Բացի այդ, դեղամիջոցն ընդունողներից ոչ ոք չի մահացել։ Պլացեբո ընդունողների թվում մահացել է 10 մարդ։
Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքով՝ դեղամիջոցը կարող է օգնել խուսափել հոսպիտալացումից՝ կորոնավիրուսով վարակվելիս՝ 10 դեպքից իննում։
Մարտին հաղորդվեց, որ Pfizer-ը սկսել է COVID-19 դեղամիջոցի վաղ կլինիկական փորձարկումները՝ դեղահաբի տեսքով: Ընկերությունը պնդում էր, որ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած նախակլինիկական փորձարկումներում դեղահաբի տեսքով դեղամիջոցն արդեն ցույց է տվել հիվանդության բուժման ներուժ: