f

Անկախ

«Ֆուտբոլի գնդակը ֆուտբոլիստների կողմից դաշնակից ունենալ չի կարող»․ Հարություն Մեսրոբյան


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի համակարգող Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, նախորդ տարվա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից անցավ մեկ տարի։ Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել մեկ տարի անց։ Ի՞նչ իրավիճակում է այսօր Հայաստանը, և մոտ ապագայում ի՞նչ է սպասվում մեր երկրին ու ժողովրդին։

-Մեկ տարի անց, ցավոք, կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք գլորվել դեպի ոչնչացում, և մեզ դեռ սպասում են ողբերգական դեպքեր։ Այս մեկ տարվա մեջ մենք եզակի շանս ունեինք, երբ գետնի վրա տեղի էր ունենում ընդվզում՝ իր բոլոր ուժեղ ու թույլ կողմերով, բայց քաղաքական դաշտը, ճակատագրական սխալ անելով, գնաց դեպի ընտրություններ։ Ես դա որակում եմ որպես հետպատերազմյան Հայաստանում թիվ մեկ ողբերգություն, երբ մեր քաղաքական դաշտը ցույց տվեց, որ մենք գրեթե չունենք պետական գործիչներ ու պետական մտածողություն։ Դեռևս փետրվար ամսին ես ասում էի, որ չի կարելի գնալ ընտրությունների, քանի որ դրանից հետո Հայաստանը կմտնի ծանր փուլ, որը հղի է լինելու ողբերգական դեպքերով։ Արդյունքում՝ հունիսի 20-ից հետո մենք հայտնվեցինք է՛լ ավելի ծանր փուլում, քանի որ մեր քաղաքական դաշտը գավառամիտ է, էլ չեմ խոսում հասարակության մասին, որին ես անվանում եմ հաՄրություն։ Կարճ ասած՝ մեր հաՄրությունն արժանի է մեր քաղաքական դաշտին։

Իսկ ստեղծված իրավիճակում մենք ունենք մոտավորապես 4 տարի ժամանակ, եթե ցանկանում ենք փրկվել։

-Մինչ այդ 4 տարվան անդրադառնալը, կուզեի լսել Ձեր մեկնաբանությունն այն իրողության վերաբերյալ, երբ թշնամի պետությունն ամենաբարձր մակարդակով շարունակում է իր ծայրահեղ հայատյացության քաղաքականությունը, ավելին՝ շարունակում են սպանվել խաղաղ հայ բնակիչներ, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության դարաշրջանի մասին։

-Հայաստանի իշխանությունները հաՄրության մեջ շատ օժանդակողներ ունեն, ա՛յ դա է մեր դժբախտությունը։ Եթե մեր հասարակությունն առողջ լիներ, ո՛չ մի նման բան ո՛չ մի իշխանություն չէր կարող նույնիսկ հայտարարել։ Հասարակությունը չի ընդվզում, իսկ դա նշանակում է, որ ողբերգության ճանապարհը բաց է։ Եթե մենք ունենայինք առողջ հասարակություն, կլիներ համահայկական ընդվզում, ինչպես 1988-ին։ Ես մեր հասարակությանն արդեն չեմ ասում, թե ինչ պետք է անել տվյալ իրավիճակում։ Անիմաստ է, քանի որ այն խուլ ու համր է և գնում է դեպի ինքնաոչնչացում։ Առավել ևս, որ չունի ազգային իմունային համակարգ՝ ի դեմս ազգային մտավորականության:

-Աշխարհաքաղաքական վերադասավորումների ակտիվ գործընթաց է տեղի ունենում տարածաշրջանում. այդ կոնտեքստում առաջ է քաշվում «3+3» ձևաչափը։ Արդյո՞ք այդ ձևաչափն աշխատելու է մեր օգտին։ Ընդհանրապես որքանո՞վ եք այն իրատեսական համարում։

-Քաղաքականության մեջ ամենակարևորը նպատակ սահմանելն է, որից հետո նոր՝ մեխանիզմները։ Քանի որ մենք ինքներս որևէ հայանպաստ նպատակ չենք հետապնդում, մեխանիզմները երկրորդական, երրորդական դերակատարում ունեն։ Անիմաստ է նույնիսկ դրանք քննարկելը։ 30 տարի ասում եմ՝ եկեք պարզենք, թե ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել, ի՞նչ նպատակներ ունենք։ Քար լռություն։ Եթե մենք 30 տարի չենք պատկերացրել, թե ինչ պետություն ենք ուզում կառուցել, որ ճանապարով ենք գնում, մեխանիզմը՝ լինի «3+3», թե, օրինակ, «2-4», ինձ չի հետաքրքրում։

-Վերջերս ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էիք, որ քաղաքակրթական պատերազմը պաշտոնապես մեկնարկեց՝ նկատի ունենալով ՌԴ նախագահի ծավալուն ելույթը «Վալդայ ֆորումում»։ Կմանրամասնե՞ք ինչի մասին է խոսքը։

-Ամբողջ աշխարհում սկսվել է քաղաքակրթական, այն է՝ արժեհամակարգային պատերազմ։ Արևմուտքը գնում է բարոյահոգեբանական նորմերի արժեզրկման։ Մարդու իրավունքի դրոշի ներքո և «ազգային» ու ապազգային գրանտալափների անմիջական աջակցությամբ այսօր քայքայվում են բոլոր արժեքները՝ ընտանեկան, ազգային, մարդկային և այլն։ 2007-ին ՌԴ նախագահը Մյունխենում, իսկ հիմա արդեն «Վալդայում» ամրագրեց, որ Ռուսաստանը գնում է կոնսերվատիվ ճանապարհով, այսինքն ավանդական արժեհամակարգի պահպանման ճանապարհով։ Իսկ Հայաստանն այսօր ապազգային և «ազգայնական» գրանտալափների օգնությամբ գնում է արևմտյան ճանապարհով, որը բարոյալքման ճանապարհն է։

-Պարոն Մեսրոբյան, քանի որ խոսք գնաց Ռուսաստանի մասին, կարևոր է արձանագրել, որ վերջին շրջանում նույնիսկ հասարակության այն շերտը, որը միշտ հակված է եղել դեպի Ռուսաստան, մի տեսակ տարակուսանքի մեջ է՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումների, մասնավորապես Ռուսաստանի որոշակի քայլերի հետ կապված։ Հասարակության սպասումները՝ որպես դաշնակից պետության, Ռուսաստանից ավելին են, քան իրականությունն է, և դա օբյեկտիվ մտահոգություն է առաջացնում այդ շերտի մոտ։

-Մտահոգությունն օբյեկտիվ է, բայց եկեք նաև ընդունենք, որ ոչ մի դաշնակցային հարաբերություն դրսի ուժերից չի կարելի սպասել, եթե մենք ինքներս մեզ պահում ենք որպես դավաճան երկիր։

-Մենք դավաճանե՞լ ենք Ռուսաստանին։

-Այո։ Հիշո՞ւմ եք, երբ 2018-ին նոր իշխանությունների կողմից անմիջապես սկսվեց արշավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ։ Այդ ժամանակվանից սկսած մենք դավաճանում ենք։ Այնպես որ Հայաստանի կողմից դաշնակից ունենալու հարցը կարելի է համարել փակված։ Վե՛րջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Թուրքիայի հետ, եթե նա քրեական հետապնդում սկսեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ:

-Այսինքն Հայաստանն այսօր դաշնակիցներ չունի՞։

-Ո՛չ։ Ֆուտբոլի գնդակը ֆուտբոլիստների կողմից դաշնակից ունենալ չի կարող։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեզ վրա բոլորը ոտքերը սրբեն ու անցնեն։ Եվ գտնվելով այս բարոյալքված վիճակում՝ մենք դեռ ուրիշների՞ն ենք մեղադրում։ Ընդհանրապես եկեք խոստովանենք, որ մենք դավաճանել ենք ոչ միայն մեր դաշնակիցներին, այլ դավաճանել ենք մեր բոլոր ազգային իղձերն ու երազանքները, իսկ հիմա քաղում ենք դրա պտուղները։ Հետևաբար ոչ մի երկրի նկատմամբ որևէ պահանջ ունենալու բարոյական իրավունք ուղղակի չունենք։

-Օրերս հանրահավաք անցկացրեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ հայտարարելով դիմադրության պայքարի մեկնարկի մասին։ Այդ պայքարից որևէ ակնկալիք ունե՞ք։

-Նորից եմ կրկնում՝  մենք կորցրել ենք առվազն 9 ամիս, երբ մեր քաղաքական դաշտը, գետնի վրա ընդվզումը թողնելով, գնաց ընտրությունների հետևից՝ ոչնչացնելով պայքարը: Իսկ հիմա սկսում է դիմադրության շարժո՞ւմ։ Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ քաղաքական դաշտը գա իշխանության, ես կարծում եմ, որ չի էլ կարողանալու արժանապատիվ կառավարել մեր երկիրը, քանի որ ընտրությունների գնալով՝ ապացուցեց, որ անգամ մարտավարական հարցերում ընդունակ չէ ճիշտ հաշվարկներ անելու։ Իսկ երկրի առջև ավելի լուրջ ռազմավարական խնդիրներ կան։

-Դուք նշեցիք, որ մոտավորապես 4 տարի ժամանակ ունենք, որպեսզի հատենք անդառնալիության կետն ու հասնենք ինքնաոչնչացման հանգրվանին կամ փորձենք այդ ընթացքում ոտքի կանգնել ու գնալ լրիվ այլ ճանապարհով։ Այս իշխանության օրոք մենք շանս ունե՞նք ոտքի կանգնելու։

-Այս իշխանությունն ու հայ հասարակությունն անբարոյական դաշնակիցներ են, հետևաբար հարցը միայն իշխանություններինը չէ։ Իշխանությունները հետևանքն են, պատճառը մեր անբարո և անմիտ հասարակությունն է։ Պարզապես 2018-ին նոր իշխանությունները բացահայտեցին մեր իրական բարոյական ու մտավոր անփառունակ պատկերը։ Եվ դրա համար ես նույնիսկ շնորհակալ եմ այս իշխանություններից։ 1994-ից սկսած մենք բաց ենք թողել մեր ոսկեդարը։ Այսօր, կարելի է ասել, որ մենք պետություն ու ժողովուրդ չունենք, էլ ուր մնաց՝ ազգ։ Ունենք միայն սպառմանը միտված քայլող մարմիններ։ Եվ դրա համար էլ Արցախի փոխարեն ունենք «կիսաբաց լուսամուտներ» ու «տոտո գեյմինգներ»։ Սա է մեր բարոյական դատավճիռը։ «Կիսաբաց լուսամուտներով» հրապուրվող ժողովուրդն իրավունք չունի ունենալ Արցախ, էլ չեմ ասում՝ պետություն։

-Շատ ծանր դատավճիռներ կայացրեցիք։ Այնուամենայնիվ չկա՞ այս փոսից դուրս գալու ճանապարհ։

-Կա՛։ «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մշակման մասին արդեն բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել և նշել, թե որն է իրավիճաից դուրս գալու իրական ճանապարհը։

-Բայց եթե ասում եք, որ քաղաքական դաշտն ու հասարակությունը բարոյալքված են, այդ ծրագիրն ո՞վ և ինչպե՞ս պետք է իրականացնի։

-Այդ ծրագիրը պետք է իրականացնեն մեր հասարակության մեջ գտնվող այն փոքրաթիվ մարդիկ, որոնք ունեն բարոյական, մտավոր, կամային, ազգային, պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներ։ Հայաստանի ապագան ես այսօր կապում եմ ո՛չ այս իշխանության, ո՛չ քաղաքական դաշտի, ո՛չ փողատեր օլիգարխների, ո՛չ զիբիլ մտավորականության և ո՛չ էլ առավել ևս հասարակության հետ։ Հայաստանի ապագան ես կապում եմ այն ոսկե կորիզի հետ, որը մեր ազգը դեռևս ունի։

Հարություն Մեսրոբյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին