f

Անկախ

«Մոնթեին իմ տղա կմեծացնես, սիրում եմ ձեզ»․ Թաթուլի վերջին նամակը կնոջը


2020 թ․ սեպտեմբերի 19-ն էր։ Անահիտն անհամբեր սպասում էր հետախույզ ամուսնուն, որն արձակուրդ էր վերցրել ու տուն էր վերադառնում ծառայությունից։ Այդ արձակուրդները երիտասարդ ընտանիքի ամենասպասված, բայց ոչ հաճախ տրվող ուրախություններից էին։ Հեշտ չէր զինվորականի, այն էլ հետախույզի կին լինելը․ սպասում, կարոտ, վախ ու տագնապ։ Անահիտը դժվար էր համակերպվել այդ կյանքին, բայց դրանից նրանց սերն ու երջանկությունը ոչ թե պակասել էին, այլ ավելի խորն ու ամուր էին դարձել։

«Այդ օրը Թաթուլը ճանապարհից զանգեց, ասեց՝ արագ հավաքվիր, մեկ շաբաթով գնում ենք հանգստանալու։ Անակնկալի եկա, ասացի՝ գոնե պատրաստվենք, վաղը կամ մյուս օրը դուրս գանք։ Ասեց՝ չէ, հենց էսօր ենք գնում, ինչ պետք է՝ ճանապարհից կվերցնենք։ Մեր որդին՝ Մոնթեն, այդ ժամանակ մեկուկես տարեկան էր, միասին գնացինք»,-հիշում է Անահիտը։

Թաթուլը որոշել էր իրագործել իր մեծ երազանքներից մեկը՝ մեքենայով ճանապարհորդել ողջ Հայաստաով մեկ։ Նա խենթի պես էր սիրում Հայաստանը։ Նրա համար հայրենիքի ամեն մի անկյունը դրախտավայր էր, որը պաշտում էր ու ամբողջ հոգով վայելում։

«Մեկ շաբաթում գրեթե ամեն տեղ եղանք։ Երբ մի նոր տեղ էինք հասնում, ասում էր՝ Ա՛ն, ասա, որ հայրենիքս սիրունա։ Հենց էդպես էր ասում՝ հայրենիքս։ Երբ Շաքիի ջրվեժի մոտ էինք, ասաց՝ բա դու գիտես թուրքը գիժա՞, որ էս հողերի համար կռիվա տալիս։ Այդ ճամփորդության ընթացքում ինձ ամբողջ հայոց պատմությունը պատմեց։ Շատ լավ գիտեր ամեն մի դրվագ։ Որտեղ լինում էինք, մի հետաքրքիր պատմություն էր պատմում այդ տարածքի մասին»։

Այդ ճամփորդությունը նրանց կյանքի ամենաանհավանական, ամենաերջանիկ, բայց նաև ամենահակասական զգացումներով լի մեկ շաբաթն էր։

Վերջին օրը Տաթևում էին։ Անահիտը հիշում է՝ մտան Տաթևի վանք, ու հանկարծ իր մեջ մի տարօրինակ, անբացատրելի վատ զգացողություն առաջ եկավ։ Մոմ վառելիս անկախ իրենից արցունքները հեղեղի պես թափվեցին։ Չէր հասկանում՝ ինչից է։

Երբ եկեղեցուց դուրս են գալիս, Անահիտը հիշում է, որ մոռացել է երազանք պահել։

«Ասեցի՝ Թա՛թ, սպասի հետ գնամ, երազանք պահեմ գամ։ Ասեց՝ ես գիտեմ՝ ինչ երազանք պիտի պահեիր, ես քո փոխարեն պահել եմ։ Ուզում ես աղջիկ ունենալ։ Երբ Տաթևից դուրս եկանք, ասեցի՝ Թաթ, զգո՞ւմ ես, մենք կարծես չափից դուրս երջանիկ ենք, այնքան երջանիկ, որ թվում է, թե սա վերջն է։ Ասեցի՝ մեզանից մեկնումեկին մի վատ բան է լինելու կա՛մ ես կմեռնեմ, կա՛մ դու։ Թաթուլն ասեց՝ ես եմ մեռնելու։ Հետո ավելացրեց, որ մեռնելուց մարդ պիտի հերոսի պես մեռնի, որ իմ որդին պատմության դասը կարդա, ասի՝ սա իմ պապան է։ Ես էլ ասեցի՝  եթե քեզ մի բան պիտի լինի, ավելի լավ է երեքիս լինի, քան թե մնանք առանց մեկս մյուսի»։

Այդ խոսակցությունից հետո մի տեսակ ծանր զգացողություններով վերադառնում են Երևան։ Սեպտեմբերի 25-ն էր։ Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Թաթուլի զորամասում տագնապ է հայտարարվում։ Շտապ հագնվում է, դուրս գալիս։ Առավոտյան, երբ Անահիտն արթնանում է և կարդում չարագույժ լուրը, որ Արցախում պատերազմ է, անմիջապես զանգում է ամուսնուն։ Թաթուլն արդեն Արցախի ճանապարհին էր։

Պատերազմի ողջ ընթացքում Թաթուլը կնոջը վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, համոզում էր, որ ինքն ապահով վայրում է,  իր մասին չմտածի։

«Հոկտեմբերի 18-ին՝ կեգիշերն անց, նամակ ստացա նրանից, գրել էր «Ես ձեզ շատ-շատ եմ սիրում»։ Հաջորդ օրը առավոտյան զանգեց, հարցրեց՝ ոնց եմ, հետո ասեց՝ քեզ լավ նայիր։ Երբ խոսել-վերջացրել էինք, քիչ անց նամակ գրեց․ «Մոնթեին իմ տղա կմեծացնես, սիրում եմ ձեզ»։ Կարդացի, մի տեսակ տագնապ զգացի։ Արագ զանգեցի նրան, բայց արդեն անհասանելի էր։ Ու այլևս ձայնը չլեցի։ Վերջ»։

Հոկտեմբերի 19-ին Թաթուլը հատուկ գործողության պիտի մասնակցեր։ Գիտեր, որ այդ գործողությունից ամենայն հավանականությամբ հետ չի գա։ Ու դրա համար վերջին անգամ կնոջը սեր ու պատգամ էր ուղարկել։

Հատուկ գործողության մասին հրամանատարական կազմը 300 հոգանոց ջոկատին հայտնել էր հոկտեմբերի 18-ին՝ ասելով, որ դրան մասնակցելը կամավոր է, քանի որ վերադառնալու հավանականությունը շատ փոքր է։ Հրամանատարի այս խոսքից հետո, տեսնելով, որ ոչ ոք ռիսկ չի անում համաձայնել, Թաթուլն առաջինն էր ասել՝ ես կգնամ։ Նրանից հետո ևս 6 հոգի՝ նրա մտերիմ ընկերները, միացել էին Թաթուլին։

Հոկտեմբերի 19-ին՝ կնոջը նամակ գրելուց հետո, Թաթուլն ընկերների հետ գնում է հատուկ առաջադրանքը կատարելու։ Դեռ տեղ չհասած՝ ԱԹՍ-ն հարվածում է նրանց մեքենային։ Թաթուլը, ևս 3 հոգի զոհվում են, երկուսը՝ վիրավորվում։

Անահիտը, սարսափելի լուրը լսելուց հետո, շուրջ մեկ ամիս չի խոսում։ Ասում է՝ ոչ թե կորցրել էր խոսելու ունակությունը, այլ կորցրել էր խոսելու և առհասարակ ապրելու իմաստը։ «Խոսում են ապրող մարդիկ, իսկ ես չէի ապրում։ Չէի ուզում ապրել։ Ամիսներ շարունակ ո՛չ ապրելս եմ զգացել, ո՛չ լինելս»։

26-ամյա հետախույզ Թաթուլ Հակոբյանը հանգչում է ծննդավայրի՝ Հրազդանի պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով, որպես Անմահ գնդի անդամ՝ պարգևատրվել է նաև Հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց նվիրվածության և անձնական կամք ու խիզախություն ցուցաբերելու համար։ Թաթուլը բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր է ստացել նաև զինվորական ծառայության ընթացքում։

Ի դեպ, Թաթուլի հետ կապված մի անհավանական փաստ կա․ նա իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում փրկել է ինքնասպանության փորձ կատարող 3 երիտասարդի կյանք։

***

Հետախույզ Թաթուլ Հակոբյան ծնվել է 1994 թվականին՝ Հրազդանում։ 6 տարեկանից ձյուդոյով էր զբաղվում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ֆիզկուլտինստիտուտ, որ շարունակի պրոֆեսիոնալ մարզաձևը։ 2012-ին զորակոչվում է բանակ, զորացրվելուց հետո շարունակում կրթությունը։

Այդ ընթացքում կամավոր մեկնում է Արցախ և մասնակցում 2016-ի քառօրյա պատերազմին, ինչը նրա կյանքում ճակատագրական դեր է ունենում։

«Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, մենք այդ ժամանակ ընկերություն էինք անում։ Հիշում եմ՝ եկավ ինձ հրաժեշտ տալու ուսապարկն արդեն ուսին։ Խնդրեցի գոնե 2 օր համբերել, տեսնել ինչ է լինում, գուցե պատերազմն ավարտվում է։ Ասեց՝ չէ, ես հայրենիքիս հիմա եմ պետք։ Ու հենց նույն օրը գնաց Արցախ։ Հետ եկավ վրեժով լցված, բայց  միաժամանակ՝ հպարտ ու հաղթանակած։ Ասեց՝ վերջնական որոշել եմ, ուզում եմ զինվորական դառնալ։ Ձյուդոն մոռացավ»։

2017 թվականին Թաթուլն Անահիտին ամուսնության առաջարկություն է անում Արագածի գագաթին։ Ամուսնանում են։ 2019-ին ծվում է Մոնթեն։ Որդու անունը Թաթուլն էր որոշել։ Ասում էր՝ դեռ պիտի Արաբո ու Նժդեհ էլ ունենա, հայրենիքին զինվորներ են պետք։

2018 թվականից Թաթուլը պայմանագրային զինծառայության է անցնում ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ։ 2019-ի խաղաղապահ առաքելությամբ մեկնում է Սիրիա, որտեղից վերադառնում է պատվոգրերով ու շնորհակալագրերով։ 2020-ին մասնակցում է Տավուշի հուլիսյան դեպքերին։ Կինն ասում է՝ Թաթուլն այդ ժամանակվանից էր պատերազմին սպասում։

Երբ Թաթուլը նոր էր դարձել զինվորական, Անահիտը հաճախ էր նեղսրտում ու նրա հետ վիճում այդ թեմայով․ «Զինվորականի կին կամ ընկերուհի լիելով՝ պիտի կիսես սերդ հայրենիքի հետ։ Այդ կիսումն  ինձ համար ծանր էր։ Բայց հետո ինքն ինձ դաստիարակեց, սկսեցի հաշտվել այդ մտքի հետ ու նորմալ ընկալել դա։ Միայն կարոտի հետ չէի հաշտվում։ Այդպես էլ կարոտս մինչև վերջ չառա»։

Կիսատ մնացած երջանկության ցավն ու անհագ կարոտը փարատելու, իր մեջ ուժ գտնելու և որդուն ամուսնու պատգամով մեծացնելու համար Անահիտը մեծ ջանքեր է գործադրում։ Ասում է՝ այդ հարցում էլ է իրեն օգնում Թաթուլը՝ արդեն իր հոգևոր ներկայությամբ։ Հաճախ երազին գալիս, խորհուրդներ տալիս, ուժ հաղորդում։

«Թաթուլի դեպքից հետո Մոնթեին ոչ մի միջոցառման չէի տանում։  Մի օր Թաթուլը երազիս եկավ, ասեց «Ա՛ն, երեխեն մեղք չունի, որ էսպեսա եղել, թո՛ղ ապրի։ Վերջում էլ ասեց՝ խոստացիր, որ Մոնթեիս լավ ծնունդ կանես»։ Ես երբեք երազներին չեմ հավատացել, բայց այս դեպքերից հետո հասկացա, որ ոչինչ պատահական չի լինում»։

Թաթուլի մահից հետո Անահիտն ուզում էր ինչ-որ բան անել նրա հիշատակին։ Որոշում է գիրք գրել։ «Թիկունքում»․ այսպես է կոչվում Անահիտի հեղինակած գիրքը, որտեղ ամփոփված են նրանց բացառիկ սիրո պատմությունը, կարճ, բայց մի ողջ կյանքի երջանկություն պարգևած ընտանեկան երեք տարիները, պատերազմը՝ սիրով ու արյամբ շաղախված։  

Նոյեմբերի 11-ին Թաթուլի ու Անահիտի ամուսնության 4-ամյակն էր։ Անահիտն ամեն գնով հասցրեց, որ հենց այդ օրը տեղի ունենա գրքի շնորհանդեսը՝ որպես նվեր իր սիրելիին։

«Այս գրքում շատ ապրումներ կան, և հատկապես պատերազմի օրերի ապրումներում շատերն իրենց կգտնեն։ Պատերազմի ժամանակ զանգից զանգ ես ապրում, քանի որ հեռախոսն անջատելուց մեկ վայրկյան անց մահը կարող է գալ։ Այս գիրքն աբողջությամբ դառնություն է, ամեն տողի հետ՝ արցունքներ։ Ասում են՝ երկունքի ցավն ամենաահավորն է, բայց ո՛չ, ավելի մեծ ցավ էլ կա՝ անզորությունը, կորստի ցավը»։

Անահիտը գիրքն ավարտել է սիրելիի հետ հանդիպման այն երջանիկ սպասումով, որը նրանց կրկին կմիավորի՝ այլևս երբեք չբաժանելու պայմանով։

«Չեմ կարծում, թե կյանքն այսքանով է ավարտվում։ Երևի այդպես ամեն բան անիմաստ և իզուր կլիներ։ Հոգուս ամենանուրբ կետերում ես հավատում եմ հավիտենությանը, որովհետև դա միակ հավատի ճանապարհն է, որն էլի մի օր քեզ կապելու է ինձ, որովհետև եթե մի օր կորցնեմ այդ հավատը, հենց այդ օրը վերջնականապես կկորցնեմ քեզ․․․Իմ աշխարհը քո այս կյանքով չի ավարտվում։ Ու հիմա ու ամեն օր սպասելու եմ քեզ հետ իմ հանդիպմանը։ Կհանդիպենք, իմ անավարտ սպասում․․․Ես քեզ սիրում եմ այստեղից մինչև հավիտենություն․․․»։

 

Թաթուլ Հակոբյան 44-օրյա պատերազմ հերոսներ խմբագրի ընտրանի Անահիտ Ալեքսանյան գիրք Թիկունքում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին