Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամը, հայտ է ներկայացրել դեկտեմբերի 24-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու համար։ Այս մասին հայտնում է Regionmonitor-ը՝ հղում անելով Libya Alahrar հեռուստաալիքին։
Նա փաստաթղթեր է ներկայացրել Լիբիայի հարավում գտնվող Սեբհա քաղաքի տարածքային ընտրական հանձնաժողով։
Ավելի վաղ Լիբիայի Պետական խորհուրդը կոչ էր արել հետաձգել նախագահական ընտրությունները մինչև 2023 թվականը՝ ներկա պայմաններում դրանք անցկացնելու անհնարինության պատճառով։
Նշնք, որ ՄԱԿ-ի հովանու ներքո լիբիական քաղաքական երկխոսության համաժողովը 2021 թվականի փետրվարի սկզբին ընտրել է Լիբիայի անցումային գործադիր իշխանությանը, որը երկիրը կղեկավարի մինչև դեկտեմբերի 24-ին նշանակված համընդհանուր ընտրությունները: Նախագահական խորհրդի նոր ղեկավար է ընտրվել Հունաստանում Լիբիայի անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) նախկին դեսպան Մուհամմադ Մենֆին: Անցումային կառավարության ղեկավար է ընտրվել լիբիացի գործարար և քաղաքական գործիչ Աբդելհամիդ Դբեյբան:
2011-ին Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո սպանվել էին Լիբիայի նախկին առաջնորդն ու նրա որդին՝ Մուաթասեմը։ Գերեվարվել էր Քադաֆիի մյուս որդին՝ Սեյֆ ալ -Իսլամը, որն իր հոր ամենահավատարիմ համախոհներից մեկն էր (նա զբաղվում էր արևմտյան երկրների հետ Լիբիայի արտաքին հարաբերություններով): Նա լիբիական բանտում էր մինչև 2017-ի հուլիսը։ 2017 թվականին Սեյֆ ալ-Իսլամն ազատ է արձակվել Լիբիայի կառավարության կողմից հայտարարված համաներման շնորհիվ։