f

Անկախ

Վահեն զոհվեց՝ միավորելով հարյուրավոր որդեկորույս մայրերի


2019 թվականի հուլիսի 10-ին Վահեն Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելու վերջին քննությունը հանձնեց։ Ժամանակի մեծ մասը վերջին երկու տարում պարապմունքների մեջ էր անցկացնում, նույնիսկ ժամանակ չուներ ընտանիքի անդամների հետ նորմալ ժամանակ անցկացնելու։ Ու վերջապես հասել էր բաղձալի նպատակին, կարող էր հագիստ շունչ քաշել, բայց շունչ քաշելու ժամանակ չեղավ․ հաջորդ օրը մեկնեց ծառայության՝ նույնիսկ ոտք չդնելով համալսարան։

«Դեռ փոքրուց գիտեինք, որ Վահեն մաթեմատիկայի ճանապարհով է գնալու։ Նա այդ ուղղությամբ իդեալական էր։ Ցավոք այդ պոտենցիալի և այդքան չարչարանքի պտուղները նա չվայելեց,-ասում է քույրը՝ Սիրանը։

Վահե Եղիկյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 9-ին՝ մեր հաղթական Եռատոնի օրը, և ծնողներն անչափ  հպարտ ու երջանիկ էին դրանով։ Ինչ իմանային, որ 19 տարի անց որդին դառնալու է հերոսական պայքարի մի մասնիկը, ցավոք՝ կյանքի գնով։

Վահեն Ջրականում էր ծառայում։ Պատերազմն սկսվելուն պես մասնակցում էր ամենաթեժ մարտերին։ Սեպտեմբերի 30-ի առավոտյան, երբ երրորդ անգամ փորձում ազատագրել Լելե Թեփեն, նահանջի հրաման է գալիս։ Ամբողջ վաշտը հետնահանջ է կատարում, մնում են 4 հոգի՝ Վահեն՝ որպես դիրքի ավագ, դասակի հրամանատարն ու ևս երկու զինվոր։ Ու հենց այդ ժամանակ «սնարյադի» հարվածից 19-ամյա Վահեն մահացու վիրավորվում է։

«Զոհվելուց մեկ ժամ առաջ Վահեն ծնկից վիրավորել է, բայց հրաժարվել է գնալ հոսպիտալ։ Բաց դաշտում վիրակապ են դրել, ոտքի բեկորը հանել է, պահել գրպանում, ասել է՝ հետս տուն եմ տանելու՝ որպես հիշատակ։ Այդ վիճակում շարունակել է մարտը։ Մեկ ժամ հետո ծանր վիրավորվել է, ընկերներին ասել՝ ինձ թողեք, հեռացեք, գոնե դուք փրկվեք։ Բայց ընկերները նրան մենակ չեն թողել, դրել են մեքենան, որ հասցնեն հիվանդանոց։ Ճանապարհին մահացել է»,-պատմում է մայրը՝ Կառա Մուրադյանը։

Վահեի զոհվելու լուրն ընտանիքին չեն հայտնել։ Սկզբում ասել են՝ վիրավոր է, բերելու են Երևան։ Հարազատները խենթի պես փնտրում էին նրան, բայց Վահեն ո՛չ վիրավորների մեջ կար, ո՛չ զոհվածների։

Վահեին փնտրում են շուրջ 25 օր։ Դրանք ցավի, հուսահատության, բայց նաև հույսի փոքրիկ նշույլի օրեր էին, հրաշքի սպասման օրեր։ Ցավոք հրաշք տեղի չունեցավ։

«Այդ օրերին աչքիս մի տեսիլք երևաց։ Սգո սրահ տեսա ու փակ դագաղ։ Այնպես իրական էր այդ տեսարանը, որ հասկացա՝ որդիս ողջ չէ։ Երևի թե ինքն ինձ հուշեց, որ իրեն փնտրենք զոհվածների մեջ ու իզուր չսպասենք իր վերադարձին»,-ասում է մայրը։

Վահեին գտան դիահերձարաններից մեկում և աճյունը հողին հանձնեցին զոհվելուց 26-օր անց՝ հոկտեմբերի 26-ին, Եռաբլուրում։

Վահեի մայրը հիշում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան կանխազգացել է նաև պատերազմը։

«Առավոտյա 7։30 արթնացա, գնացի լվացարան, ու մարմնովս դող անցավ, գլուխս պտտվեց, ձեռքերս սկսեցին դողալ, մի կերպ բռնվեցի, որ չընկնեմ։ Նայում էի հայելու մեջ ու չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Հետո արդեն իմացա, որ հենց այդ ժամին թշնամին խփել է Ջաբրայիլի պոլկին, որտեղ որդիս էր ծառայում»։

19 տարեկանում Վահեն արդեն հասցրել էր հարգանք ու վստահություն ստեղծել իր նկատմամբ։ Մեկ տարվա ծառայող էր, բայց կրտսեր սերժանտի կոչում ուներ, դիրքի ավագ էր, Ջրականի գնդի սերժանտական խորհրդի նախագահը։ Հարազատերը դեռ հետո պիտի իմանային իրենց որդու խիզախության ու անձնուրաց ծառայության մասին։

Պատերազմը սկսվելուց հետո՝ մինչև Վահեի զոհվելու օրը, մայրը նրա հետ ընդամենը երկու անգամ էր հասցրել խոսել, այն էլ՝ շատ կարճ։ Հիշում է՝ վերջին անգամ երկու բառ խոսելուց հետո, երբ պիտի անջատեր հեռախոսը, Սիրանը հասցրեց ասել․ «Վահիկ, մենք քեզ սիրում ենք․․․»։ Դա նրանց վերջին խոսքն էր Վահեին։

Վահեի զոհվելուց հետո 25 օրերի անհույս փնտրտուքների ժամանակ քույրն իր ցավն ու ապրումները բանաստեղծության էր վերածել, որը, սակայն, անավարտ էր։ Սիրանը սպասում էր եղբոր վերադարձին, որ տառապանքներից ծնված բանաստեղծությունը երջանիկ ավարտ ունենա։

«Երբ իմացա, որ Վահեն այլևս չի վերադառնալու, շոկի մեջ ընկա։ Հիշում եմ՝ առաջին բանը, որ արեցի՝ վերցրեցի հեռախոսս ու գրեցի բանաստեղծության վերջին տողը «․․․Արդեն իմացա, թե որտեղ ես․․․»»։

Սիրանը Վահեից 4 տարով մեծ էր, բայց խոստովանում է՝ ավելի շատ եղբայրն էր իր հենարանը, կարծես նա էր մեծը։ Մինչև հոկտեմբերի 26-ը Սիրանը չէր հավատում ու չէր պատկերացնում, որ պատերազմը կարող է իրենից խլել եղբորը։ «Այդ օրերին ես վստահ էի, որ ինչ էլ լինի, Վահեն տակից դուրս կգա։ Այդ 25 օրերին, երբ մենք նրան փտրում էինք, ես մինչև վերջ հույս ունեի, որ Վահեն ողջ է։ Իր բնավորությամբ, իր որոշումներով նա էնպիսի կերպար էր, որ իր դեպքում ուղղակի չէր կարող այդ վերջաբանը լինել»։

Այսօր արդեն մահվան գաղափարը Սիրանն ուրիշ կերպ է ընկալում․ ասում է՝ Վահեն կա, պարզապես նա ի՛ր մեջ է ապրում։

«Վահեն միշտ եղել է իմ կեսը։ Մենք տեսքով նման էինք, բնավորությամբ՝ տարբեր, բայց հոգով կարծես նույն մարդը լինեինք։ Հիմա էլ ես նրան զգում եմ իմ մեջ, նա ինձ հետ է, պարզապես մենք չենք կարող իրար հետ սուրճ խմել, ֆիլմ դիտել, ֆիզիկապես զգալ իրար ներկայությունը»։

Քույրը հաճախ է եղբորը երազում տեսնում։ Վահեն ասես գալիս է, որ ասի՝ ես կողքիդ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ու երբ արթնանում է, Վահեի փոխանցած ջերմությունը երկար ժամանակ նրան ուղեկցում է, կարոտը՝ մի քիչ մեղմանում։

Վահեի մայրն իր ցավը վերածել է գործի։ Նա իր շուրջ է համախմբել որդեկորույս մայրերին, որ իրենց որդիների չապրածի ու չարածի էներգիան փոխակերպեն բարի և օգտակար արդյունքի։

44-օրյա պատերազմից հետո Կառա Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Հավերժ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի գործունեության առանցքը պատերազմի հետևանքով որդեկորույս մայրերի, ինչպես նաև զոհված, ծանր մարմնական վնասվածքներ ստացած, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համախմբումն է՝ նրանց կյանքի դժվարին փուլը հաղթահարելու համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու և պատերազմի ծանր հետևանքները մեղմելու նպատակով:

«Ինչ-որ պահից մենք հասկացանք, որ մեր ցավը մի փոքր կմեղմացնենք, եթե ծանոթանանք ու միավորվենք մեր նման որդեկորույս մայրերով: Մենք կարծում ենք, որ միանման ցավ ունեցող մարդիկ իրար ամենալավն են հասկանում և ամենաճիշտ ձևերն են գտնում իրար օգնելու։ Մենք հասկացանք, որ մեր որդիներին, ամուսիններին չտված սերն ու ջերմությունը կարող ենք փոխանցել այլ մարդկանց, հասկացանք, որ պիտի շարունակենք նրանց առաքելությունը»,-ասում է տիկին Կառան։

Կազմակերպությունն արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացրել, որոնք շարունակական են լինելու։

Այս պահին «Հավերժ»-ին է միացել  ավելի քան 200 որդեկորույս մայր։ Նրանց բոլորին միավորում է ոչ միայն ցավը, այլև կյանքն ավելի իմաստալից և իրենց որդիներին առավել արժանի դարձնելու ձգտումը, իսկ ամենակարևորը, որ իրենց հերոս զավակների հիշատակն ապրի հավերժ։

 

 

Վահե Եղիկյան հերոսներ 44-օրյա պատերազմ Հավերժ ՀԿ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին