Վերջին ամիսներին, երբ լրահոսը լցված է ամբողջ աշխարհը ցնցած կորոնավիրուսի մասին պատմող ամենատարբեր նյութերով, տանը մեկուսացած մեր քաղաքացիները, բնականաբար, ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուքներին զուգահեռ կարդալով նաև բացասական տրամադրություն հաղորդող բազմաթիվ նյութեր: Դրա համար էլ «Անկախը» նոր «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ», հոդվածաշարի շրջանակներում որոշեց թեմային անդրադառնալ ավելի լուսավոր դիտանկյունից: Մենք կզրուցենք տանը մեկուսացած մեր այն քաղաքացիների հետ, որոնք ամեն բան անում են չընկճվելու և այս ամենից հաղթանակած դուրս գալու համար, անգամ իրենց դրական էներգիայով ու սրտապնդիչ գրառումներով կարողանում են օգնել ու մխիթարել մարդկանց: Մեր առաջին զրուցակիցը Սատտվա Յոգա Ստուդիոյի հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանն է:
-Տիկին Բաղդասարյան, ի՞նչն էր այս պայմաններում ամենաանսպասելին մարդկանց համար: Եվ ի՞նչ խնդիրների բախվեցինք տանը մնալով:
-Մեզ թվում էր՝ կկարողանանք կանխել ամբողջ աշխարհում տարածված այս վիրուսի ներթափանցումը մեր երկիր, բայց չկարողացանք: Եվ հիմա, երբ դա արդեն իրականություն է, հասարակությունն անակնկալի եկած մեղավորներ է փնտրում: Վստահ եմ՝ եթե անգամ մեր կառավարությունն ամեն ինչ աներ իդեալական, վիրուսի ներթափանցումը, միևնույն է, անխուսափելի էր լինելու: Այս իրավիճակում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը հարցի լուծում չէ:
Ինձ համար որպես այդպիսին դժվար խնդիրներ չեն առաջացել, որովհետև փորձում եմ օրս ճիշտ կազմակերպել: Միայն վատ է, որ երեխաներիս չեմ կարողանում դուրս տանել: Ընդհանրապես պետք է օրվա ընթացքում շատ ժամանակ անցկացնենք բաց պատշգամբում կամ տան ամենաարևոտ սենյակում: Ամբողջ աշխարհը և հատկապես մեր ժողովուրդն ունի վիտամին D-ի խնդիր, և այժմ տանը մնալու պատճառով արևից զրկված լինելը հետագայում կարող է շատ խնդիրների առաջ կանգնեցնել: Դրա համար պիտի գրագետ գտնվենք և առավելագույն քիչ տուժենք: Նաև անհրաժեշտ է այնքան կամքի ուժ ունենալ, որ պայքարենք մեր անշարժունակության դեմ՝ թեկուզ տանը մարզվելով, պարելով և այլն: Մենք պարտավոր ենք ապրել հանուն կյանքի, որ հետո շատ ավելի վատ չլինի:
-Ի՞նչն է այս օրերին համավարակից ավելի վտանգավոր:
-Մարդկանց սարսափը: Իմ ողջ աշխատանքային փորձառության ընթացքում ես այնքան նամակ չեմ ստացել, որքան հիմա: Բոլորն ուղղակի սարսափած են և ամեն մի թեթև խնդիր միանգամից վերագրում են վարակին ու ընկնում խուճապի մեջ: Պիտի գիտակցել՝ որքան էլ կորոնավիրուսը համարվի մահացու, վտանգավոր լինի առողջության համար, անհրաժեշտ է չմոռանալ, որ այն բուժվում է: Ուստի պետք չէ այդքան սարսափել և վատ արտահայտվել արդեն վարակված մարդկանց հասցեին: Չէ՞ որ վտանգավոր է նաև հոգու չարությունը: Այս ամենն անցնելու է. աշխատենք պահպանել մեր ներսի մարդուն, որ հետո չամաչենք միմյանց դեմքին նայելիս:
Բացի վարակի իրական վտանգներից՝ մարդկանց վրա շատ բացասական ազդեցություն է ունենում նաև ինֆորմացիոն ողջ աղբը:
-Հետաքրքիր է, սակայն, որ մարդիկ ամեն դեպքում այս օրերին ավելի շատ նմանատիպ նյութեր են կարդում:
-Մարդ էակը բացասական ամեն ինչի մեջ ավելի շուտ է ընկնում, քան դրականի, նույնիսկ եթե տվյալ պահին իրեն կատարյալ երջանիկ է զգում: Նա հաճախ ունենում է կորուստի վախ, որն էլ հենց ընկճում է: Այստեղ կա բացառապես մեկ ճանապարհ: Դա հոգևոր կրթության ճանապարհն է, որ կարողանաս վերահսկել զգացողություններդ, գտնես կյանքումդ տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապը: Շատ քիչ մարդիկ են ծնվում դրական մտածողությամբ. մնացածը բացասական մտածողությունը դրականի վերափոխելու համար պետք է գիտելիքներ ունենան: Այդ պատճառով էլ, ուղղորդվելով իրենց ենթագիտակցության մեջ առկա վախի զգացումով, մարդիկ կուլ են գնում այդ ինֆորմացիոն աղբին: Ասեմ, որ վախի արդյունքում խախտվում է մարդու բիոդաշտի ամբողջականությունը, առաջանում են միկրոճաքեր, և այդ ժամանակ ավելի շուտ ենք հիվանդանում: Ուստի ամեն կերպ պիտի պայքարենք ինֆորմացիոն դաշտի աղտոտվածության դեմ գոնե թե ոչ մի բացասական տեղեկատվություն չկարդալով և բացառապես հետևելով մեր մտքի մաքրությանը:
-Ցավալիորեն վերջին շրջանում սոցցանցերում արված բազմաթիվ գրառումներից հասկացանք, որ ընտանիքներում բավական դժվարություններ են առաջացել՝ պայմանավորված ծնող-երեխա հարաբերություններով: Ո՞րն է նման դրսևորումների հիմնական պատճառը:
-Կյանքը վիրտուալ է դարձել թե´ երեխաների, թե´ ծնողների համար: Եվ այն էներգետիկ թանկարժեք կապը, որ պիտի լիներ ծնողի ու երեխայի միջև, փաստացի վերանում է: Ամեն բան պիտի անենք, որ վիրտուալ շփումը հանկարծ իրականից ավելի մեծ տեղ չգրավի մեր կյանքում: Կցանկանամ՝ մեր ծնողներն իրենց երեխաներին բացահայտեն այս ժամանակահատվածում. սա հիանալի հնարավորություն է նրանց ճանաչելու համար: Ինքս աշխատող կին եմ, և միշտ ունեցել եմ երեխաների հետ շփման կարիք: Եվ հիմա հիշելով հանդերձ մեզ շրջապատող բոլոր այս դժվարությունների մասին միաժամանակ վայելում եմ երեխաներիս սերը և փոխադարձաբար սեր տալիս նրանց: Ես մշակել եմ նաև համապատասխան կանոններ, որոնց շնորհիվ օրն առավել արդյունավետ ենք անցկացնում: Հայ ծնողների մի մասն իրենց գործերն առաջ տալու համար երեխաներին նստեցնում են համակարգիչների դիմաց՝ առանց հասկանալու, որ անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը: Մենք հեռախոսից օգտվում ենք որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելու համար, այն էլ՝ ամենաշատը մեկ ժամ: Երեխաներս զբաղվում են նաև իրենց դասերով ու տարբեր զարգացնող խաղերով: Ինձ համար հաճելի է նրանց համար օրը երկու անգամ սնունդ պատրաստել, ինչի հնարավորությունը չեմ ունեցել աշխատանքիս պատճառով: Միջանկյալ ասեմ՝ տանը մնալու այս օրերին, երբ մարդիկ սկսել են շատ սնվել, հետագայում ունենալու են բազում խնդիրներ: Դրա համար աշխատենք օգտագործել իմունիտետը բարձրացնող սնունդ և սնվենք ճիշտ ժամերի:
-Մինչ այս ամենը մեզնից շատերն ունեին իրենց ընտանիքի անդամների հետ առավել շատ ժամանակ անցկացնելու մեծ ցանկություն: Այժմ մեզ կարծես տրվել է այդ հնարավորությունը, բայց մենք զարմանալիորեն դժվարանում ենք օգտվել մեկուսացման դրական կողմերից:
-Շփումն ընտանիքի անդամների հետ դարձել է խնդիր վիրտուալ աշխարհի գերակայության, ինքնազարգացման ցանկության բացակայության, հոգևոր կրթության պակասի պատճառով: Մարդուն պիտի կրթել հոգևոր բարձր արժեքներով, որ նա կարողանա ճիշտ հաղթահարել կյանքի բոլոր ժամանակահատվածները, և ի վիճակի լինի անգամ պատերազմների միջով անցնել: Իսկ ո՞վ ասաց, որ այս համավարակն էլ պատերազմ չէ: Սա ողջ մարդկության խնդիրն է, բայց մարդը պատրաստ չէ անցնելու թեկուզ տանը երկար ժամանակ մեկուսացած մնալու խնդրի միջով, որովհետև հոգեպես հաշտ չէ ինքն իր հետ, ուր մնաց դիմացինների: Հակառակ դեպքում շրջապատի հետ էլ խնդիր չէր ունենա: Ի դեպ, բազմաթիվ նամակներ եմ ստանում, որտեղ խոսվում է այս շրջանում ամուսինների փոխհարաբերությունների սրման մասին: Մարդիկ, որ հիմնականում աշխատել են և իրար տեսել միայն երեկոյան, այժմ արդեն ամբողջ օրն իրար հետ են անցկացնում և բախվում տարբեր կոնֆլիկտների, փոխանակ վայելեն իրար հետ անցկացրած այս օրերը:
-Այս մեկուսացումն արդյո՞ք իրենից ենթադրում է միայն տանից դուրս չգալը:
-Բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում. տիեզերքը որոշակի դադարներ է վերցնում, որոնք մտածելու տեղիք են տալիս մարդ արարածին: Ի վերջո, տրվել է ամենօրյա մեր վազքից, անընդհատ ժամանակ չունենալու իրողությունից մի պահ դադար առնելու հնարավորություն՝ զղջալու, վերարժեքավորելու, ինքնակրթվելու, մեր ներսում եղածը հասկանալու ինքնամաքրվելու համար: Շատերը չեն հասկանում սա, և օրերն են հաշվում, թե երբ են կրկին դուրս գալու տանից: Իսկ այն անհատները, որոնք մտածում են դրական և քիչ թե շատ հակված են ինքնակատարելագործման, ամեն ինչի ավարտին այլ կերպ կգնահատեն կյանքը, անգամ՝ սովորական գրկախառնությունը:
-Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրը: Եվ ինչպե՞ս եք օգնում Ձեր սաներին:
-Արթնանալուց անմիջապես հետո մեդիտացիա եմ անում, աղոթք եմ հղում տիեզերք ամբողջ աշխարհի բարօրության համար: Հետո մարզում եմ մարմինս: Ընդ որում ես այպես եմ ապրում արդեն երկար տարիներ: Իսկ ահա այժմ հնարավորություն ունեմ մարզվելուց հետո ժամանակ տրամադրել սաներիս ու անծանոթների նամակներին: Ես, իհարկե, չեմ կարող այդքան նամակի պատասխանել, դրա համար օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհանրացված գրառումներ եմ անում, փոքրիկ տեսանյութեր պատրաստում՝ այդպես անդրադառնալով մարդկանց հուզող հարցերին՝ առանց մտնելու նրանց անձնական դաշտ: Մարդիկ շատ ծարավ են դրական էներգիայի: Ես զգում եմ էներգիայի շառավղի մեծությունը, և թե որքան շատ մարդիկ են կարողանում այդ էներգիայից օգտվել, ուստի պատասխանատվություն եմ կրում իմ սաների համար: Որքան էլ սոցցանցերի միջոցով նրանց խաղաղեցնելն ավելի դժվար է, քան դասերի ընթացքում: Փորձում եմ անել ամեն բան, որ ինձ հետևողներն առավելագույն քիչ հոգեկան վնասներ կրեն:
Այս օրերին նաև շատ ժամանակ եմ տրամադրում ընթերցանությանը:
Կյանքն էլ առաջվանը չի լինելու: Մենք դեռ երկար կկրենք այս համավարակի հետևանքները թե´ հոգևոր, թե´ նյութական առումով: Անգամ կորոնավիրուսը կարող է ավելի շուտ վերանալ, քան մարդկանց մեջ նստած վախը: Դրա համար գիտակցական մակարդակում մենք պիտի այս վիճակից ավելի շուտ դուրս գանք: Այդ պատճառով սաներիս խորհուրդ եմ տալիս ավելի շատ զբաղվել մեդիտացիաներով, որը կարևոր է մարդու մտային դաշտը մաքուր պահելու և օրը ճիշտ կազմակերպելու համար:
-Ի՞նչ կառաջարկեք մեր ընթերցողներին՝ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար:
-Ես խորհուրդ կտամ մարդկանց հետևյալ հանգստացնող տեխնիկան, որը արևի առկայությամբ պիտի անենք: Շատերս թերագնահատում ենք արևի լինելը մեր կյանքում, բայց չենք պատկերացնում՝ արևն ինչքան բան է փոխում մեր առողջության մեջ: Մինչև ժամը 12-ի արևը շատ օգտակար է: Ոչ անձրևային օրերին կարող եք դուրս գալ բաց պատշգամբ և նստել՝ ողնաշարը ուղիղ պահելով, որ էներգիաները ճիշտ հոսեն: Հետո փակում ենք աչքերը ու փորձում փակ կոպերով ընկալել արևի լույսը, որը գիտակցաբար մտովի տանում ենք ներս և տարածում մեր ամբողջ մարմնով մեկ՝ հերթով ուղարկելով բոլոր օրգաններին, հատկապես խնդիր ունեցողներին: Մեր միտքն աշխարհի ամենակառուցողական էներգիան է պարունակում: Եթե մարդիկ կարողանան ամեն օր այս փոքրիկ (կարող է տևել մի քանի րոպե անգամ), բայց օգտակար պրակտիկան կիրառել՝ կենտրոնանալով բացառապես սեփական շնչառության վրա, բացասական մտքերն աստիճանաբար կլքեն նրանց՝ պարգևելով հանգստության զգացողություն:
-Տիկին Բաղդասարյան, ի՞նչ քաջալերական խոսքով կամփոփեք մեր զրույցը:
-Ես բոլորին առողջություն եմ մաղթում: Կարևորը, որ չներշնչենք մեզ, թե հիվանդանալու ենք: Հուսամ՝ հետագայում, երբ կրկին կապրենք բնականոն կյանքով, կունենանք լույս ու արև տեսնելու հնարավորություն, մի քիչ դեպի լավը փոխված կլինենք, ավելի շատ կսիրենք ու կգնահատենք միմյանց:
Կարևոր է նաև, որ երբևէ չթերագնահատենք աղոթքի ուժը և չմոռանանք շնորհակալ լինելու մասին: Հառենք մեր սիրտն ու միտքը դեպի վեր և այդ վերին ուժով հաղթահարենք բոլոր դժվարությունները...
Արփի Խաչատրյան