f

Անկախ

Մենուա․ կապուտաչյա Հայ ասպետն ու Ոսկե արծիվը


Նա երազում էր զինվորական ասպետականության վերականգնման մասին։ Ուզում էր, որ հայ զինվորը լինի ասպետ՝ Հայրենիքի նվիրյալ, վեհանձն, պատվախնդիր, համարձակ ու ազնիվ։

Նա երազում էր բարեփոխել Հայաստանի հետախուզական համակարգը՝ հատուկ պատրաստվածությունից մինչև հայկական համազգեստ ու հանդերձանք։

Նա երազում էր տեսնել հզոր բանակ, ամուր պետություն՝ Հայաստանի ու Արցախի միասնությամբ։

Ու ինչքա˜ն բան ուներ նա տալու այդ երազանքների իրագործմանը։ Բայց չվարանեց տալ իր կյանքը, երբ թշնամին հասավ Մայր հողին։

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 22-ին, զոհվել՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Արցախի պաշտպանական մարտերում։

Դեկտեմբերի 22-ին Մենուան 35 տարեկան կդառնար, բայց իր երկրային կյանքում ապրեց այնքան, որքան Քրիստոսը՝ 33 տարի։ Ապրեց ու զոհվեց որպես ճառագող աստղ՝ իր լույսով ցույց տալով վերելքի ու ճշմարտության ճանապարհը։

Ինքնության, ազգայինի ու հայկականության ձողը ծնված օրվանից նրա հետ էր։ Երբ նոր-նոր էր սկսել խոսել, մորը՝ Կարին  Տոնոյանին, հարցնում է․ «Հայերեն ինչպե՞ս են ասում մամա ու պապա»։ Երբ լսում է պատասխանը, այդ օրվանից ծնողները նրա համար հայրիկ ու մայրիկ էին։ Ու այդպես՝ մինչև վերջ։

Հայրենապաշտությունը մարդու արյան մեջ է, բայց ինչպես տնկին, դա էլ պիտի խնամվի ու փայփայվի, որ ամրանա ու արմատներ գցի հոգու և գիտակցության խորքը։ Մենուայի մայրը Կարինն էր, և այդ տնկին տարիների ընթացքում դարձավ հզոր ու հաստաբուն ծառ և սկսեց առատ բերք տալ։

Երբ մայրը հիմնում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամը, որ հայ երեխային փոխանցի հայ լինելու բանաձևը, այդ դժվարին առաքելության մեջ նրա հենարանը որդին էր։ Գործի մեջ նա միայն որդի չէր, համախոհ էր, գաղափարակից, վստահելի ընկեր, մոր երազանքների անծայրածիր թելերը հյուսողն ու այդ երազանքներին կյանք պարգևողը։ Ու Կարինի երազանքները ճախրում  էին, միս ու արյուն ստանում, իսկ «Հայ ասպետը»՝ ծաղկում։

Քչերը գիտեն, որ «Հայ ասպետ» հեռուստահաղորդման տպավորիչ տաղավարը Մենուայի ձեռքի շնորհքն էր։ Առհասարակ ձեռքն ինչին դիպչեր՝ կյանք ու շունչ էր ստանում։ Իսկ «Հայ ասպետ» դպրոցում Մենուան սաներին ռազմագիտություն էր սովորեցնում։ Նա սովորական ուսուցիչ չէր, նա «Հայ ասպետի» ոգին էր։ Գիտելիքի հետ սաներին էր փոխանցում այն կարևորագույն արժեքները, որ միայն դասագրքով ու դասով տեղ չես հասցնի․ դա հայրենապաշտությունն էր ու հայրենատեր լինելու կամքը։ Ու այսօր նրա սաներից յուրաքանչյուրն իր մեջ մի կտոր Մենուա է կրում և մի մեծ Հայրենիք։

Զենքի մարտիկն ու հետախույզը, որ անմահացավ՝ ինչպես արծիվ

Ապրիլյան քառօրյա պատերազմին Մենուան կամավոր մեկնում է Արցախ՝ առաջնագիծ։ Մեկ ամիս անց ծառայությունից վերադառնում է՝ պայքարի հուրը սրտում։ Նա գտել էր իր ճանապարհն ու երազանքը․ դա բանակն էր, զինվորականությունը, պաշտպանությունը։ Երազում էր սպա դառնալ։ Պաշտում էր զենքն ու զինվորական համազգեստը։ Դա նրան առանձնահատուկ ուժ էր տալիս, որի էներգիան հորդում էր լուրթ աչքերում։ Ու Մենուան հետախույզ է դառնում։

Ծառայելով Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատում՝ նա խորությամբ ընկալում է ոչ միայն գործի էությունը, այլ տեսնում ոլորտի խնդիրներն ու խոցերը, որոնք չլուծելու դեպքում մեր պաշտպանությունը լիարժեք չէր լինի։ Դա նրան մտահոգում էր, ծանր ապրումների մեջ գցում։ Նա ուզում էր ՀՀ զինված ուժերը տեսնել կատարյալ ու անթերի և այդ գործում պատրաստ էր իր ողջ ռեսուրսները, իր ողջ կյանքը ներդնել։

2020 թ․ սեպտեմբերի 27։ Պատերազմի բոթն առավոտյան մայրն է հայտնում։ Քիչ անց նա կազմ ու պատրաստ Երկրապահ կամավորական միությունում էր, զանգում էր ընկերներին, հավաքում, որ ջոկատ կազմեն, շտապ մեկնեն Արցախ։

Մենուա Հովհաննիսյանը Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահն էր։  Երկրապահի «Մեծն Տիգրան» աշխարազորային գնդի կազմում նույն օրը ձևավորում են հետախուզական մեծ վաշտ, որը բաժանվում է 3  դասակի, դասակներից մեկի հրամանատարությունը ստանձնում է Մենուան, և մեկնում են առաջնագիծ։ 

Նրա   աչքերը բոցկլտում էին, սիրտը բաբախում էր, մարմնի ամեն բջիջ, մտքի ամեն անկյուն, հոգու ամեն թրթիռ պատրաստ էր մարտի։

Հոկտեմբերի 2-ին Եղնիկներ զորամասի մոտ կազմակերպում և ողջ գիշեր զինակից ընկերների օգնությամբ անտառներից դուրս է բերում նահանջի ճանապարհին անտառներում հայտնված, մոլորված, վիրավոր ու շփոթահար շուրջ 100 զինվորի՝  փրկելով նրանց կյանքը։

Իսկ Մենուայի վերջին ապշեցուցիչ մարտի մասին պատմում է նրա մտերիմ ընկեր Անդրանիկ Ավոյանը՝ որպես ականատես։

«Հոկտեմբերի 5-ի առավոտյան պետք է հատուկ գործողությամբ ազատագրեինք Արեգա բարձունքը։ Հատուկ գործողության համար ընտրվեցին հատուկ պատրաստություն անցած զինվորներ։ Մի մասը պիտի բարձրանար լեռան վրա և հարձակվեր վերևից, իսկ մեր խումբը Մենուայի ղեկավարությամբ պետք է շրջանցեր լեռը, անցներ թշնամու թիկունք և ճանապարհը փակելով՝ թույլ չտար, որ թշնամին օգնության հասնի իր զինվորներին։

Մենք տասը հոգի էինք, ճանապարհը, որով պիտի հասնեինք թշնամու թիկունք, արդեն իրենց վերահսկողության տակ էր։ Քողարկվելով՝ կարողացանք անցնել, բայց թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա էինք, զուգահեռ գնում էինք առաջ։

Հասանք տեղ, Մենուան դիրքավորեց բոլորին։ Բաժանվեցինք երկու մասի՝ հինգ-հինգ, ու ճանապարհի աջ ու ձախ կողմերում դիրքավորվեցինք: Ես ու Մենուան կանգնած էինք։ Մեկ էլ Մենուան հետ շրջվեց ու տեսավ, որ մեզանից ընդամենը 15-20 մետր հեռավորության վրա թշնամու հատուկ նշանակության «յաշմա» զորխումբը՝ մոտ 150-200 հոգի, Արեգա բարձունքից իջնում է հերթափոխ իրականացնելու։

Մառախուղ էր, բայց մեզ տեսան։ Ապշահար նայում էին ու մինչև կհասկանային ովքեր ենք, Մենուան հրամանը տվեց․ «Տղե՛րք, հանգիստ հետդարձ եք անում ու մարտի՛»։ Եվ ինքն էլ առաջինը սկսեց կրակել՝ կանգնած դիրքում, ամբողջ կրակը վերցնելով իր վրա։ Դա սովորական մարտ չէր, նա կռվում էր ինքնամոռաց։ Մարդիկ նման պահերի բնազդաբար պաշտպանվում են, թաքնվում, բայց նա նույնիսկ չէր կռանում, աչքերում երանություն էր, կարծես հասել էր իր բաղձալի երազանքին։ Ես այդ տեսարանը երբեք չեմ մոռանա, դա ուղղակի աննկարագրելի է։ Նա հաղթած զոհվեց»։

Մենուան առաջինն է ընկնում` մինչև վերջին շունչը կռվելով, հպարտ կանգնած թշնամուն դեմ հանդիման, թշնամու աչքերի մեջ նայելով և անգամ ընկնելուց հետո զենքը դեպի վեր պարզած։

Մենուա Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվում է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ արժանանալով Արցախի հերոս բարձրագույն կոչումը։

Մենուան արծիվ էր։ Նա սիրում էր բարձունք ու թռիչք։ Հաճախ էր բնության գիրկը վազում, որ այնտեղ գտնի իր ազատությունն ու վայելի իր երազանքի թռիչքը։ Հայրենի բնությունը նրա տարերքն էր, գիտեր Հայաստանի ու Արցախի ամեն մի անկյուն, նվաճել էր բոլոր բարձունքներն ու հաղթական Եռագույնը ծածանել հայոց լեռնագագաթներին։ Նա սիրում էր կապանքներից ազատ արծվի ճախրանքը՝ անսահման բարձր, երկնային ու մոգական։ Ու նա գնաց իր թռիչքի հետևից՝ մեզ հուշելով այդ թռիչքի բարձրությունը՝ 5165․․․

***

Մենուան իր շիվերը գցել է Մայր հողին։ Նա իր երկրին նվիրել է ոչ միայն իր կյանքը, իր գաղափարներն ու սերը, այլ երկու հրաշալի զավակ՝ Սարդուրին ու Արինային, որոնք վաղը հաղթական ավարտին են հասցնելու իրենց հոր գործն ու կառուցելու են նրա երազանքի Հայրենիքը՝ Ազատ ու հզոր Հայաստան, որի սահմանները ձգվում են Արցախից մինչև Կուր։

«Արցախին մենակ չթողնեք»․ գրված է հերոսի շիրմաքարին։ Այս խոսքերը պատահական չեն գրվել․ Մենուան է շշնջացել մոր ականջին։

Երեկ Մենուա Հովհաննիսյանի 35-ամյակին նվիրված հուշ-երեկոյին նրա սաները երդվեցին․ «Ընկեր Մենուա, մենք Ձեզ մի ամբողջ կյանք ենք պարտք, մի ամբողջ Արցախ: Ամենակարևոր պահին դուք Արցախին մենակ չթողեցիք... Մենք էլ Արցախին մենակ չենք թողնի...»։

 

 

 

 

Մենուա Հովհաննիսյան Ազգային հերոսներ 44-օրյա պատերազմ Հայաստան Արցախ Հայ ասպետ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին