ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն և դելտա շտամները կարող են ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի հանգեցնել։ Գրում է Gazeta.ru-ն։
Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ն օմիկրոնով և դելտայով վարակվածների թվի աճ է գրանցում։
«Սա կարող է հանգեցնել [COVID-19] դեպքերի ցունամիի, որը կարող է զգալիորեն մեծացնել ճնշումը առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում», - նախազգուշացրել է նա:
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել վերացնել զարգացած և զարգացող երկրների միջև առողջապահական անհավասարությունները, հակառակ դեպքում կառաջանա SARS-CoV-2-ի նոր տարբերակների վտանգ, որոնք կարող են շրջանցել կորոնավիրուսի սահմանափակումները։ Բացի այդ, նա դեմ է արտահայտվել հարուստ երկրներում կորոնավիրուսի դեմ խթանող պատվաստումներին, որոնք կարող են աղքատներին թողնել առանց պատվաստումների:
Ավելի վաղ Գեբրեյեսուսը հայտարարել էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը աշխարհի բնակչության 70%-ին պատվաստելու անհրաժեշտության մասին։