Վարակաբան Կոստրիկիսը հայտարարել է, որ Կիպրոսում «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդ է հայտնաբերվել։ Գրում է Gazeta.ru-ն:
Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, որը դելտա և օմիկրոն շտամների հիբրիդ է։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բացահայտումն արել է տեղացի գիտնականների խումբը, որոնք աշխատում են Կիպրոսի համալսարանի կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայում:
Այդ լաբորատորիայի ղեկավար Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ հետազոտողները COVID-19-ի նոր տարբերակն անվանել են «դելտակրոն»։
Նրա խոսքով, վիրուսի նոր տարբերակն ունի գենետիկ հիմք, ինչպես «դելտան», սակայն դրա որոշ մուտացիաներ նույնն են, ինչ «օմիկրոնին»։
«Մենք հայտնաբերել ենք զգալի թվով մուտացիաներ, որոնք նախկինում հայտնաբերվել են միայն օմիկրոն շտամով վարակվելու դեպքում»,- նշել է մասնագետը։
Ինչպես նշել է Կոստրիկիսը, «օմիկրոնն» ունի 30 մուտացիա, և «դրանցից 10-ը հայտնաբերվել են Կիպրոսում վերցված նմուշներում»։
Նա հավելել է, որ Deltacron շտամը հայտնաբերվել է կղզուց վերցված 25 նմուշներում։ Դրանցից 11-ը ստացվել են կորոնավիրուսային վարակի ախտանիշներով հոսպիտալացվածներից, իսկ մնացած 14-ը՝ սովորական բնակիչներից։
Ավելի վաղ հունական Սալոնիկում գտնվող Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Դեմոսթենես Սարիանիսն ասել էր, որ օմիկրոն շտամի ալիքը կթուլանա մինչև 2022 թվականի փետրվարի վերջ՝ հավելելով, որ դրանից հետո համաճարակը կթուլանա։