bdnews24 պորտալի փոխանցմամբ՝ Բանգլադեշից մասնագետները անվանել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենատարածված ախտանշանները։ Գրում է Gazeta.ru-ն։
Բանգլադեշի առողջապահության գլխավոր վարչության խոսնակ, պրոֆեսոր Նազմուլ Իսլամն ասել է, որ օմիկրոնով հիվանդների 73%-ը բողոքել է հարբուխից։
Այս շտամով վարակվածների գրեթե 70%-ը նշել է գլխացավեր, մարդկանց 64%-ը գանգատվել է հոգնածությունից, հիվանդների մոտ 60%-ը նկատել է փռշտոց կամ կոկորդի ցավ, իսկ 44%-ը՝ հազ, նշում են մասնագետները:
Մասնագետները նկատել են, որ այս ախտանիշները նման են սեզոնային գրիպի և հատուկ ուշադրություն են պահանջում։
Ավելի վաղ վարակաբան, Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեի անդամ, պատվաստանյութաբան Քեթրին Փոլինգը պատմել էր, թե ինչ ախտանիշներ են բնորոշ COVID-19-ի «օմիկրոն» շտամին։
Ըստ փորձագետի՝ կորոնավիրուսի այս շտամով վարակման բնորոշ ախտանիշներն են՝ հազը, հարբուխը․ հոգնածությունը, սակայն, ի տարբերություն «դելտա» շտամի, շատ հիվանդներ չեն կորցնում իրենց հոտառությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) նշում է, որ դողը, սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը, ինչպես նաև կրծքավանդակի, մկանների և կոկորդի ցավը կարող են վկայել նաև կորոնավիրուսով վարակվելու մասին։