«Օմիկրոնը» 70 անգամ ավելի արագ է բազմապատկվում, քան «դելտան»․ վարակաբան Չալենկոն
Վարակաբան Տատյանա Չալենկոն URA.ru պորտալին տված հարցազրույցի շրջանակներում ասել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը վերին շնչուղիներում բազմապատկվում է 70 անգամ ավելի արագ, քան «դելտա» շտամը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա հիշեցրել է, որ վիրուսը սկզբում մտնում է վերին շնչուղիներ՝ քթի և բերանի խոռոչներ, որտեղ այն բազմանում է և, համապատասխանաբար, շատ ավելի հեշտ է վարակում մյուսներին։
Միաժամանակ բժիշկն ընդգծել է, որ ստորին շնչուղիներում՝ կոկորդում, շնչափողում, բրոնխներում և թոքերում, «օմիկրոնը» զիջում է իր նախորդին, ուստի հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում։
Կուրսկի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Տիմոշիլովի խոսքերով՝ «օմիկրոնով» վարակված մարդը 1-2 օրվա ընթացքում վտանգավոր է դառնում ուրիշների համար։ Նա պարզաբանել է, որ «օմիկրոնով» վարակվածների մոտ գերակշռում է վերին շնչուղիների վնասումը, այսինքն՝ հիվանդները վարակիչ են դառնում COVID-19 հիվանդության վաղ փուլում։