ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
«Իմ տեղեկություններով՝ նախ Ադրբեջանը սահմանազատում էր պահանջում, ապա՝ խաղաղության պայմանագիր։ Այժմ իրավիճակը փոխվել է, եւ Ադրբեջանը ձգտում է հասնել համաձայնագրի ստորագրմանը։ Ես չեմ պատկերացնում նման համաձայնագիր երկու երկրների միջեւ առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա պարզապես անհնար է։ Չեմ կարծում, որ մեր նպատակներին հասնելու համար կա բավարար բանակցային ռեսուրս»,- նշեց երկրորդ նախագահը։
Նրա կարծիքով՝ իրեն չվտանգելու համար հայկական կողմը կփորձի հետաձգել գործընթացը։ «Ճիշտ կլիներ, որ բանակն ու սահմանները զուգահեռաբար ուժեղացվեին, բայց ոչինչ չի արվում։ Եթե գնան հետաձգելու ճանապարհով, դա կնշանակի մի բան՝ հնարավորինս հետաձգել անցանկալի զարգացումը»,- ընդգծեց Քոչարյանը։