f

Անկախ

«Վաղը որդուս ի՞նչ եմ ասելու, հանուն ինչի՞ զոհվեց իր հայրը․․․»


Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեքսանդր Սարգսյանը կդառնար 34 տարեկան։ Մայրը, երիտասարդ կինը, երեք զավակները, հարազատերն ու ընկերները Ալիկին շնորհավորեցին Եռաբլուրում՝ նրա շիրիմին ծննդյան տորթ ու ծաղիկներ տանելով։ Դուստրերը հոր համար շնորհավորական բացիկներ էին պատրաստել, դրել շիրմաքարին, իսկ երկու տարեկան որդին ծաղիկներ էր խոնարհել նրա գերեզմանին ու հայացքը շիրմաքարին հառած՝ նայում էր հորը` չըմբռնելով, թե ինչու է հայրիկն անշարժ ու իրեն չի գրկում...

Ալիկ Սարգսյանը ծնվել է 1988 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 4 տարեկան էր, երբ 1992 թվականին Արցախյան ազատամարտում զոհվում է հայրը՝ Համլետ Սարգսյանը։ Ալիկը տան միակ զավակն էր, մայրը նրան դժվարությամբ ու ցավը  սրտում է մեծացնում  և մի փոքր սփոփվում այն ժամանակ, երբ որդին արդեն գտել էր իր երջանկությունը, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել։

Ալիկի երազանքն էր տղա ունենալ և հոր անունով կնքել նրան, որ հոր հիշատակը որդու անունով շարունակվի։ Երկու դուտրերից հետո ծնվել էր փոքրիկ Համլետը։ Բայց ամեն ինչ կիսատ մնաց՝ երջանկությունը երազանքները, կյանքը։

Ալիկը ծառայել է ՀՀ զինված ուժերում, խաղաղապահ առաքելությամբ ծառայություն իրականացրել նաև Աֆղանստանում։ Սակայն 44-օրյա պատերազմից երեք տարի առաջ դուրս էր եկել Զինված ուժերից, որոշել էր իր գործը սկսել, զուգահեռ նաև ընդունվել էր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, որ բարձրագույն կրթություն ստանա։ Դա էլ կիսատ մնաց։

Երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի լուրը լսում է, Ալիկը նույն օրը կամավորական ջոկատով մեկնում է Արցախ։

«Հիշում եմ՝ առավոտյան արթնացավ և միանգամից վեր թռավ տեղից, ասեց՝ ո՞նց թե, պատերազմ է։ Ու մոտ մի կողմից տագնապ, մի կողմից ոգևորություն սկսվեց մոտը, արագ հագնվեց, գնաց զինկոմիսարիատ։ Զինկոմիսարիատից եկավ, արագ փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության պարագաները վերցրեց ու մեկնեց։ Նրան հետ չպահեցին նույնիսկ մեր երեք փոքր երեխաները։ Վստահ գնաց, որ ամեն ինչ լավ է լինելու ու ինքը հետ է գալու»,-պատմում է կինը՝ Լիլիթը։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընտանիքը երբեմն-երբեմն Ալիկի հետ կապ էր ունենում։ Զանգում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է։ Դա նրանց ուժ ու հույս էր տալիս, մինչև հաջորդ զանգը։ Վերջին անգամ Ալիկը զանգում է հոկտեմբերի 1-ի ցերեկը։ Հարազատներին չի ասում, թե որտեղ է, ինչ է կատարվում, այնինչ իրավիճակը ռազմաճակատում ծանր էր։ Այդ օրը նրանց կամավորական ջոկատը Մարտակերտից պիտի տեղափոխվեր Մատաղիս, որտեղ շատ թեժ էր, բայց Ալիկը կնոջը ոչինչ չի ասում, միայն ասում է, որ հնարավոր է՝ մի քանի օր կապ չունենա, թող չանհանգստանան։ Հենց այդ օրը, երբ հասնում են Մատաղիս ու պիտի բարձրանային դիրքեր, բլուրի ստորոտում թշնամու անօդաչուի հարվածից Ալիկը զոհվում է։

«Սպասեցինք մեկ-երկու օր, չզանգեց, մտածեցինք երևի իսկապես կապ չկա, բայց արդեն 3-4-րդ օրը սկսեցինք անհանգստանալ ու փնտրել նրան։ Ամսի 7-ին Ալիկին գտանք Գորիսի դիահերձարանում»։

Ալիկին վերջին հրաժեշտն են տալիս փակ դագաղով, կինը նրան այդպես էլ չի տեսնում, ու երևի նաև դա է պատճառը, որ մինչ օրս չի հավատում, որ նա չկա։ Դեռ սպասում է, որ մի օր հրաշքով դուռը բացվելու է, ու ամուսինը ներս է մտնելու։

Ռազմաճակատից Ալիկի ընտանիքին են փոխանցում նրա համազգեստի գրպանից հանված արյունոտ թղթադրամները։ Իսկ հեռախոսը, որի մեջ բազմաթիվ լուսանկարեր ու հուշեր կային պահպանված, այդպես էլ անհետանում է։ Դա մեծ ցավ է պատճառում հարազատներին։

«Սկզբում ասում էին՝ հեռախոսը «կագեբեում» է, էնտեղ գնացեք։ Գնացինք, ասացին՝ չկա, այդ ժամանակ խառը օրեր էին, ասացին՝ ինչ-որ տեղ կլինի, կգտնեն, կտան, բայց հետո արդեն ասացին՝ չկա։ Այդպես էլ նրա հեռախոսը մեզ չհասավ»,-ասում է կինը։

Ալիկից նրանց է հասել նաև մի լուսանկար պատերազմի դաշտից, որտեղ նրա կայտառ ու փայլուն աչքերն այնքան տխուր ու թախծոտ էին։ «Դա կարծես իմ Ալիկը չլիներ,-ասում է կինը,-հոկտեմբերի 1-ին էլ, երբ վերջին անգամ խոսեցինք, մի տեսակ տխուր էր, իր պես չէր, երևի կանխազգում էր, որ ինչ-որ վատ բան է լինելու»։

Կնոջ խոսքով՝ Ալիկը ոգևորված գնաց պատերազմ, քանի որ հոգու խորքում վրեժ ուներ, գնում էր հոր վրեժը լուծելու ու դա նրան ուժ էր տալիս։ «Ճիշտ է, ինքը հոր մասին շատ չէր սիրում խոսել, դա կարծես իր համար նուրբ թեմա էր, իր մեջ փոքրուց կարծս մի նստվածք կար, ու նա քիչ էր արտահայտվում։ Փոխարենը հաճախ էր գնում Եռաբուր հոր մոտ ու սիրում էր մենակ գնալ։ Հիմա հավերժ գնաց հոր մոտ Եռաբլուր, գնաց նրա կողքը»։

Լիլիթն էլ է սիրում մենակ գնալ Եռաբլուր, նստել ամուսնու շիրիմի մոտ ու նրա հետ միայնակ մնալ, խոսել ամեն ինչից, նրա չապրած կյանքից, ի՛ր կյանքից, որ ամուսնու մահից հետո կիսատ  ու անիմաստ է դարձել։

«Ինքն իմ կեսն իր հետ տարավ, ես հիմա ասես երազի մեջ եմ ապրում, ապրում եմ զուտ իմ երեխաների համար, ապրում եմ, որ ապրեցնեմ իր հիշատակը, իր անունը․․․»

Կինը հիշում է՝ Ալիկի համար Արցախը մի ուրիշ աշխարհ էր։ Ասում է՝ միշտ, երբ պատերազմի մասին խոսք էր բացվում, Ալիկն ասում էր․ «Որ օրը պատերազմ լինի, ես գնալու եմ»։ Եվ կինը համոզված է՝ եթե նույնիսկ Ալիկն իմանար, որ զոհվելու է, էլի կգնար։

«Բացառված է, որ էն հողը, որտեղ իր հայրն է զոհվել, նա չգնար պաշտպանելու։ Եթե նույնիսկ առաջին օրն էլ չգնար, ապա նա այն տեսակը չէր, որ նստեր ու 44 օր սպասեր, թե ինչով է ավարտվելու պատերազմը։ Իրեն ճանաչելով՝ ես վստահ եմ, որ անկախ ամեն ինչից՝ նա կգնար ու իր կյանքը կտար»։

Ինչպես հայրենիքին էր նվիրված, այդպես էլ ընտանիքին, մորը, կնոջը, ընկերներին։ Կինն ասում է՝ երանի այդքան հոգատար ու լավը եղած չլիներ, որ այսօր նրա կորուստն այսքան ծանր չտանեին։

«Յուրահատուկ ամուսին էր, հոգատար, նվիրված, շատ լավ ընկեր, լավ որդի, լավ հայր։ Ինքը լավ մարդ էր ու հիմա իր շնորհիվ մեր կողքին շատ լավ մարդիկ կան, որ մեզ թևութիկունք են»։

Ալիկի մարտական ընկերները պատմում են, որ նա հիանալի զինվոր է եղել, հրաշալի տիրապետել է իր գործին, ամենաբարդ աշխատանքներն իր վրա վերցրել։

Ալեքսանդր Սարգսյանը հետմահու արժանացել է Արիության մեդալով։ Կինը հպարտ է, որ ամուսինը հերոս է, բայց մեկ է, դա նրան չի սփոփում, քանի որ չգիտի՝ վաղն իր որդուն ի՞նչ է ասելու, հանուն ինչի՞ զոհվեց իր հայրը։

«Մեր բոլոր տղաներն անմեղ զոհեր են, հիմա մենք չգիտենք, թե ինչու նրանք զոհվեցին։ Երբ իմ որդին մեծանա ու հարցնի, թե ինչո՞ւ զոհվեց իր հայրը, ես չունեմ պատասխան։ Եթե գոնե հաղթանակ լիներ, ես որդուս կասեի՝ հայրդ զոհվեց հողի, հայրենիքի համար, և մենք այդ հողը պահեցինք։ Բայց այս պատերազմը․․․ սա ոչ մեկիս գլխում չի տեղավորվում, մենք չգիտենք, թե սա ինչ էր ու ինչ համար․․․»։

 

 

հերոսներ 44-օրյա պատերազմ Ալեքսանդր Սարգսյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին