f

Անկախ

Սիրելի Մարտին Երիցյանի հիշատակին...


Սիրելի Մարտին Երիցյանի հիշատակին...

Իր երկրային ուղին է լրել պրոֆեսոր, վինագործ վարպետ Մարտին Երիցյանը: Հրաշալի և լուսաշող Մարդ: Ազնվական հայի տեսակի մարմնավորում... Նա այն տեսակն է, որ պատիվ է բերում ինքնահարգանք ունեցող ցանկացած ազգի, երկրի, պետության: Այդ տեսակի մարդիկ են երկրի աղը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

--

ՊՐՈՖԵՍՈՐ ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի մարդկանց մասին գրելը և դյուրին է, և բարդ, միաժամանակ:

Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի դյուրին լինել, քան՝ հայտնի մարդու մասին գրելը: Չէ՞ որ նրան շատ-շատերն են ճանաչում, ուստիև՝ ներկայացնելու առանձնապես կարիք չկա: Դա, իհարկե, այդպես է: Բայց մյուս կողմից, և նույն այն պատճառով, որ նրան շատերն են ճանաչում, նաև բարդ ու պարտավորեցնող է հայտնի մարդուն անդրադառնալը: Մանավանդ, որ նրա գործունեությունը խիստ յուրահատուկ է:

Մեր հրապարակման հերոսը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնի պրոֆեսոր Մարտին ԵՐԻՑՅԱՆԸ, հենց նման եզակի մասնագիտության ներկայացուցիչ է նաև: Երաժիշտ ու մանկավարժ լինելուց բացի, նա վինագործ է՝ հայտնի վինագործ-վարպետ, նոր ժամանակներում Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին ու շնորհակալ գործի շարունակողը: Եզակի ընկալումների տեր անհատ, ազնվական հայ:

ՀԱՅՐԱԿԱՆ ՀՈՐԴՈՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ

Երկաթե ծանր դուռը բացվում է, ու թվում է, թե ոտք ես դնում մի երևակայական աշխարհ: Իրականում դա մի փոքրիկ սենյակ է՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նկուղային հարկաբաժնում: Սակայն լարային կվարտետի համար սենյակի կենտրոնում դրված աթոռներն ու նոտակալները, պատերին փակցված նկարները, լուսանկարները, ազդագրերն ու երաժշտական գործիքները հուշում են, որ դա այնքան էլ հասարակ սենյակ չէ: Իսկ երբ ծանոթանում ես սենյակի տիրոջ հետ, զգում նրա հայացքից քեզ փոխանցվող բարությունը, թվում է, թե ոչ մի պատ էլ չկա, այլ դու մի ընդարձակ ու լուսավոր համերգասրահում ես …

Հարկավ, բարեբախտություն կարելի է համարել, որ Տրապիզոնում ծնված, Ցեղասպանության արհավիրքից մազապուրծ, Սալոնիկի հայկական «Արական որբանոցի» սան Շահեն Երիցյանը հեռավոր 1925-ին, մորական Մարիամ տատի հետ որոշեց հենց Հայրենիք գալ, այլ ոչ թե մեկ այլ տեղ բախտ որոնել: «Հայրիկս, որ այդ ժամանակ արդեն վարպետ էր, իր շուրջը հավաքելով արևելյան նվագարաններ պատրաստող վարպետների, Չարենցի ու «Պետհրատի» տնօրեն Պողոս Մակինցյանի օգնությամբ Երևանում արհեստանոց հիմնադրեց: Այնտեղ հիմնականում պատրաստում էին արևելյան գործիքներ, արհեստանոցի գլխավոր վարպետը Շահեն Երիցյանն էր, նա պատրաստում էր մանդոլինա, կիթառ, ալտեր, ջութակներ, թավջութակներ...»,-պատմում է Մարտին Երիցյանը:

Երաժիշտների, պրոֆեսիոնալ կատարողների քանի-քանի սերունդ է մեծացել ու իր կատարումներով համերգասրահներ նվաճել՝ վարպետ Շահենի պատրաստած ուրույն նվագարաններով:

Իսկ ինչ վերաբերվում է անձամբ իրեն, հարցիս արձագանքելով, Մարտին Երիցյանը ժպտում է, ապա տնտղում ապագա ջութակի դեռ «հում» դեկան, այն մի կողմ է դնում ու պատասխանում. «Ծնվել եմ 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում, Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող այն տանը, որը հայրս հիմնել է մայրիկիս՝ Սիրանուշի հետ: Դեռ փոքրուց միշտ ներկա էի լինում հայրիկիս արհեստանոցում: Իսկ երբ ուսանող էի, հայրիկս միշտ պարտադրում և խորհուրդ էր տալիս, որ անպայման դառնամ նախ՝ լավ ջութակահար, երաժիշտ, հետո նոր՝ ջութակ պատրաստելը պիտի լինի ուսման երկրորդ շարքը: Եվ հայրիկիս խորհրդին հետևելով, ավարտեցի Երևանի պետական կոնսերվատորիան, այնուհետև ընդունվեցի ասպիրանտուրան, երեք տարի էլ այնտեղ համերգային ծրագրերը պատրաստեցի, որից անմիջապես հետո ընդունվեցի Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ, որպես երկրորդ ջութակահար»: Այդ կվարտետի ու Մարտին Երիցյանի երաժշտական նվաճումները ոչ պակաս հիշարժան են, անշուշտ, բայց դա մեկ այլª ծավալուն անդրադարձի նյութ է:

ԱՄԵՆԱԱԶՆՎԱԳՈՒՅՆ ՈՒ ՏԱՆՋԱՀԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Վարպետը նկատում է, որ երաժիշտ լինելով հանդերձ, նաև ջութակ պատրաստել կարողանալը շատ մեծ առավելություն է: ՙՋութակ պատրաստելն ամենաազնվագույն աշխատանքներից մեկն է, որ միաժամանակ նաև տանջահար գործ է: Շատ դժվարագույն աշխատանք է, իհարկե, որովհետև այն պահանջում է հսկայական էներգիա և մեծ նվիրում, մեծ նվիրվածություն՝ այդ ամբողջ գործը ավարտին հասցնելու և լավագույն աշխատանք ստեղծելու համար: Դա ինձ համար ամենամեծ պարգևն է Աստծու կողմից, որ ժառանգել եմ հայրիկիցս ու սովորել եմ այդ արհեստը, հիմա արդեն կարելի ասել՝ արվեստը, որի շնորհիվ իմ աշխատանքներն ամբողջ աշխարհում ճանաչված են. և ջութակներս, և ալտերը, և պոմպոզան»:

Թվում է, թե անշունչ առարկաներն ու իրերը նրա մատների հպումից ու այդ մատների հղկված վարպետությամբ շնչավորվում ու կյանք են առնում: Կախարդա՞նք է: Ոչ: Այստեղ կախարդանք չկա: Կա կատարելության բարձր աստիճանի հասած վարպետություն: Թեպետ, մի՞թե կատարելության այդ աստիճանն ու կատարելության մշտական ձգտումը մի յուրատեսակ հրաշք չեն: Սեփական գործը ջերմորեն սիրելու և դրան անմնացորդ նվիրվելու հրաշքը: Իսկապես, որքան պետք է մարդ նվիրված լինի իր գործին, որպեսզի ոչ միայն անմնացորդ տրվի դրան, այլև շարունակաբար ձգտի կատարելագործման, նույնիսկ ճանաչման դափնիների արժանանալուց հետո: Այդօրինակ ձգտման դրսևորումների շարքում պետք է նշել Մարտին Երիցյանի մեկնումը Չեխոսլովակիա (1985թ.) և աշխատանքը հայտնի վարպետ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում: Հատկանշական է նաև Մարտին Երիցյանի և ամերիկահայ անվանի վարպետ Վահագն Նիկողոսյանի ծանոթությունն ու դրան հաջորդած բարեկամությունը:

Ի դեպ, արժե նշել, որ Մարտին Երիցյանը մինչ այժմ պատրաստել է 500-ից ավելի ջութակներ, մոտ 300 ալտ, և 30 թավջութակ, չհաշված 20-ից ավելի քանոնները, 15 քեմանիներն ու 7 թավ քեմանիները, 2 viola da gamba-ները, 2 pochette-ները և 2 viola pomposa-ները: Ի թիվս բազմաթիվ այլ մրցանակների ու դիպլոմների, որոնց տարատեսակ մասնագիտական ստուգատեսներում Մարտին Երիցյանն արժանացել է իր գործիքներով, թավջութակներից մեկի համար 1980 թվականին Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթում (Իտալիա) հայ վարպետին մրցանակ է շնորհվել: Դա ավելին է, քան՝ ճանաչումը: Ըստ որում, վարպետն իր ստեղծած գործիքների մեծ մասին հայեցի անուններ է դրել՝ «Մասիս», «Գոհար», «Ռուզաննա»…

ՊԱՊԻ ԵՎ ՀՈՐ ՀՂԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Երբ հետաքրքրվում եմ վարպետի աշխատանքային գործիքներով, պարզվում է, որ դրանք էլ ուրույն պատմություն ունեն: Այդ գործիքների զգալի մասը, ջութակ արարելու արվեստի հետ, նրան ժառանգություն է մնացել Շահեն Երիցյանից: Նա ֆրանսիական, շվեդական, ամերիկյան հայտնի ընկերությունների դրոշմակնիքով այդ գործիքները Հունաստանից է բերել, և ինչպես Մարտին Երիցյանն է ասում՝ «երևի դեռ մի 200 տարի էլ կարելի է օգտագործել, քանզի բոլորը բարձրորակ նյութերից են պատրաստված»:

Իսկ ջութակ ստեղծելու նրբությունների մասին, սկսած պահանջվող որակի և չորության եղևնափայտի ընտրությունից ու վերևի դեկայի կորություններից, վերջացրած ջնարակի նշանակությամբ ու այլ էական մանրամասներով, Մարտին Երիցյանը ուշադիր ունկնդրին կարող է պատմել անվերջ: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե կա՞ն վարպետի գործը շարունակողներ:

«Սա ժառանգաբար է փոխանցվում: Մեծ տղաս՝ Տիգրանը, Իսպանիայում է ապրում, և նվագում է, այսինքն՝ և երաժիշտ է, և նորոգումներ է անում, և պատրաստում է գործիքներ: Այնպես եղավ, որ դժվարությունները նրան ստիպեցին Իսպանիա մեկնել և այնտեղ աշխատել: Իսկ փոքր տղաս՝ Կարենը, այստեղ է, ինձ հետ է, միասին ենք աշխատում: Կարեն Երիցյանը նույնպես և՛ երաժիշտ է, և՛ գործիքներ է պատրաստում, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում 1990 թվականին դիպլոմ է ստացել որպես շնորհալի վարպետ: Որպես ջութակահար, Արտաշես Մկրտչյանի, Մարտին Յավրյանի, Պարույր Շահազիզյանի հետ նվագում էր Արամ Խաչատրյան լարային քառյակում, և ինչ-որ սիմվոլիկ բան կար դրա մեջ: Բայց քանի որ այդ կվարտետը գոյություն չունի այլևս, ինքը ժամանակը հիմա ավելի շատ տրամադրում է նոր գործիքներ պատրաստելուն: Հույս ունեմ և վստահ եմ, որ թոռներս (վարպետն ունի 7 թոռ ու 3 ծոռ)՝ Շահենը, Մարտինը նույնպես պիտի կարողանան շարունակել իրենց մեծ պապի հիմնադրած այս ընտանեկան արվեստը»,-լուսավոր ու բարի հայացքով նրանց լուսանկարը ցույց տալով ասում է վաստակաշատ վարպետը:

«ԻՆՁ ՇԱՏ-ՇԱ՜Տ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԻ»

Աշխատանքը ի՞նչ է տալիս մարդուն՝ զուտ նյութական պահանջմունքները բավարարելուց զատ: «Ապրելու ոգևորություն է տալիս: Ես գիտեմ, որ վաղը պետք է վեր կենամ, այս մի գործն էլ պիտի ավարտեմ, այս գործիքն էլ ստեղծեմ, և դա մնում է պատմության մեջ արդեն»,-նկատում է վարպետը:

Իսկ արդյո՞ք ինչ-որ առանձնահատուկ երանգ ունի հենց Հայաստանում աշխատելը:

ՙԳիտեք, հայրիկս կարող էր գնալ Եվրոպա, օրինակ, Ֆրանսիա: Կարող էր գնալ Ամերիկա, լիներ այնտեղ շատ-շատ ճանաչված վարպետ ու շատ հարուստ մարդ: Բայց նա նախընտրեց գալ Հայաստան և ապրել ի՛ր երկրում,-նկատում է Մարտի Երիցյանն ու հավելում:-Ես էլ հիմա շատ ընկերներ ունեմ, որ ինձ կանչում են արտասահման, Ամերիկա, նկատելով, որ մի տարվա մեջ ես կարող եմ լինել շատ-շա՜տ հարուստ մարդ:

Բայց ինձ շատ-շա՜տ հարստությունը պետք չի: Ինձ ավելի շատ պետք է, որ ես հայրիկիս պատրաստած տանը, որտեղ որ ինքս ծնվել եմ, հայ երիտասարդների համար ստեղծեմ գործիքներ, որոնք միշտ կհիշվեն: Եվ չնայած, մեծ քանակի պատվերներ եմ ունենում արտասահմանից, բայց նախընտրում եմ համեմատաբար էժան գնով գործիքներ տալ հայ երեխաներին, հայ երիտասարդներին, այն իմաստով, որ լավ գործիքներով կարողանան նվագել ու նվագեն այստեղ: Եվ ամեն անգամ, երբ նրանք համերգ են ունենում և ինձ էլ հրավիրում են, երբ տեսնում եմ, որ իմ պատրաստած գործիքով են նվագում, դա ինձ համար ամենամեծ երջանկությունն է: Հաճույք և ուրախություն է դա: Ամենամեծ հատուցումը՝ չարչարանքի դիմաց:

Հայաստանում մնալը գիտե՞ք ինչ է: Այն օդը, ջուրը, որ Հայաստանն ունի… Շատ երկրներում եմ եղել, բայց այդ ամենը այնպես չէ, ինչպես Հայաստանում:

Հարստությունն այն է, ինչ որ տվել ես: Ես էլի շա՜տ հարուստ եմ, փառք Աստծո: Այն իմաստով եմ շատ հարուստ, որ երբ մի ուսանող իմ գործիքի վրա է նվագում, ու երբ ինձ հանդիպում ու ժպտադեմ բարևում է, ես զգում եմ, որ ինչ-որ լավ բան անում եմ և արել եմ հայերի համար, հայ երեխայի, տաղանդավոր ջութակահարների համար, մարդկանց համար»:

***

…Ես քայլում եմ Բաղրամյան պողատայով: Թվում է՝ սովորական մի օր է: Զգացողություններն են անսովոր: Քայլում եմ ու ինձ հպարտ եմ զգում, զուտ այն պատճառով, որ Մարտին Երիցյանի հետ նույն երկրում եմ ապրում, որ նման հայրենակից ունենք: Ու զգում եմ, որ ջութակի հայ հրաշագործի հետ ծանոթանալուց հետո, ո՞նց ասեմ՝ Երևանն ինձ համար կարծես մի տեսակ ընդարձակված լինի: Բարի ու ավելի մաքուր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

*հրապարակվել է «Հայոց աշխարհ»-ի 2009թ. հուլիսի 8-ի համարում:

Լուսանկարները՝ հեղինակի

Մարտին Երիցյան մահազդ Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին