f

Անկախ

Երկրի կայացած ընտանեկան «կլաններին» հետապնդելու փոխարեն՝ պետք է խրախուսել նրանց նոր ներդրումները. Արմեն Գևորգյան


Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հեղինակային հոդվածը, որում նա ներկայացնում է ռիսկերի երեք խումբ՝ միաժամանակ ներկայացնելով այն քայլերը, որոնք կօգնեն պետությանը՝ դիմանալ ճգնաժամին եւ հաղթահարել այն հնարավորինս լիարժեք կերպով։ Հոդվածը կարդացեք ստորեւ. 

Մինչեւ երկրի համար անխուսափելի ռիսկերի նկարագրմանն անցնելը ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. պահանջվող քայլերը պետք է լինեն ոչ ստանդարտ, կառավարչական մեթոդները պահանջելու են վճռականություն եւ խիզախություն, ինչպես նաեւ՝ անհատական եւ թիմային պատասխանատվություն վերցնելու կարողություն։ Կայացվելիք որոշումների հանդեպ վերաբերմունքը լինելու է տարբեր։ Ոմանք դրանց մեջ փորձելու են տեսնել  հովանավորչություն, չարաշահումներ, աննպատակահարմարություն։ Բայց առաջիկայում ձեւավորվելիք իրականությունը պահանջելու է տնտեսության ամենօրյա «ձեռքի ռեժիմով» կառավարում, օպերատիվ եւ խիստ ռացիոնալ որոշումների կայացում։ Պետք է լինելու ճգնաժամային մենեջմենթի ունակ թիմ։ Ընդ որում՝ այդ թիմը պետք է պատրաստ լինի այն բանին, որ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ նրանց աշխատանքը, ցավոք, կարող է երբեւէ չգնահատվել, ավելին՝ իրենք կարող են ենթարկվել հետապնդումների։

Ես շատ լավ եմ հիշում, թե, օրինակ, Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի եւ Թումոյի պես կարեւոր եւ հեռանկարային նախագծերը ժամանակին ինչ դիմադրության էին արժանանում եւ ինչքան կամք, համբերություն, վճռականություն մեզ անհրաժեշտ եղավ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու եւ դրանք ավարտին հասցնելու համար։ Նման ռազմավարական նախագծերի ցանկը բավականին երկար է, եւ հիմա, խնդրեմ, այն մարդիկ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ժամանակին դրանք իրականացնել, գտնվում են դատախազության եւ քննչական մարմինների ուշադրության կենտրոնում։ Հասկանո՞ւմ է արդյոք այսօրվա իշխանությունը, որ շատերն այսօր որոշումներ կայացնելիս եւ պատասխանատվություն վերցնելիս կարող են այս հեռանկարն ունենալ իրենց աչքի առաջ, եւ պատասխանատու որոշումներ կայացնելիս իրենք իրենց հարց կարող են տալ՝ իսկ ինչի՞ս է պետք, արժե՞ արդյոք անել սա այսօր, եւ ամեն անգամ այս տատանվելը, երկմտելը էապես ազդելու է պետական մեքենայի արդյունավետության եւ աշխատանքի արդյունքների վրա։ Իսկ մենք ժամանակի եւ ռեսուրսների մեծ պահուստ այսօր չունենք։ Սա՝ որպես նախաբան։

Այժմ առանձնացնեմ ռիսկերի երեք խումբ՝ միաժամանակ ներկայացնելով այն քայլերը, որոնք կօգնեն պետությանը՝ դիմանալ ճգնաժամին եւ հաղթահարել այն հնարավորինս լիարժեք կերպով։ 

Առաջին խումբ. առողջապահական համակարգի խնդիրներ՝ համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում։ Այստեղ ես ինձ խորհրդատվական առաքելություն թույլ չեմ տա՝ պայմանավորված տեղեկատվության սակավությամբ եւ ոլորտի շուրջ իմ գիտելիքի սահմանափակությամբ։ Շաբաթներ առաջ ես առաջարկել եմ մի շարք պրոֆիլակտիկ քայլեր, իսկ այսօր արդեն առողջապահական համակարգի կոլապսից խուսափելու մասին պետք է մտածենք։ Ակնհայտ է, որ այստեղ նույնպես խնդիրը լինելու է ընթացիկ իրավիճակի որակյալ մենեջմենթը։ 

Երկրորդ խումբ. պոտենցիալ ռիսկեր, որոնք կախված են արտաքին գործոններից։     

- Էներգակիրների սակագները, մասնավորապես՝ գազի գին, ամբողջ շղթան՝ գազ, էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառում։ Սա ունենալու է կարեւոր նշանակություն՝ տնտեսության վերականգնման համար եւ պայմանավորելու է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Այստեղ մեզ համար առանցքային խաղացողը Ռուսաստանն է։ Պետք է կարողանալ կառուցել ճիշտ եւ օպտիմալ երկխոսություն։ Սակագների օպտիմիզացիայի մյուս ուղղությունը կարող է լինել Իրանից գազի մատակարարումը։ Այս ուղղությամբ պետք է լուրջ մտածել։ Մենք ունենք արդեն ժամանակին կառուցված խողովակաշարը։

- Հայկական արտադրության ապրանքների սպառման շուկաները։ Խոսքը հիմնականում գյուղմթերքի վերամշակման մասին է՝ ալկոհոլ, պահածոներ, հյութեր եւ այլն։ Սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է եւ ԵԱՏՄ։ Կարիք է լինելու գտնել նոր մեխանիզմներ՝ նվազեցնելու համար արժույթի տատանումների ռիսկերը։

- Հայկական ապրանքների՝ Ռուսաստան տեղափոխման լոգիստիկ լուծումներ, մասնավորապես՝ Վերին Լարսը։ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան շղթան։ Այս տեսանկյունից արդիական է բեռնաշրջանառությունը Իրանի եւ Վրաստանի հետ ու նրանց միջոցով։
- Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների չեզոքացում. դրանք կարող են սրվել նավթի գների փլուզման պատճառով առաջացած ներքին լարվածության ֆոնին։

-Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության ապրանքների անխափան մատակարարում։

- Արտագնա աշխատանք, որի հիմնական պոտենցիալ շուկան նորից Ռուսաստանն է։

- Վարկերի եւ դրամաշնորհների նոր հնարավորություններ. դրանք կարող են լինել Համաշխարհային բանկից, Արժույթի Միջազգային Հիմնադրամից, Եվրամիությունից, Ասիական բանկերից, Չինաստանից, Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ, ի դեպ, ունենք այսպես կոչված «ստաբիլիզացիոն վարկի» փորձ՝ 2009 թ., 500 միլիոն դոլար, եւ, կարծում եմ, հնարավոր կլինի արագ պայմանավորվել։ Ռուսաստանի հետ հնարավոր կլինի նաեւ պայմանավորվել՝ ստեղծված իրավիճակում պետական պարտքի մասնակի դուրսգրման շուրջ:

- Սկսել բանակցություններ՝ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի՝ դեպի Թուրքիա արտահանման շուրջ՝ նույնիսկ փակ սահմանների պարագայում:

- Սուր արդիական մարտահրավերի է վերածվում ավիացիայի շուրջ իրավիճակը։ Պետք է շատ ուշադիր լինել՝ չկորցնելու համար եվրոպական ավանդական այնպիսի ավիափոխադրողների, ինչպիսիք են «Էյր Ֆրանսը», «Ավստրիական ավիաուղիները», «Էգեյան ավիաուղիները», «ԼՈՏ Լեհական ավիաուղիները»։ Բացի դրանից, պետք է սթափ վերլուծել, թե եվրոպական ավիացիոն իշխանությունների զեկույցում տեղ գտած գնահատականները որքանով կարող են ազդել եվրոպական ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան թռիչքների վրա։ Այստեղ ռիսկերն արդեն ոչ միայն տուրիզմի եւ արտաքին հաղորդակցության շրջանակներում են, այլեւ՝ Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանային համալիրների հզորացման, դրանցում նոր ներդրումների ներգրավման:

Սա, ինչպես եւ վերը թվարկված մի շարք այլ կետեր շատ նուրբ խնդիրներ են եւ պահանջում են հնարավորինս մանրակրկիտ եւ մտածված մոտեցում՝ գրեթե առանց սխալվելու իրավունքի։ Այս պատճառով արժե այդ կետերի շուրջ համագործակցության հրավիրել մարդկանց, որոնք ժամանակին լուծել են նմանատիպ խնդիրներ եւ Հայաստանի համար անվտանգության բարձիկ ստեղծել՝ նմանատիպ այլ բարդ ժամանակներում։

Երրորդ խումբ. ներքին ռիսկեր.

- Վերանայել կառավարության կառուցվածքը, այն ադապտացնել նոր մարտահրավերներին եւ ռիսկերին։ Սա, թերեւս, առանձին քննարկման թեմա է։

- Վերանայել 2020 թվականի բյուջեի հիմնական կետերը, ինչպես նաեւ՝ միջնաժամկետ բյուջետային պլանավորման 2021-2023թթ. ծրագիրը։ Վերագնահատել կառավարության մակրոտնտեսական քաղաքականության չափորոշիչները՝ կարճաժամկետ հեռանկարի համար։ Այս թեմայով արդեն շատ մանրամասն արտահայտվում են մի շարք առաջատար տնտեսագետներ եւ նախկին պետական գործիչներ (Վաչե Գաբրիելյան, Վարդան Արամյան, Հրանտ Բագրատյան, Վահրամ Ավանեսյան եւ այլոք)։

- Երաշխավորել արտաքին գործընկերներին հայկական արտադրության ապրանքների՝ սանիտարահիգիենիկ նորմերին խստիվ համապատասխանությունը։ Խստացնել որակի վերահսկողությունը պետական մակարդակով, Հայաստանը դարձնել ֆեյքային եւ մաքսանենգ ապրանքներից զերծ գոտի։

- Ապահովել բանկային համակարգի կայունությունը՝ թույլ չտալու համար կապիտալի արտահոսք արտերկիր կամ «բարձի տակ», ինչպես նաեւ բանկային կայունության եւ բանկային գաղտնիքի խիստ երաշխիքներով հասնել առաջիկայում օտարերկրյա կապիտալի ներհոսքին հայկական բանկեր։ Ուզում եմ շեշտել. նոր ճգնաժամային իրողողությունների պայմաններում դա ավելի քան հնարավոր է։

- Պետք է հաշվարկել, թե ինչ տեմպերով եւ ինչ զգուշությամբ է անհրաժեշտ բնակչությանը հանել այսպես կոչված «սպառողական վարկերի ասեղից», ավելի մեծ ռեսուրսներ ուղղել տնտեսության իրական սեկտորի ֆինանսավորմանը։

- Առանձնահատուկ կերպով պետք է զբաղվել տնտեսության մեջ համակարգաստեղծ ձեռնարկություններով՝ անկախ այն հանգամանքից, թե ո՛ր ոլորտում են դրանք։ Նրանցից յուրաքանչյուրի պրոբլեմը շղթայական ռեակցիայով կվնասի շատերին։

- Կազմել պոտենցիալ ներդրումային նախագծերի ցանկ՝ Երեւանում եւ մարզերում։ Դրանցից յուրաքանչյուրի համար փորձել գտնել պոտենցիալ ներդրող եւ ստեղծել հատուկ սխեմա՝ պետություն-մասնավոր համագործակցության, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել՝ ենթակառուցվածքների եւ լոգիստիկ հնարավորությունների հարցում։ Նմանատիպ պոտենցիալ նախագծերի մասին ես խոսել եմ սեպտեմբերի երեքին հրապարակված՝ «Հայաստանի զարգացման հնարավորությունները» հոդվածում: 

-  Նոր համակարգաստեղծ նախագծերի իրականացում եւ նրանց նպատակային ֆինանսավորում, օրինակ՝ Իրանի եւ Պարսից ծոցի երկրների հետ ավելի ինտենսիվ առեւտրի ռեժիմի սահմանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցման ակտիվացում, Քաջարանի թունելի կառուցում եւ այլն։ Այսպիսի նախագծերի շուրջ մի շարք առաջարկ կարելի է գտնել նույն հոդվածում։ Հաշվի առնելով, որ վերջին օրերին ակտիվացել են հայ-թուրքական հարաբերությունների կամ շփման թեմաները, հիշեցնեմ հնարավոր համագործակցության մեկ այլ պոտենցիալ նախագծի մասին՝ Արաքս-Սուրմալու հատվածում նոր միասնական ջրամբարի կառուցման։

- Շինարարական բիզնեսի ոլորտը հայտնվելու է մեծ անորոշության մեջ։ Հաշվի առնելով այդ ոլորտի մեծ մուլտիպլիկատիվ ազդեցությունը ողջ տնտեսության վրա՝ պետք են հատուկ միջոցառումներ՝ խթանելու համար մասնավոր շինարարությունը,  հատկապես՝ բնակարանային։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անշարժ գույքի շուկային, որի հնարավոր կտրուկ անկումը կարող է բերել ծանր հետեւանքների, այդ թվում՝ բանկային համակարգում։ Հուսով եմ՝ այս նոր իրողության պայմաններում իշխանությունը կհրաժարվի անշարժ գույքի հարկի բարձրացման ուտոպիստական գաղափարից կամ նվազագույնը՝ այն տարբերակներից, որոնք այսօր քննարկվում են։ Դյուրացնել եւ առավելագույնս թափանցիկ դարձնել շինթույլտվությունների տրամադրման ընթացքը Երեւանում։

- Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության առանձին փաթեթի մշակում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ չի հաջողվելու փրկել այդ ոլորտի բոլոր ձեռնարկությունները, եւ պետք է հնարավոր այլընտրանքային լուծումների համար պայմաններ ստեղծել՝ նրանց համար, ովքեր կցանկանան մնալ բիզնեսում եւ ստեղծել հավելյալ արժեք պետության համար։

- Գյուղատնտեսության զարգացման եւ ֆերմերային տնտեսության աջակցության հատուկ ծրագիր, չօգտագործվող հողատարածքների մշակում։ Խնդիր դնել՝ գյուղմթերքի որոշ տեսակներով ապահովել ներքին շուկայի 90-100 տոկոսանոց հագեցվածություն։ Օրինակ՝ ցորեն եւ այլ հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլ եւ այլն։ Սրա համար պետք է լինելու սուբսիդավորում եւ աջակցության այլ մեխանիզմներ։ Պետք է վստահ լինել, որ ֆորսմաժորային իրավիճակներում պետությունն ինքը կկարողանա իրեն ապահովել ստրատեգիական պաշարով։ Այս պահին մենք արդեն կորցնում ենք գարնանացանի աշխատանքների ակտիվ փուլը։ Ուշադրություն դարձրեք ջերմոցային տնտեսությունների վրա. նրանք այս պայմաններին կարող են չդիմանալ, իսկ դա արդեն լուրջ ծավալներ են։

- Հատուկ ուշադրություն պետք է դարձվի տուրիզմի ոլորտին։ Ամբողջ աշխարհում, այս դադարից հետո, այն դառնալու է ամենաարագ վերականգնվողներից մեկը։ Շատերը ձգտելու են դուրս գալ իրենց ապաստարաններից եւ նորից բացահայտել աշխարհը։ Այս սեգմենտում ճիշտ աշխատանքի դեպքում այս ոլորտը կարող է դառնալ Հայաստանի հետհամաճարակային հաղթաթղթերից մեկը։ Այս նպատակով պետք է պատրաստել եւ իրականացնել ագրեսիվ փիար արշավ միջազգային լրատվամիջոցներով՝ ներկայացնելով մեր երկիրը։ Հենց այդ պատճառով պետք է օգնել նաեւ հյուրանոցային համակարգերին, այդ թվում՝ հարկային արձակուրդի ճանապարհով։

- Պետք է հնարավորություն տալ՝ երկրի կայացած տնտեսական ընտանեկան «կլաններին»՝ Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար։ Քրեական եւ այլ հետապնդումների փոխարեն պետք է խրախուսել նրանց կողմից նոր նախագծերի, նոր ներդրումների նախաձեռնությունը։ Միայն այս ճանապարհը կբերի աշխատատեղերի բացմանը եւ մուծվող հարկերի ավելացմանը։ Ցանկացած օտարերկրյա ներդրողի երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ իրավիճակը հասկանալու, հաշվարկներ կատարելու համար, իսկ տեղական կապիտալի համար ամեն ինչ ավելի հեշտ է՝ ունեն բոլոր գործնական կապերը եւ իրենց ձեռնտու է բիզնեսի առավելագույն օրինականացում՝ թե՛ ի շահ իրենց, թե՛ ի շահ պետության։ Մոտավորապես այս մոդելով է նախորդ դարի կեսերին շարժվել Հարավային Կորեան։

- Կազմել պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման գլոբալ ծրագիր՝ առողջապահության, կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում։ Հատուկ ուշադրություն դարձնել կրթության եւ մշակույթի ոլորտների բարեփոխումների վրա։ Սկսել պետական բժշկական ապահովագրության նոր համակարգի ներդնումը։   

- Պետական եւ համայնքներից բոլոր գնումներն իրականացնել բացառապես մրցութային կարգով, հրաժարվել «մեկ աղբյուրից գնման» գաղափարից։ Այն, ինչ պետք է գնվի, պետք է նախապես դրված լինի պետական բյուջեում։ «Չենք հասցնում ժամանակին» ձեւակերպումը պետք է մոռանալ։ Չենք հասցնում, ուրեմն չենք անում։ Դրանով պետք է մեծացնել պատասխանատվությունը՝ պոտենցիալ բացթողումների համար։ Բացառություններ կարող են լինել ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցերում։

- Հստակեցնել եւ խստացնել պետական տենդերներին մասնակցության պայմանները՝ արգելելով այն ընկերությունների, որոնցում ներգրավված են պետական պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք։

- Էականորեն բարձրացնել դատավորների աշխատավարձերը՝ ստեղծելով նրանց անվտանգության եւ անկախության նոր երաշխիքներ։

- Իրավապահ համակարգի վրա քաղաքական վերահսկողություն՝ ՆԳՆ շրջանակներում։

- Զանգվածային մշակութային եւ այլ ծախսատար միջոցառումների ժամանակավոր սառեցում՝ պետական միջոցների խնայողության եւ այդ միջոցներն ավելի սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով։

- Պետական պաշտոնյաների գործուղումների եւ ներկայացուցչական ծախսերի կտրուկ կրճատում, պետական կարիքների համար գնվող նվերների ստանդարտիզացիա։

- Այսօր Կառավարությունն առավելապես զբաղված է առավել խոցելի խմբերի համար սոցիալական լարվածության մինիմալացմամբ, ինչը կարեւոր է։ Մյուս կողմից, վստահ եմ, որ այսօր եւեթ անհրաժեշտ է կազմել նախաձեռնությունների եւ քայլերի փաթեթ՝ համաճարակի հաղթահարումից հետո բնակչության զբաղվածության խնդրի լուծման նպատակով։ Սրա մեխանիզմներն, իհարկե, ունեն առանձին դետալացման եւ մասնագիտական քննարկման կարիք։

Ամփոփում

Հայաստանը, մյուս պետությունների պես, ստիպված է լինելու գնալ բարդ, խելացի, ոչ ստանդարտ լուծումների ճանապարհով։ Այլ հնարավորություն ստեղծված իրավիճակը չի տալիս։ Մեր երկիրը ստիպված է լինելու համախմբել իր տնտեսական, ինտելեկտուալ եւ մարդկային ռեսուրսները՝ իրավիճակը հաղթահարելու եւ տնտեսական կենսունակությունը վերագտնելու նպատակով։ Այս պարագայում հանրային մթնոլորտի բարելավումը, ներքին թշնամության բացառումը, ներքին համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը եւ իրական, գործուն քաղաքական մորատորիումը պարզապես հրամայական են։ Հակառակը հարվածելու է պետությանը եւ երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Արմեն Գեւորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Հայաստան արմեն գևորգյան

Այլ հոդվածներ հեղինակից

Քայլի Ջեները զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ
Հա, մի հարց էլ՝ «սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»...
Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացնող օրենքը
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին
Նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին
CNN- ի լրագրողը ձերբակալվել է ուղիղ եթերի ժամանակ
Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 8572  դեպք  է  հայտնաբերվել
Նախագահը մշտապես ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում. նախագահը ստորագրել է կոնվենցիան
Նիկոլ Փաշինյանի, Արտավազդ Վանյանի եւ Արթուր Ասոյանի ասուլիսը՝ պարետատան նիստից հետո. ուղիղ
Դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն. այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդևանյան
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
ճիշտ կլինի, որ Ադրբեջանից հնչող թեմատիկ հայտարարությունների պատասխաններն առավելապես հնչեն Արցախի Հանրապետության համապատասխան ինստիտուտների կողմից
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան
Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան
Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարևորությունը
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը
Արցախի նախագահը ևս երկու նախարար է նշանակել
Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին. Բալասանյան
Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում աշխատանքները
Ավելին
Ավելին