f

Անկախ

Ամենածանրը ծնողներիս երիտասարդության և երեխաներիս մանկության կորուստն է․ Քրիստինե Բալայան 


«Ես հավատում եմ, որ մի օր Քաշաթաղը, Քարվաճառը, Շուշին կրկին մերն են լինելու։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել։ Թե ինչպես ենք վերադարձնելու մեր հայրենիքը, չգիտեմ, բայց այսպես մնալ չի կարող»,- ասում է Քաշաթաղի շրջանի Մովսեսաշենի դպրոցի տնօրեն, 40-ամյա Քրիստինե Բալայանը։ Նա հիշում է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո բոլորի հետ վիճում էր, համոզում ու ապացուցում, որ չի կարող այնպես լինել, որ Քաշաթաղը, Քարվաճառն ու Շուշին մերը չլինեն, դրանք Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհային հանգույցներն են, Արցախի «շնչափողը»։ Բայց նոյեմբերի 25-ին, ինչպես և բոլորը, Քրիստինեն ևս ստիպված լքեց հայրենի գյուղը՝ Վազգենաշենը, բայց այդպես էլ չհամակերպվեց կորստի հետ։ Ասում է կորսված հայրենիքում  է մնացել իր ծնողների երիտասարդությունը, իր երեխաների մանկությունը և, իհարկե,  դպրոցը, որի բարեկարգման, կահավորման ու արդյունավետ գործունեության համար սկզբում Միքայել Բալայանը, իսկ 2011-ից  նրա դուստր Քրիստինեն ջանք ու եռանդ չէին խնայել։

Վերաբնակեցման պատմությունը

Քրիստինեի հայրը՝ Միքայել Բալայանը, որպես կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին, եղել է ջոկատի հրամանատար։ Պատերազմի հաղթական ավարտից հետո դարձել է Քաշաթաղի վերաբնակեցման ծրագրի մասնակից։

«Հայրս շրջել է Քաշաթաղում, ուսումնասիրել տեղանքը և հավանել Վազգենաշեն գյուղը։ Բերձորից 42 կմ հեռավորության վրա էր այն, շրջակա գյուղերն էլ բնակեցված չէին այն ժամանակ։ Մերը փոքրիկ գյուղ էր, մի քանի տներով։ Տները կարծես անտառի մեջ լինեին, իսկ գյուղի միջով գետ էր հոսում։ Նաև չորեկողմանց բերքատու ծառեր էին, որ կողմ նայում էիր, միրգ էր»,- պատմում է Քրիստինեն։

1994թ․ ապրիլին  Միքայել Բալայանն է 3 այլ վերաբնակների հետ հաստատվում Վազգենաշենում, իսկ հունիսին նրան է միանում ընտանիքը՝ կինը, 13-ամյա դուստրը և 15-ամյա որդին, որը  մի քանի տարի անց՝ 2000թ․ ձիուց ընկնելու հետևանքով մահանում է այնտեղ։

Հարցին, թե Երևանից Քաշաթաղ տեղափոխվելիս ընտանիքում քննարկել են արդյոք որոշումը, Քրիստինեն ասում է, որ հոր որոշումն իրենց համար օրենք էր․ այն ընդունել են առանց ընդվզման։ Սկզբնական տարիներին, երբ գյուղում ոչինչ չկար, ոչ ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ խանութ, ոչ ավտոմեքենա և ոչ անգամ դպրոց, ընտանիքին այնտեղ պահել է միտքը, որ հայոց ազատագրված հողը պետք է բնակեցված լինի հայերով։

«Այն ժամանակ վերաբնակիչներին կով էին տալիս։  Երբ մեզ կով տվեցին, ունեցանք կաթ, մածուն, պանիր։ Օրեր կային, որ հացի հարցը լուծել չէինք կարողանում։ Ամիսներով մեքենա չէր լինում, պատահում էր, որ 2-3 ամիս խանութ չէինք գնում, սահմանափակվում էինք մեր ունեցածով։ Շատ դժվար էր, բայց դե տարիների ընթացքում կարողացանք տնտեսություն հիմնել՝ այգի ունեինք, փեթակներ, 40 գլխից ավել խոշոր եղջերավոր անասուն, հավեր, հնդկահավեր»,- ասում է Քրիստինե Բալայանը։

Հիշում է՝ Երևանից տեղափոխված ընտանիքը գյուղատնտեսական գիտելիքների խիստ պակաս ուներ։ Հայրն ու մայրը այգեգործության մասին գրքով առաջնորդվելով են իրենց այգին հիմնել ու միաժամանակ սովորել, նույնը և մեղվաբուծությունը։ Այնքան էին հմտացել, որ անգամ խաղող և թուզ էին  աճեցնում, դրանք  Քաշաթաղի հյուսիսի սառը կլիմայի պատճառով տեղանքում չէր աճում։ «Ձմռանն արմատները փակում էր հայրս, գարնանը բացում, որ ցուրտը չտանի»,- ասում է Քրիստինեն՝ հավելելով, որ իրենց սեփական օգտագործման համար ամեն ինչ էլ ունեին՝ մրգից մինչև բանջարեղեն։

Քրտնաջան աշխատանքի շնորհիվ շուտով կարողանում են նաև ջուրը մոտեցնել տանը․ մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրի մոտից  հայր ու որդի  խողովակի կտորներով ջրագիծ են  կառուցում ու ջուրը հասցնում մինչև տուն։ 2008-ին արդեն գյուղի բնակիչներն ամեն մեկն իր ջանքերով կարողացել էր տան ներսում ջուր ունենալ։

2010-ին գյուղը նաև էլեկտրաֆիկացվում է։ Այս պահից սկսած գյուղից այլևս արտահոսք տեղի չի ունենում, բայց նաև նոր ընտանիքներ չեն ավելանում․ գյուղն ուներ 7 տնտեսություն։

«Գյուղը ենթակառուցվածքներից շատ հեռու էր, ուստի բնակիչները քիչ էին, ամեն մարդ չէր դիմանա այդ դժվարությանը»,- ասում է Քրիստինեն։

1997-ին հարևան Մովսեսաշենում նաև դպրոց է բացվում՝ կրթվելու հնարավորություն ապահովելով նաև հարակից գյուղերի բնակիչների համար։ Ինչպես Քրիստինեն է հիշում՝ իր հայրը, որ դպրոցի տնօրենն էր, և մայրը, որ դասավանդում էր դպրոցում, 11  տարի ամեն օր ոտքով 8 կմ ճանապարհ են անցել դպրոց հասնելու համար և նույնքան էլ քայլել են տուն վերադառնալու համար։ Վազգենաշենից դպրոցականներ չեն եղել մինչև 2007թ․։ Իսկ 2008-ից Բալայանների ընտանիքն արդեն ավտոմեքենա ուներ և գյուղի աշակերտներն արդեն այդ ավտոմեքենայով էին դպրոց հաճախում (գյուղն ունեցել է մինչև 7 աշակերտ, որից երկուսը Քրիստինե Բալայանի դուստրերն են եղել)։

Խոսելով գյուղի առանձնահատկության մասին՝ Քրիստինեն ասում է, որ իր ասածն ավելի շուտ Քաշաթաղի հյուսիսի առանձնահատկությունն էր․ այստեղ բնակչությունը քիչ էր, կլիման ցուրտ և մարդիկ միայն գյուղատնտեսությամբ ապրուստ վաստակել չէին կարողանում․ ամեն ընտանիք նաև աշխատող ուներ, հետևաբար նաև ամենամսյա կայուն եկամուտ։ «Բնակչությունը քիչ էր, ուստի հնարավոր էր այնպես անել, որ ամեն ընտանիք աշխատող ունենա»,- ասում է Քրիստինեն և  հավելում, որ Քաշաթաղի հյուսիսի դանդաղ զարգացման պատճառներից մեկն էլ հենց բնակչության սակավությունն էր։

Դրանով էր պայմանավորված նաև աշակերտների սակավությունը․ Արախիշ համայնքի 7 գյուղերը սպասարկող  Մովսեսաշենի դպրոցն առավելագույնն ունեցել է 22 աշակերտ, իսկ պատերազմից առաջ ընդամենն 8 աշակերտ ուներ։

Անդրադառնալով կրթության որակին՝ Քրիստինեն նշում է, որ գյուղի երեխաների ունեցածը միայն դպրոցի կրթությունն էր, ուստի բոլորն էլ սովորելու ձգտում ունեին։ Ավելին, կրթությունը գրեթե անհատական էր, ուստի աշակերտներն  ամեն օր բոլոր դասերին պատրաստ էին ներկայանում և դաս պատասխանում։ «Իմ երեխաներն այնտեղի ստացած կրթությամբ, առանց լրացուցիչ պարապմունքների,  Երևանում քոլեջ են ընդունվել՝  անվճար համակարգում։ Մեր բոլոր շրջանավարտներն,  ովքեր ցանկացել են, առանց պարապելու բուհեր են ընդունվել»,- ասում է Քրիստինեն՝ հավելելով, որ բարձրագույն կրթության ֆինանսական կողմն  էլ ամեն գնով փորձում էին ապահովել ձգտում ունեցող երեխաների  ծնողները։

Աղետալի պատերազմը

Անդրադառնալով պատերազմի սպասելի լինել-չլինելու հարցին՝ Քրիստինե Բալայանն ասում է, որ նման բան որևէ բնակիչ չէր սպասում։ Հիշում է՝ սեպտեմբերի 26-ին Գորիս էին գնացել՝ ամսվա առևտուր անելու։ Ճանապարհից հոգնած, մի փոքր քնելուց հետո, երբ արթնացել են, ստացել են պատերազմի լուրը։ Ասում է՝ վստահ էր՝ ապրիլյան պատերազմի պես այս մեկն էլ մի քանի օրից կավարտվեր։ Բայց օրերն անցնում էին, իսկ պատերազմի ավարտն այդպես էլ վրա չէր հասնում։ Հոկտեմբերի սկզբին իր 5 տարեկան տղայի հետ ստիպված լքում է գյուղը՝ ապահովության նկատառումներով։ Վազգենաշեն է վերադառնում արդեն նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո՝ այն նորից պարտադրաբար լքելու պայմանով։

Եվ չնայած տան որոշ իրեր կարողացել են Երևան հասցնել, ասում է՝ բաներ կան, որ անհնար է տեղափոխել կամ փոխհատուցել՝ հիշողություններն ու այնտեղ անցկացրած տարիները։ Կորուստը հատկապես ծանր են տանում Քրիստինեի ծնողները։ «Փեթակների մի մասը կարողացել ենք բերել։ Տաք եղանակին հայրս մեղուներով է զբաղվում, ձմռան ամիսներին էլ փոքր թոռնիկին է դպրոց տանում-բերում։ Եթե այդ զբաղմունքն էլ չունենար, շատ ծանր կլիներ»,- ասում է նա։ 

Ու չնայած ներկա իրողությանը՝ Քրիստինեն վստահեցնում է՝ ոչ ինքը, ոչ ծնողները չեն զղջում ժամանակին Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ 
 

կորսված հայրենիք Արցախ Քաշաթաղ Վազգենաշեն խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին