ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի հետ Չինաստանի համակարգման առնչությամբ: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Գրում է Gazeta.ru-ն։ ,
«Այս պահին մենք խորը մտահոգություններ ունենք Ռուսաստանի հետ Չինաստանի համակարգման հետ կապված, Ազգային անվտանգության գծով խորհրդականը անկեղծացել է այս և որոշ գործողությունների հնարավոր հետևանքների վերաբերյալ», - ասել է վարչակազմի պաշտոնյան: Հանդիպման ընթացքում Յան Ցզեչին ընդգծել է, որ Պեկինը միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ ՉԺՀ-ն կբախվի հետեւանքների, եթե խախտի հակառուսական պատժամիջոցները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Չինաստանի քայլերին դեպի Ռուսաստան։ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամում երկիրը հավատարիմ է չեզոքության և բազմավեկտոր մոտեցման քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ Չինաստանը կշարունակի բարելավել համագործակցությունը Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հարգանքի, օգուտների և արդյունքների շրջանակներում։