Բրազիլիայում Telegram-ի աշխատանքի կասեցումից 48 ժամ էլ չանցած՝ գերագույն դատարանի դատավորը հայտարարել է, որ հարթակը կարող է վերսկսել աշխատանքը, քանի որ կատարել է դատարանի որոշումը, հաղորդում է AP-ն:
Դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը կարգադրել էր, որ հարթակներն ու ինտերնետ-պրովայդերներն ուրբաթ օրը արգելափակեն Telegram-ը: Շաբաթ օրը նա 24-ժամյա վերջնաժամկետ է սահմանել, որպեսզի հավելվածը կատարի պայմանները, այդ թվում՝ արգելափակի կեղծ տեղեկություններ տարածող օգտահաշիվները եւ ջնջի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ալիքում գրառումները, որոնք հասանելիություն էին տալիս դաշնային ոստիկանության գաղտնի հետաքննության մանրամասներին:
Դե Մորաեսն ասել է, որ Telegram-ը կատարել է իր հրահանգնեը եւ միջոցներ է ձեռնարկում Բրազիլիայում ապատեղեկատվության դեմ պայքարի համար՝ հետեւելով երկրի 100 ամենահայտնի ալիքներին:
Դատավորի խոսքով՝ սոցիալական ցանցը նաեւ հայտարարել է, որ հարաբերություններ կհաստատի տեղեկատվությունը ստուգող ցանցերի հետ, կսահմանափակի կեղծ լուրեր տարածելու համար արգելափակված օգտատերերի հրապարակումները եւ կթարմացնի իր ծառայության պայմանները՝ ավելի շատ ստուգված տեղեկատվություն հրապարակելու համար:
Ընտրությունների տարում Telegram-ի արգելափակումը մեծ հարված կլիներ Բոլսոնարոյի համար, որը հարթակում ավելի քան 1,2 մլն հետեւորդ ունի եւ այդ գործիքը պաշտպանում է որպես հոկտեմբերին իր վերընտրվելու բանալի: