Կառավարությունն առաջարկում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին տալ նույն լիազորությունները, ինչն ուներ Հատուկ քննչական ծառայությունը։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի նիստում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։
Նրա խոսքով՝ դա կապահովի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը։ Այսպես, 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում նաեւ 2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը։ «Այսպիսով, դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը»,- պարզաբանեց Թումանյանցը։