ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ Էդմոնդ Ղազարյանին այսօր պաշտոնանկ կանեն։ Այդ պաշտոնում նշանակվելու է Միկա Հովհաննիսյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվ անդամներից է, հայտնի է Բարգավաճի Միկա անունով, ընտրությունների ժամանակ Նորք Մարաշում ձայներ է ապահովել, բիզնեսներ ունի և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի մտերիմն է՝ նրա որդու ընկերներից։
Նշենք, որ Էդմոնդ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի վարորդն է եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmDaily.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետը պատրաստվում է մի շարք թաղապետերի փոխել։ Մեզ հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքի 2 վարչական շրջանների ղեկավարությունը կստանձնեն ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ով այժմ Աջափնյակի փոխթաղապետն է, կնշանակվի թաղապետ որեւէ վարչական շրջանում։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական հնարավոր թաղապետերին, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք լինելու են ոչ թե կուսակցության առաջին դեմքերը, այլ թաղային մակարդակով հայտնի հեղինակություններ։