Spiegel հրատարակությունը պատմել է, թե ինչու է Գերմանիան կախված ռուսական էներգակիրների՝ նավթի և գազի մատակարարումից։ Գրում է Gazeta.ru-ն։
Պարբերականը հիշեցրել է, որ դեռևս 1970-ականներին եվրոպական շատ երկրներ հույսը դրեցին գազի վրա՝ որոշելով հրաժարվել ածուխից։ Բացի այդ, հոդվածի հեղինակը նշել է «սխալ պատմական զարգացումը» և «ԳԴՀ-ի ժառանգությունը», որով նա նկատի ուներ Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների կանոնավոր օգտագործումը։
«Ներկայումս ներքին բնական գազի սպառման ավելի քան 90%-ը ներկրվում է խողովակաշարերով։ Հիմնականում երեք երկրներից՝ Ռուսաստանից, Նորվեգիայից և Նիդեռլանդներից։ Իսկ Նորվեգիայից և Նիդեռլանդներից առաքումները գրեթե անհնար է մեծացնել», - նշված է Spiegel-ի հոդվածում:
Այլընտրանքը կլինի հեղուկ բնական գազը, որը կարող է մատակարարվել լցանավերով արտադրող երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Քաթարը կամ Ավստրալիան:
Ավելի վաղ Գերմանիայում հայտարարել էին ռուսական նավթից ու գազից հրաժարվելու դեպքում ռեցեսիայի ռիսկերի մասին։
Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը նույնպես դեմ է արտահայտվել Գերմանիայի կողմից ռուսական էներգառեսուրսների մատակարարման հնարավոր էմբարգոյի սահմանմանը, ասելով, որ նման որոշումը անուղղելի վնաս կհասցնի Գերմանիայի տնտեսությանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան սկսել է գազ գնել՝ շրջանցելով Ռուսաստանը, բայց նաև ստանում է ռուսական էներգակիրների մատակարարումներ։