Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը Ուկրաինայի պատճառով առաջացած խուճապը համարում է ռասիզմի դրսևորում, գրում է Breitbart-ը: ԱՀԿ-ի տնօերնի կարծիքով՝ մամուլը ուկրաինական հակամարտությանը անհամաչափ ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան Եմենին, Աֆղանստանին և Սիրիային:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը չորեքշաբթի օրը հանդես է եկել Ուկրաինայի դեպքերին նվիրվող մեծ ուշադրության քննադատությամբ և նշել է, որ դա ցավեցնում է իրեն:
Ելույթ ունենալով Ժնևում՝ ԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում, նրա ղեկավարը պահանջել է, որ միջազգային հանրությունը «հավասար ուշադրություն դարձնի սևամորթների և սպիտակամորթների կյանքին» և նույնքան մասնակցություն ցուցաբերի իր հայրենի Եթովպիայի, Եմենի, Աֆղանստանի և Սիրիայի հակամարտությունների դեպքում:
«Յուրաքանչյուր այլ վերաբերմունք ռասիզմ է»,- պնդել է նա:
«Ես վստահ չեմ, որ աշխարհն իրոք հավասար շահագրգռություն է ցուցաբերում սևամորթների և սպիտակամորթների կյանքի համար,- ասել է նա:- Ես ասել եմ այդ մասին անցած շաբաթ. այո, իհարկե, այդ ամբողջ ուշադրությունը Ուկրաինային շատ կարևոր է, քանի որ այդ իրադարձություններն ազդում են համայն աշխարհի վրա: Բայց նման ուշադրության անգամ մի չնչին մաս չի հատկացվում Տիգրային, Եմենին, Աֆղանստանին, Սիրիային և այլ վայրերին»:
Անցած ամսին էլ Թեդրոսն արել է հետևյալ հայտարարությունը. «Երկրի վրա չկա միլիոնավոր մարդկանց առողջությանը սպառնացող այնպիսի վտանգ, որպիսին Եթովպիայի Տիգրայ տարածաշրջանում է»:
Նա նաև քննադատել է ԶԼՄ-ներին Եթովպիայում շարունակվող գազանությունների փաստերը հավաքելու անկարողության համար՝ նշելով, որ այնտեղ մարդկանց ողջակիզում են և մահապատժի ենթարկում առանց հետաքննության ու դատավարության: «Ես նույնիսկ չգիտեմ, թե որքանով են լրջորեն ընկալում դա զանգվածային լրատվամիջոցները»,- ասել է Թեդրոսը:
«Ես պետք է ասեմ անկեղծորեն ու ազնվորեն. աշխարհը միանման չի վերաբերվում մարդկության տարբեր ներկայացուցիչներին,- նշել է նա չորեքբաթի օրը:- Ոմանք մյուսներից ավելի հավասար են: Եվ երբ ես ասում եմ այդ մասին, դա ինձ ցավ է պատճառում: Որովհետև ես տեսնում եմ դա»:
Աղբյուրը՝ inosmi.ru