Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և դուրս եկավ եզրափակիչ։
Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո Էմերիի սաները հաղթում էին 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ արդեն 3-րդ րոպեին դարձավ Բուլայե Դիան, իսկ 41-րդ րոպեին Ֆրենսիս Կոկլենը կրկնապատկեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում լիվերպուլցիները կարծես կերպարանափոխվեցին և 3 անգամ գրավելով դաշտի տերերի դարպասը հաղթանակի հասան նաև պատասխան խաղում։ Գոլերի հեղինակ դարձան Ֆաբինյոն, Լուիս Դիասը և Սադիո Մանեն։
86-րդ րոպեին «Վիլյառեալի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Էթիեն Կապուն։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ առավելության էր հասել 2-0 հաշվով։ Եզրափակչում «Լիվերպուլի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր, «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումից հետո։