Next Shark պորտալի փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդն արդեն 26 անգամ հանձնել է ընդունելության քննությունները և մտադիր է Սիչուանի համալսարանի ուսանող դառնալ։ Գրում է Gazeta.ru-ն։
Համալսարան ընդունվելու իր առաջին փորձը նա արել է դեռևս 1983 թվականին, այնուհետև երբեք չի կարողացել հավաքել անհրաժեշտ անցողիկ միավորը։ Այս ընթացքում 55-ամյա տղամարդը բիզնեսում հաջողությունների է հասել, ունի շինանյութի արտադրության սեփական ընկերությունը, սակայն բարձրագույն կրթության դիպլոմը դարձել է նրա հիմնական նպատակը։
«Հենց նոր դարձա 55 տարեկան, դեռևս երիտասարդ եմ։ Պատմություն ու աշխարհագրություն ուսումնասիրելու հետ կապված դեռ խնդիրներ չունեմ, կշարունակեմ փորձերս»,- նշել է «հավերժ դիմորդ» Լիանգ Շին։
Անցյալ տարի տղամարդը կարողացել է 750 միավորից հավաքել 403 միավոր, նրան պակասել է հարյուր միավոր՝ համալսարան ընդունվելու համար։
Նոր ուսումնական տարում չինացին նախատեսում է բարելավել սեփական արդյունքը և վերջապես ստանալ ուսանողական վկայական։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շանհայում սոված տղամարդն իր կատվին նարինջի հետ է փոխանակել։