Հյուսիսային Կորեայում «տենդով» վարակվածների թիվը հասել է 2,46 մլն մարդու՝ դա երկրի բնակչության գրեթե 10%-ն է։ Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաղորդել են տենդի 219,030 դեպքի և օրական երկու մահվան մասին:
Նշվում է նաև, որ 1,76 մլն բնակիչ ապաքինվել է, 692 հազարը ներկայումս բուժվում է։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում տենդով հիվանդների թիվը գերազանցել էր 2,2 միլիոնը։
ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ երկրում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն ստույգ տվյալներ չկան այն մասին, թե բարձր ջերմությամբ քանի հիվանդ է վարակվել COVID-19-ով։
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հայտնել է երկրի պատմության մեջ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին։