Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Ղարաբաղի ապագայով, ապա իր հարցերն ու հայտարարությունները կուղղեր ոչ թե Հայաստանի խորհրդարանին, այլ, իշխող ուժի հետ համագործակցելով, միջազգային կառույցներին՝ միջազգային մակարդակով համապատասխան շրջանակ ձեւավորելու համար։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 26-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Լրագրողները, մասնավորապես, հարցրեցին, թե իշխող ուժի անդամները կհամաձայնեին արդյոք այնպիսի փաստաթղթի հաստատմանը, որում ասվում է, որ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
«Եթե մենք ուզում ենք որեւէ հարցի հայանպաստ լուծում, ապա մեզ պետք է համախմբում եւ համատեղ աշխատանք։ Իսկ Հայաստանի տարածքում Ղարաբաղի դրոշները տեղադրելու մեջ որեւէ հերոսություն չկա։ Իմ աշխատասենյակում Ղարաբաղի դրոշը վաղուց դրված է, եւ ես դա հերոսություն չեմ համարում»,- ասաց Վարդանյանը։