Հյուսիսային Կորեայում մեկ օրում բարձր ջերմություն գրանցվել է մոտ 90 հազար քաղաքացու մոտ, ընդհանուր առմամբ հիվանդացել է ավելի քան 3,27 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ապրիլի վերջից մինչև մայիսի 26-ը ջերմություն ունեցած հիվանդների թիվը կազմում է մոտ 3,36 մլն մարդ, որոնցից մոտ 3,16 մլն-ը (93,955%) արդեն ապաքինվել է, իսկ մոտ 203 հազարը դեռևս բուժվում է։ Ճշգրիտ տվյալներ այն մասին, թե տենդով հիվանդների կոնկրետ որ մասնաբաժինը հիվանդ է COVID-19-ով, չի տրվում։
Հրապարակման մեջ նշվում է, որ համաճարակը երկրում «արդյունավետորեն զսպված և վերահսկելի է», իրավիճակը կայուն է, իսկ առավելագույն արտակարգ հակահամաճարակային համակարգի գործարկումից հետո հիվանդացությունն ու մահացությունը զգալիորեն նվազել են, իսկ ապաքինվածների թիվը՝ աճել։
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հայտնել է երկրի պատմության մեջ կորոնավիրուսով վարակման առաջին կասկածելի դեպքի մասին։
Երկրում «տենդի» դեպքերի ի հայտ գալու պատճառով ԿԺԴՀ-ն գործի է դրել «ամենաբարձր մակարդակի արտակարգ հակահամաճարակային համակարգ», պետության ղեկավար Կիմ Չեն Ընի ցուցումով շրջափակում է մտցվել բոլոր քաղաքներում ու շրջաններում։ Փհենյանն այս փուլում արտաքին օգնություն չի ընդունում։