Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության վեցերորդ օրը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշայի Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մենամարտել է Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ և պարտություն կրել է մրցավարների անարդար որոշումների արդյունքում:
Մանասյանի առավելությամբ անցած մենամարտի առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին՝ 4-1, երկրորդ ռաունդում մրցակիցը, թեև նկատողություն ստացավ, բայց հաղթանակը շնորհվեց նրան՝ 4-1, երրորդ ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին իսպանացուն՝ 5-0:
Մենամարտի ավարտից հետո Նարեկ Մանասյանը, հավաքականի մարզիչների հետ, դժգոհ լինելով մրցավարների որոշումներից, հրաժարվեց լքել ռինգը: Նրանց միացան նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, ովքեր ևս դժգոհ էին մրցավարների գործողություններից ավելի վաղ կայացած մենամարտի արդյունքում:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացել Հայաստանի հավաքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63.5 կգ)։