f

Անկախ

Ֆինանսական մոտիվացիան չի լինում 10+10 դրամ տրամաբանությամբ․ երիտասարդ գիտաշխատող


 «Վերջին տասնամյակներին Հայաստանում գիտության ոլորտում տեղի ունեցավ մեծագույն ողբերգությունը՝ զրկվեցինք միջին տարիքի սերնդից, որն  ավագ սերնդի գիտելիքները փոխանցում էր կրտսեր սերնդին»,- ասում է ՀՀ ԳԱԱ Ա․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի  ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Ռաման Մնացականյանը։ Նրա խոսքով՝ կորստի հետևանքով ներկայում երիտասարդները մեծամասամբ չունեն բավարար գիտելիքներ գիտության ոլորտում ստեղծագործաբար աշխատելու համար։ Գիտնականն ընդգծում է՝ մտավոր պոտենցիալ ունենք, բայց այդ կադրերի մեծ մասն  արտերկրի հեղինակավոր կենտրոններում են աշխատում։ Իսկ մեր երկրի համար նոր կադրեր պատրաստելը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, որը վստահ չէ, որ ներկա պայմաններում ունենք։

 Մնացականյանը նաև նշում է՝ անգամ առկա պոտենցիալը չենք օգտագործում, այդ պայմաններում արդյո՞ք նորը ստեղծելու անհրաժեշտությունը կգիտակցվի․ «ԽՍՀՄ տարիներին Վանաձորի քիմիական կոմբինատը միլիոնավոր տոննաներով  արտադրել  է  ազոտական պարարտանյութեր։ Դա ստանալու համար ընդամենը պետք է էներգիա,  բառացիորեն օդից և ջրից է ստացվում ազոտական պարարտանյութը։ Իսկ այսօր դա ներկրում են, մեկ պարկ պարարտանյութի  արժեքը մեկ տարում 3-4 անգամ բարձրացել է։ Մենք ունենք դա արտադրելու  պոտենցիալը, մեծ ներդրումներ էլ պետք չեն, բայց մարդիկ բիզնես շահին են հետամուտ»։ 

Նույն ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանն էլ նշում է, որ երիտասարդների համար գիտությունը գրավիչ չէ ֆինանսական կողմի պատճառով։ «Ողջ աշխարհում գիտության ոլորտում մոտիվացնող  գործոն է ոչ միայն գիտական հայտնագործությունը, այլ նաև ֆինանսը, որը հնարավորություն է տալիս մարդուն ապրել և  ստեղծագործել»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք  այս տարվա գիտության ֆինանսավորման ավելացմամբ երիտասարդների համար գիտության գրավչությունը մեծացնելու խնդիրը լուծվել է, Դավթյանն առաջարկում է համեմատել գիտաշխատողի աշխատավարձը և սպառողական զամբյուղը․ «Ունեինք մասնագետ, որ մինչ այս ստանում էր 68 հազար դրամ և հետևաբար զբաղվում էր և գիտությամբ, և այլ աշխատանքով, որպեսզի կարողանա ապրել։ Այդ մասնագետի աշխատավարձը հիմա  մոտավորապես դարձել է 114 հազար դրամ։ Արդյոք դրանով խնդիրը լուծվե՞ց։ Ֆինանսական մոտիվացիան չի լինում 10+10 դրամ տրամաբանությամբ։ Մոտիվացնելու համար պետք է այնպես անել, որ մարդ տուն գնալուց որոշ ժամանակ  այլ աշխատանքի մասին չմտածի»։

 Դավթյանը նաև շեշտում է՝ եթե գիտնականի նվիրվածությունը և աշխատանքը համապատասխանորեն չեն գնահատվում, աշխատելու  մոտիվացիան աստիճանաբար նվազում է։

 Թե Ռաման Մնացականյանը, թե Դավիթ Դավթյանը նշում են, որ հայաստանյան իրականությունում կառավարությունն ու գիտությունը միմյանցից կարծես անջատ են գործում․ պետությունը գիտական արդյունքների շահառուն և օգտագործողը չէ։

 «Գիտաշխատողներս  զբաղվում ենք  գիտությամբ, իսկ արդյունքներն ո՞ւմն են պետք։ Գիտնականի ստեղծած պրոդուկտն օգտագործվում է մեկ այլ պրոդուկտ ստեղծելու կամ բարելավելու համար։ Բայց  ձեռներեց-գիտություն  կապը Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասում է Դավթյանը՝ հավելելով, որ կա նաև մշակույթի խնդիր․ հայաստանյան ընկերությունները նախընտրում են գումար ծախսել և արտերկրից պատրաստի տեխնոլոգիական լուծում գնել, բայց այդ նույն, գուցե ավելի կատարյալ տեխնոլոգիան տեղի գիտնականների հետ համագործակցությամբ ստանալուն պատրաստ չեն։

 «Արդյունքում, օրինակ, մեր խումբը գիտությամբ  է  զբաղվում իր գիտական հետաքրքրությունները բավարարելու համար։ Ինչպես նկարիչը նկարելու կարիք ունի, այդպես էլ մենք գիտությամբ զբաղվելու կարիք ունենք։ Կարելի է ասել՝ մենք արվեստագետներ ենք այս առումով»,- ասում է Դավթյանը։

 

Ռաման Մնացականյան

Ռաման Մնացականյանն էլ ասում է, որ իրենց համար մոտիվացնող է միջազգային գիտական հանրության կողմից գնահատված լինելը։ Որպես օրինակ պատմում է՝ գիտական ամսագրի խմբագրությունն իրենց է ուղարկել երեք հեղինակավոր գրախոսողների անվանական կարծիքներն իրենց հոդվածի մասին։ «Սովորաբար հեղինակներն անգամ գրախոսողների անունները չեն իմանում։ Իսկ այս դեպքում մեզ էին ուղարկել, քանի որ երեք հեղինակավոր մասնագետներն էլ նշել էին, որ հոդվածը պետք է անմիջապես տպել։ Նման  գնահատականները մեզ համար ամենամեծ բավականությունն են»,- ասում է նա։

 Դավիթ Դավթյանը նշում է՝ խնդիր կա ոչ միայն տնտեսություն-գիտություն, այլ նաև կրթություն-գիտություն համագործակցություն առումով։  Ասում է՝ ունենք աշխարհահռչակ մասնագետներ, որոնց արտասահմանյան համալսարանները խնդրում են, որ իրենց ուսանողների համար 1-2 դասախոսություն կարդան։ Բայց այդ մասնագետների ներուժը հայաստանյան բուհերը չեն օգտագործում, ավելին, այնպիսի մթնոլորտ է, որ մասնագետն ինքը պետք է խնդրի, որ իրեն դասախոսություն կարդալու հնարավորություն տան։

 «Այս ամենի պատճառով, օրինակ, քիմիկոսների  մեծ մասն ավարտելուց հետո  հաշվապահ կամ ծրագրավորող են դառնում»,- ասում է նա՝ հավելելով, որ որպես հետևանք  անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող քիմիկոս մասնագետներ Հայաստանում գտնելը բարդ է։

Երիտասարդ գիտաշխատողը նշում է՝ Հայաստանում շատ բան արվում է պարզապես անելու համար, ինչն էլ նաև գիտության ոլորտի խնդիրների հիմքն է։

 Որպես օրինակ ասում է՝ 2021-ին ինքը եղել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողներից մեկը․ «Մինչ օրս որևէ պետական մարմնից կապ չեն  հաստատել մեզ հետ ու հարցրել՝ լավ բան էիք ասում, շահեցիք, բա հետո ի՞նչ եղավ»։

 Մեկ այլ օրինակ էլ է բերում։ Ժամանակին կառավարությունը մասնագետների բազա էր ձևավորում։ Դավթյանն ասում է՝ միայն 100 մասնագետի ինքն է առաջարկել ինքնակենսագրական ուղարկել։ Բայց մինչ օրս նրանցից և ոչ մեկին չեն կանչել գոնե հարցազրույցի։  «Այդ 100 մասնագետներից 15-ն այս ընթացքում  արտագաղթել են Հայաստանից և աշխատում են ընկերություններում, որոնց բյուջեն Հայաստանի բյուջեից մեծ է,- ասում է Դավթյանը և փոխակերպում Մոնթեի խոսքերը։-Մի խմեք գիտության կենացը, դրա փոխարեն ոլորտն արդյունավետ կառավարեք։  Ընդ որում մենեջմենթը թուղթ գրելը չէ»։ 

Թե Դավթյանը, թե Մնացականյանը կարևորում են, որ երկրի մակարդակով  գիտական արդյունքները պահանջված լինեն, պետական մարմինները, մասնավոր սեկտորը հետաքրքրություն ցուցաբերեն արձանագրվող գիտական արդյունքների հանդեպ։

«Գիտությունը շարժիչ ուժ է, բայց որպեսզի այն գործի, այդ ինչ-որ մի բանը պետք է լինի, որը պետք է շարժի  գիտությունը»,- ասում է Դավթյանը՝ հավելելով, որ գիտության հետ համագործակցության հաջողված փորձի պակաս աշխարհում չկա և ցանկության դեպքում այն կարելի է տեղայնացնել։

 

գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի գիտություն երիտասարդ գիտնականներ Գիտության կոմիտե ԿԳՄՍՆ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին