Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն կոչ է արել «դադար» վերցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանումից հետո։ РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Բելգիական կողմից, ես կարծում եմ, որ վեցերորդ փաթեթը մեծ քայլ է առաջ, և ես կարծում եմ, որ մենք պետք է դադար տանք հիմա: Պետք է գործի դնել այս փաթեթը և տեսնել դրա հետևանքները»,- ասել է Բելգիայի վարչապետը։
Միաժամանակ նա հավելել է, որ ռուսական գազից հրաժարվելու որոշում կայացնելն էլ ավելի դժվար կլինի։
Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է էմբարգո Ռուսաստանից նավթի ավելի քան երկու երրորդի ներմուծման վրա, Сбербанк-ի անջատում SWIFT միջազգային ֆինանսական հաղորդագրությունների համակարգից, ևս երեք ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման արգելք և ռուսների նկատմամբ անձնական պատժամիջոցների ընդլայնում։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ արևմտյան պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի կամ ռուսական ռազմական ղեկավարության, այլ ուղղակիորեն հասարակ ժողովրդի դեմ։