ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ մասնակի էմբարգոյի սահմանումից հետո ԵՄ-ն չի կարողանա խանգարել Ռուսաստանին նավթ վաճառել երրորդ երկրներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Ռուսաստանի հիմնական հաճախորդն» է այս ոլորտում, սակայն այժմ նա «պետք է ուրիշներին փնտրի»։
Նա ենթադրել է, որ ԵՄ-ի որոշումից հետո Ռուսաստանը «ստիպված կլինի նվազեցնել գները»։ Բորելը նաև նշել է, որ պատժամիջոցների նպատակը «ռուսական բանակին ֆինանսավորումից զրկելն է»։
Մայիսի 31-ին ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը, մասնավորապես, ենթադրում է Ռուսաստանից նավթի ավելի քան երկու երրորդի ներմուծման արգելք։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ մինչև տարեվերջ Եվրոպա ներկրվող ռուսական նավթի 90%-ը կարգելվի։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանից խողովակաշարային նավթը չի ընկնի պատժամիջոցների տակ։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ երկրները, հակառուսական պատժամիջոցներ սահմանեցին։