Լեհաստանի կառավարությունն ընդլայնել է երկրի քաղաքացիների համար անտառներում ցախ հավաքելու հնարավորությունները՝ ի պատասխան էներգիայի գների թանկացման: Այս մասին երկուշաբթի հայտնել է Gazeta Wyborcza թերթը։
«Այս տարի, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և էներգետիկ շուկայում առկա խնդիրներից հետո, ավելացել է անտառտնտեսություններին ուղղված հարցումների թիվը՝ տարածքները նշելու և մոտակա անտառներում ցախ հավաքելու վերաբերյալ համաձայնության խնդրանքով», - թերթը մեջբերում է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի փոխնախարար Էդվարդ Սյարկայի հայտարարությունը։
«Մենք զգալիորեն ընդլայնում ենք լեհերի հասանելիությունն անտառից ինքնուրույն փայտանյութ ստանալուն: Խոսքը վառելափայտ հավաքելու մասին է, հիմնականում՝ ճյուղեր, բայց լեհերին կարող ենք ապահովել նաև ավելի հաստ գերաններով»,- Polsat հեռուստաալիքի եթերում պարզաբանել է Լեհաստանի պետական անտառների գլխավոր տնօրինության խոսնակ Միխալ Գզովսկին։
Ըստ Լեհաստանի գլխավոր վիճակագրական ծառայության տվյալների՝ մայիսին հանրապետությունում վառելիքը նախորդ տարվա համեմատ թանկացել է 35,4%-ով, էլեկտրաէներգիան թանկացել է 31,4%-ով։