ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 2021 թվականի հունվարի 6-ին անկարգություններ կազմակերպած և Կապիտոլիում ներխուժած ուժերը շարունակում են գործել երկրում մինչ օրս։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ հունվարի 6-ի անկարգությունները «դաժան հարձակում են Միացյալ Նահանգների ժողովրդավարության վրա»։ Նա նշել է, որ «կարևոր է, որ ամերիկացի ժողովուրդը հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։
2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները։ Միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ ոստիկանների կողմից գնդակահարված ցուցարարը և Կապիտոլիումի ոստիկանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը վրդովված է, որ իր նախկին աշխատակիցները վկայություն են տալիս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, որը հետաքննում է Կապիտոլիումի գրոհը։
The New York Times պարբերականը, վկայակոչելով հեռախոսազրույցի ձայնագրությունը, հաղորդում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթիին ասել է, որ ինքը մասամբ պատասխանատու է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների համար:...