Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո ստացել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը հղումով։
Ժան Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախակողմյան դաշինքն ստացել է ձայների 31,6 տոկոսը, Մարին Լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը՝ 17,3 տոկոսը, իսկ «Հանրապետականները»՝ 6,98 տոկոսը։
Այսպիսով՝ ընտրությունների արդյունքները փաստում են, նոր Մակրոնի դաշինքը չի ստացել Ազգային ժողովում մանդատների բացարձակ մեծամասնությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ «Միասի՛ն» դաշինքը ստանալու է 245 մանդատ, իսկ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն»-ը՝ 131։ «Ազգային միավորում» կուսակցությունն ու «Հանրապետականները» ստանալու են 89 և 61 մանդատ համապատասխանաբար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կիրակի՝ հունիսի 19-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն էր։ Ընտրություններին մասնակցում էին «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը (նախկինում կոչվում էր «Առա՛ջ, Հանրապետություն»), «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները: Ընտրություններին մասնակցում էին նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը, ինչպես նաև Մարին Լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն ու Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։