«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի գործով դատավոր Դավիթ Բալայանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
«Տվյալ դեպքում կողմնակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ ու գործով իրականացնել անկողմնակալ քննություն:
Նկատի ունենալով վերոգրյալը գտնում եմ, որ սույն գործով պարտավոր եմ հանյտնել ինքնաբացարկ»։
Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Լյովա Բաղդասարյանը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ նշված հիմնարկում ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաեւ քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։